f

Անկախ

Կյանքը պայքար է, պետք է պայքարես, որ հասնես, քո նպատակին․ քաշաթաղցի


Պատմության փորձն է ցույց տալիս, որ հաջողելու համար մենք պետք է միասնական լինենք։ Հենց կարողանանք միասնական դառնալ, հզոր բանակ և բանիմաց ղեկավար ունենալ, կկարողանանք մեր կորցրած հողերը հետ բերել, կարծում  է Արցախի Քաշաթաղի շրջանի Քաշունիք գյուղի դպրոցի պատմության ուսուցչուհի Բելլա Հովհաննիսյանը։

Նա վստահ է՝ գալու է այն օրը, երբ Արցախի կորսված տարածքները նորից կազատագրվեն ու կբնակեցվեն հայերով։ Հատկապես հույս է կապում մատաղ սերնդի հետ, ասում է՝ երբ մեծանան, իրենց ծնողների վրեժը կլուծեն։ Որպես օրինակ իր աշակերտին է նշում, որը Եռաբլուրում հոր շիրիմի առաջ երդվել է նրա  վրեժը լուծել թշնամուց։ Մատնանշում է նաև իր 15-ամյա որդու օրինակը, որը ցանկանում է զինվորական դառնալ, քանի որ մենք ազատագրելու հողեր ունենք։

 Բելլա Հովհաննիսյանը որպես հրավիրված մանկավարժ երեք երեխաների հետ Արցախ է տեղափոխվել 2011-ին։ Հենց այդ տարի էլ նրա ավագ դուստրն ընդունվել է  Գրիգոր Ճաղարյանի անվան միջնակարգ դպրոց, իսկ ինքը սկսել  դասավանդել նույն դպրոցում։ 

«Առաջին իսկ պահից, երբ ոտք դրեցի այդ հողի վրա, սիրեցի այն։ Իմ երեխաների լավագույն մանկությունը և երջանիկ պահերն Արցախում են անցել»,- ասում է Հովհաննիսյանը։ 

Հիշում է՝ երբ սարի ճանապարհով դեպի ձորակի մեջ տեղավորված փոքրիկ գյուղն էր գնում, դեռ իր նոր բնակավայր չհասած արդեն սիրահարվել էր տեղանքին, դրախտային բնությանը։ «Արցախ աշխարհն իր  բոլոր գույներով ու  հպարտ լեռներով հուշերիս մեջ է մնացել»,- ասում է նա։ Իսկ երբ գյուղ են հասնում ու զգում է համագյուղացիների ջերմ ընդունելությունը, շատ արագ գյուղում յուրային է դառնում։ «Սկզբնական օրերին մեկը կաթ ու մածուն էր բերում, մյուսը հավկիթ։ Ամեն մեկը մի բանով օգնում էր, մինչև կհարմարվեինք նոր պայմաններին»,- պատմում է նա՝ հավելելով, որ սկզբում Քաշունիք էր գնացել այնտեղ 1-2 տարի աշխատելու, ապա կրկին Երևան վերադառնալու մտադրությամբ, բայց գյուղի միասնականությունը, մեկը մյուսի հոգսով և ուրախությամբ ապրելու մթնոլորտը պատճառ են դառնում, որ իր ու իր երեխաների ապագան ընդմիշտ կապի Քաշունիքի հետ։ 

Հարցին, թե դժվար չէր Երևանն ընդմիշտ թողնելու և հեռավոր գյուղական բնակավայրում հաստատվելու որոշում կայացնելը, Հովհաննիսյանն ասում է․ «Երբ աշխատանքի հրավեր ստացա, մտածեցի՝ մարդիկ պայքարել են ու հող ազատագրել։ Իսկ իմ պարտականությունն է մեկնել այնտեղ ու մատաղ սերնդին կրթել, նրանց մեջ սերմանել հայրենասիրության վեհ ոգին»։ Վստահեցնում է՝ երբ առաջին անգամ ոտք է դրել դպրոց, տեսել երեխաների ուսումնատենչ հայացքները, էլ ավելի է հաստատակամ դարձել իր որոշումը՝ իր լուման ունենալ մատաղ սերնդի կրթության գործում։ 

Հովհաննիսյանն ասում է՝ երբևէ չի զղջացել Արցախ տեղափոխվելու որոշման համար, այնտեղ են անցել իր երիտասարդ տարիներն ու իր երեխաների մանկությունը, Քաշունիքի հետ են կապված լավագույն հուշերը, և հնարավորության դեպքում թե ինքը, թե իր երեխաները կրկին հայրենի դարձած Քաշունիք կվերադառնան։

Պատմում է՝ ոչ գյուղատնտեսական գործիք էր տեսել, ոչ էլ գիտեր, թե ինչպես դրանք օգտագործել։ Բայց հաստատակամ էր տնտեսություն հիմնելու գործում։ Ասում է՝ իրենց բակը պատված էր մոշի թփերով։ Հարևաններից վերցրած գործիքներով աստիճանաբար իր հողատարածքը մաքրել է մոշից, ապա վարել, իսկ երրորդ տարին Մեղրի գնացած համագյուղացուն խնդրել է, որ այնտեղից նռան և արքայանարինջի  տնկիներ բերի։ Ողջ գյուղը մեկ մարդու պես օգնել  է նրան, և երկու օրվա ընթացքում մեկ հա այգի են տնկել։ 

«Մեկը փոսն էր փորում, երկրորդը թել էր կապում, որ ուղիղ լինի, երրորդը ջրում էր»,- պատմում է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր այգին խնամել ու բերքատու է  դարձրել գյուղի սիրիահայ վերաբնակների աջակցությամբ։ Ասում է՝ նրանք այգեգործության վարպետներ էին ու ամեն հարցով նրանց խորհրդատվությանն էր դիմում։ Արդյունքում 2020-ին իր այգին արդեն ծաղկել էր ու բերք բռնել։ Հիշում է՝ դպրոցից տուն գալիս առաջինը այգի էր մտնում, ուսումնասիրում, թե ինչ վիճակում են ծառերը, ինչ փոփոխություն կա, հետո միայն տուն էր մտնում։ Իր ու իր երեխաների քրտնաջան աշխատանքով ստեղծված այգու բերքը, սակայն, վայելել չհասցրեցին, վրա հասավ պատերազմը։ 

Սեպտեմբերի 29-ին Քաշունիքի բնակիչներին զգուշացնում են, որ պետք է ժամանակավորապես լքել գյուղը, քանի որ վտանգավոր է։ «Եթե իմանայի, որ դա իմ վերջին օրն էր, տանս ու ամեն մի մանրուքին մի քիչ ավելի երկար կնայեի որպես մնաս բարով,  այն տանը, որտեղ  անցել են  իմ երիտասարդ տարիները, երեխաներիս մանկությունը։ Երբեք չէի պատկերացնի, որ գյուղիս ու տանս  մասին անցյալով կխոսեմ՝ գտնվելով նրանից հեռու»,- ասում է նա։ Հովհաննիսյանը շեշտում է՝ այնքան վստահ էին, որ մի քանի օրից պատերազմն ավարտվելու է մեր հաղթանակով և իրենք կրկին իրենց գյուղ են վերադառնալու, որ փաստաթղթերից բացի ոչինչ չեն վերցրել հետները։ Հիշում է՝ որդին իրենց մանկության նկարներով ալբոմն էր հետը վերցրել, ինքը բարկացել է, թե ինչու է հետը վերցնում, միևնույն է, մի քանի օրից հետ են գալու։ Արդյունքում հիմա անգամ ընտանեկան նկար չունեն, ամեն բան մնացել է թշնամու տիրապետության տակ։

«Տղաս սիրում էր ձկնորսությամբ զբաղվել, կարթը վերցնում ու գետ էր գնում, աղջիկներս հետս չիր էին սիրում պատրաստել։ Ամառները շատ հետաքրքիր էին անցնում, հավաքվում էինք գետի ափին, երեխաները լողում էին, բնակիչներով  միջոցառում էինք կազմակերպում, որը վերածվում էր քեֆ ուրախության։ Ու մինչ օրս երեխաներս անընդհատ հիշում են, թե ինչ լավ օրեր են ունեցել այնտեղ»,- ասում է նա։

Խոսելով 2011-ի և 2020-ի Քաշունիքի մասին՝ Հովհաննիսյանն ասում է, որ գյուղի առաջընթացն ակնհայտ էր․ արդեն ունեին ինտերնետ կապ, գիշերային լուսավորություն, վարչակազմը բնակիչներին շինանյութ էր հատկացրել ու տները վերանորոգել էին, շատերը նոր կահույք էին գնել, ճանապարհների վիճակն էր բարելավվել։ Եթե սկզբնական տարիներին գյուղի դպրոցում մասնագետների խիստ պակաս կար, ապա վերջում արդեն կադրերի հոսք էր նկատվում։ Գյուղում նաև թութունագործությունն էր զարգանում, և անգամ օրավարձով աշխատողների կարիք կար թութունի դաշտերում։

Հովհաննիսյանը գյուղի կենսամակարդակը գնահատում է որպես միջին։ Ասում է՝ աշխատողն ապրում էր։ Գյուղացիները հիմնականում հողագործությամբ կամ անասնապահությամբ էին զբաղվում, ամեն մեկն արդեն ուներ իր սպառման շուկան,խանութները, որոնց հետ պայմանագրեր ունեին,  իրենց տեղը առևտրականներն էլ գիտեին, բերքի սեզոնին գալիս էին ու մթերում ապրանքը։

Ասում է՝ բոլորն էլ իրենց ապագան գյուղի հետ էին կապում, սովորելու գնացած երիտասարդներն էլ հայրենի գյուղ էին վերադառնում։ «Գնում, սովորում ու հետ էին գալիս, երիտասարդներն  իրենց ապագան գյուղի հետ էին կապում։ Այնտեղ առաջընթացը նկատելի էր, ապրուստ հնարավոր էր վաստակել, ուստի և չէին հեռանում»,- ասում է նա։

Խոսելով նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին՝ պատմում է, որ այդ լուրն իմանալուց հետո մեկ շաբաթ անկողին է ընկել։ Չէր ուզում ու չէր կարողանում հավատալ նոր իրողությանը։

«Հույս ունեինք, որ պետք է հաղթենք ու մեր գյուղ վերադառնանք։ Նոյեմբերի 9-ից հետո էլ մտածում ենք, թե ոնց կարելի է այսպես ապրել՝ անտուն, անտեղ, անաշխատանք։ Դա է մեր խնդիրը, բոլորս էլ վարձով ենք ապրում, չունենք աշխատանք, յոլա ենք գնում պետության տված աջակցության գումարներով»,- ասում է նա՝ հավելելով, որ երազում է, որ նորից կարողանա իր ու իր երեխաների համար սեփական անկյուն ստեղծել, որ երեխաները կկարողանան կրթություն ստանալ ու կյանքում իրենց տեղը գտնել, ինքն էլ կկարողանա նորից իր սիրելի աշխատանքով զբաղվել։ Հպարտությամբ է նշում՝ թե իր երեք երեխաները, թե իրենց գյուղից տեղահանված մյուս աշակերտները դպրոցում շատ լավ են սովորում։ «Արցախում երեխաները կարդում էին։ Այստեղ ամառն անցավ, որևէ երեխայի ձեռքին գիրք չտեսա։ Այնտեղ նաև կրթությունն էր այլ։ Օրինակ՝  մենք պատմական տարբեր ժամանակաշրջաններին առնչվող պաստառներ ունեինք, որով նյութն ավելի հեշտ էին սերտում երեխաները։ Այստեղ նման բան չկա»,- ասում է նա։ 

Խոսելով չդադարող կորուստների մասին՝ Հովհաննիսյանը փաստում է․ «Դարեդար պայքարել ենք պետականություն ունենալու համար,  հիմա պետականություն ենք կորցնում, իսկ մեր ժողովուրդը լուռ հետևում է»։ Նա վստահ է՝ փրկության գաղտնիքը միասնության մեջ է։ Միայն համախմբվելով կկարողանանք հաղթահարել այս փորձությունը և պայքարել մեր կորցրածը հետ բերելու համար։

«Իմ կարծիքով՝ մեր ապաշնորհ ղեկավարությունն է մեղավոր, որ կորուստների շղթան շարունակվում է։ Եթե մենք ունենայինք խելամիտ, դիվանագետ, հասկացող և գիտակ երկրի առաջնորդ, մենք կորուստներ չէինք ունենա։ Ամեն քայլափոխի ինքը պատրաստ է տարածքներ զիջել։ Մինչդեռ  տարածքները պետք է չզիջենք, տարածքների համար պետք է պայքարենք,- ասում է նա։- Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքն եմ ուզում հիշեցնել՝  բռունցքդ խփիր սեղանին ու ասա՝ ես քեզ հող չունեմ տալու։ Այ այդ տեսակ ղեկավար է մեզ պետք, որ կարողանանք հասնել մեր երազանքին։  Մենք Արարատ ու Արևմտյան Հայաստան էինք հետ բերում, բայց մեր ունեցածն էլ կորցրեցինք։ Հիմա  մեզ պետք է միասնություն և մի խելացի ու գիտակ առաջնորդ»։

Հարցին, թե ներկա պայմաններում ինչպես է կարողանում լավատեսությունը պահպանել և հավատալ, որ կկարողանանք կորցրածը հետ բերել՝ Հովհաննիսյանը շեշտում է, որ կյանքը պայքար է, քանի ապրում ես, պետք է պայքարես․ «Ես լավ եմ ասում, որ լավ լինի։ Լավատեսությունն է, որ ինձ ուժ է տալիս։ Եթե կյանքից հիասթափվեցի, իմ երեխաներն էլ ինձնից նույնն են սովորելու։ Մինչդեռ կյանքը պայքար է, պետք է պայքարես, որ հասնես, քո նպատակին»։

 

կորսված հայրենիք խմբագրի ընտրանի Արցախ Քաշաթաղ Քաշունիք 44-օրյա պատերազմ Հայաստան

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին