Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
Սերբիայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում վստահ հաղթանակով հռչակվեց բրոնզե մեդալակիր: 61 կգ քաշայինների պայքարում Հարությունյանը բրոնզե մեդալը վիճարկեց ԱՄՆ ներկայացուցիչ Սեթ Էնթոնի Գրոսի հետ և ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին՝ հաղթեց ժամանակից շուտ 12:0 հաշվով:
Հարությունյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 12:2 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջահոնգիրմիրզա Տուրոբովի նկատմամբ։ Գոտեմարտը տևել էր 2 րոպե։ Քառորդ եզրափակչում 0:10 հաշվով պարտվել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուտիին, որը դուրս է եկել եզրափակիչ։
Սփոփիչ գոտեմարտում Հարությունը մրցեց ալբանացի Իսլամ Դուդաևի հետ և համառ պայքարում կամային հաղթանակ տարավ 12:11 հաշվով:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ավարտեց պայքարը աշխարհի առաջնությունում մեկ բրոնզե մեդալով: