f

Անկախ

Եթե երեխայիդ վտանգ է սպառնում, չե՞ս պաշտպանում։ Նույնն էլ սա է։ Հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է, ոչ թե պատիժ․ Անահիտ Քոսակյան


«Մարդն ինքը պետք է որոշի՝ ուզո՞ւմ  է ունենալ պետություն, թե՞ ուզում է լինել ստրուկ։ Այդ մտավախությունն ինձ տանջում է, վախենում եմ, թե որը կընտրենք ի վերջո։ Բայց ուզում եմ հավատալ, որ մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ է ու ճիշտ ուղու վրա կկանգնի։ Եթե այսքան տարի գոյատևել ենք, ուրեմն նման դժվարին պահեր շատ ենք ունեցել։ Պիտի որ բանականությունը հաղթի»,- ասում է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի Վահան Թեքեյանի անվան  թիվ 1 դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը՝ խոսելով Հայաստանի ու հայության առջև ներկայում ծառացած մարտահրավերների մասին։ 

Տիկին Քոսակյանը վստահ է՝ մեր հայրենիքից որևէ թիզ թշնամուն զիջելով չենք կարող ոչ խաղաղություն ձեռք բերել, ոչ էլ հանգիստ ապրել։ Պետք է միայն կարողանանք այս խառը ժամանակներում ամուր մնալ ու պահպանել մեր երկիրը։ Այդ պարագայում ապագայում կկարողանանք հետ բերել նաև Արցախի  մեր կորցրած հողերը։ Ասում  է՝ Արցախում ծնված ու մեծացած սերունդը այդ հարցն այսպես թողնել չի կարող, ի վերջո նրանք կազատագրեն իրենց կորսված հայրենիքը։ 

«Ջուրը չի կարող միշտ պղտոր մնալ։ Եթե կա շարժում, ջուրն ի վերջո կպարզվի։ Գուցե ինձ բախտ չվիճակվի նորից տեսնել մեր ազատագրված հայրենիքը, բայց ես հավատում եմ, որ այդ հողերը նորից մերն են լինելու»,- ասում է նա։

Անահիտ Քոսակյանն ընտանիքով Բերձորում է հաստատվել 1999-ին։ Հիշում է՝ ինքն ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան շարժմանը, իսկ ամուսինը որպես տանկային դասակի հրամանատար 1992-1995թթ․ ծառայել է բանակում, մասնակցել ազատագրական  պատերազմին։ 1996-ին ընտանիքով Արցախ են այցելել։ Ինչպես տիկին Քոսակյանն է նշում՝ ուզում էր տեսնել, թե ինչպիսին  է այդ հողը, որի համար պայքարել են։ Եվ այնտեղ հարազատ միջավայր է գտել։ Հիշում է՝ իրենց շրջապատից բազմաթիվ ընտանիքներ էին տեղափոխվում Արցախ՝ ազատագրված տարածքները վերաբնակեցնելու, նաև իր ծնողներն ու եղբոր ընտանիքն էին հաստատվել Բերձորում։ Եվ ի վերջո իրենք էլ նման որոշում կայացրեցին։ 

«Իրականում որոշում կայացնելը շատ դժվար էր, տղաս փոխադրվել էր 3-րդ դասարան ու երևանյան դպրոցից կտրել ու գնալ մի տեղ, որտեղ չգիտես, թե կրթությունն ինչպիսին կլինի, բարդ էր։ Բայց որոշումը կայացրեցինք։ Սկզբում ամուսինս գնաց։ Նա այն ժամանակ Երևան քաղաքի ջրային տնտեսության ոռոգման գլխավոր ինժեներն էր։Աշխատատեղը մեկ տարի պահպանվում էր, չհարմարվելու դեպքում կարող էինք  հետ գալ։ Մի քանի ամիս հետո էլ ես գնացի երկու երեխաներիս հետ։ Բերձորի դպրոցում ուսուցչի կարիք կար, ես սկսեցի դասավանդել ֆիզիկա, մաթեմատիկա, նաև ինձ վստահվեց ուսմասվարի գործը»,- հիշում է նա՝ հավելելով, որ երևանյան դպրոցում կուտակած փորձն օգնել է, որ այնտեղ ուսմասվարի գործը հաջողությամբ կատարի։ Իսկ արդեն 2006-ից տիկին Քոսակյանը ստանձնել է դպրոցի տնօրենի պաշտոնը։ Ասում է՝ 2017-ից Թեքեյան միության աջակցությամբ դպրոցը դասասենյակ առ դասասենյակ վերանորոգել էր, մնացել էր միայն 3-րդ հարկը և 2-րդ հարկում գտնվող իր աշխատասենյակը։ Արցախի կառավարության աջակցությամբ էլ տանիքն էին փոխել։ Որոշել էր, որ 3-րդ հարկը վերանորոգելուց հետո դպրոցը կհանձնի երիտասարդ ու նվիրված մեկին, բայց դա ծրագիր մնաց չարաբաստիկ պատերազմի պատճառով։

Խոսելով դպրոցի մասին՝ Տիկին Քոսակյանն ասում է, որ 1994-ից գործող իրենց դպրոցի ամենամեծ հաջողությունն այն էր, որ կրթում էր ազատ մտածող քաղաքացիների։ Հիշում է՝ իրենց շրջանավարտները հեշտությամբ բուհեր էին ընդունվում, ծնողն ուներ վստահություն ուսուցչի հանդեպ, աշակերտները  կարողանում էին տարբերակել կարևորն ու անկարևորը։ «Մեր դպրոցի շրջանավարտ բազում բժիշկներ, պետական աշխատողներ, գիտաշխատողներ ունենք»,- ասում է նա՝ հավելելով, որ եթե սկզբնական տարիներին մասնագետների պակաս ունեին, մի մասնագետը մի քանի առարկա էր դասավանդում, ապա վերջին տարիներին արդեն համալրված էին բարձրագույն կրթությամբ որակյալ կադրերով․ հայրենազրկումից հետո դպրոցի ուսուցիչները փայլուն կերպով  շարունակում են իրենց գործը կրթության ոլորտում իրենց բնակության նոր վայրերում։

Անդրադառնալով Բերձորում հաստատվելու դժվարություններին՝ տիկին Քոսակյանն ասում է, որ այն ժամանակ երիտասարդ էր ու դժվարություններն այդպիսին չէր դիտարկում։ «Հաճույքով ու սիրով ենք այդ ամենը հաղթահարել ու ապրել այնտեղ, չենք դժգոհել։ Եթե դժգոհեինք, չէինք մնա, հետ կգայինք»,- ասում է նա՝ հավելելով, որ երկու տարի եղբոր տանն են ապրել, մինչև իրենց տունը կկառուցեին։ «Ամուսինս այնտեղ կապիտալ շինարարության ոլորտում էր, գլխավոր ինժեներն էր, հետո դարձավ նախարարության տեխհսկող։ Մեր տունը մի քիչ առանձնանում էր իր տեսքով։ Եվ քանի որ մեր ձեռքով ստեղծածն էր, առանձնահատուկ էինք սիրում։ Երջանիկ էինք»,- ասում է նա։ 

Վստահեցնում է՝ ամուսիններով երբևէ չեն զղջացել Արցախում հաստատվելու որոշման համար։ Ասում է՝ Արցախում շփվել է հայրենասեր ու մտավորական մարդկանց հետ, ձեռք բերել հրաշալի ընկերներ, որոնց համարում է իր հարստությունը։ Արցախը մեծ դեր է ունեցել նաև իր երեխաների կայացման գործում։

Անահիտ Քոսակյանն ասում է՝ երբեմն, երբ հողերը հանձնելու մասին խոսակցություն էր լինում, ամուսինը վստահ պնդում էր, որ ցանկացած պարագայում Բերձորը հանձնվել չի կարող, այդ տարբերակը բացառված է։ «Երբ նոր էինք գնացել, եկեղեցին արդեն կառուցված էր ու կողքին գերեզամանատան համար տարածք էր հատկացված։ Սպասում էինք, թե ով պետք է առաջինն այնտեղ հուղարկավորվի, քանի որ հողն այդպես է քոնը դառնում։ Պատերազմից առաջ արդեն մեծ գերեզմանատուն ունեինք»,- հիշում է նա։

«Բերձորի դպրոցի առաջին շրջանավարտների երեխաներն արդեն իրենք էին շրջանավարտ։ Բերձորում ծնված սերնդի երեխաներն արդեն մանկապարտեզ էին հաճախում ու շուտով դպրոցական պետք է դառնային»,- ասում է նա։

Խոսելով Բերձորի զարգացման մասին՝ ասում է, որ այն արդեն ամբողջությամբ կայացած քաղաքային բնակավայր էր՝ գազաֆիկացված, գիշերային լուսավորությամբ, դպրոցներով ու մանկապարտեզներով, վերանորոգված հիվանդանոցով։ 

«Սկզբում բում էր վերաբնակների։ Ովքեր չդիմացան, հեռացան, բայց նրանք, ովքեր մնացել էին, իրենց ապագան այդտեղ էին տեսնում, Արցախի հետ էին կապում»,- ասում է նա։ 

Հիշելով պատերազմը՝ տիկին Քոսակյանը պատմում է, որ այդ ժամանակ Երևանում էր։ Պատերազմի լուրը լսելով շտապ Բերձոր է վերադարձել ու այնտեղ է եղել մինչև հոկտեմբերի 20-ը։ Որդին էլ կամավոր ռազմաճակատ է մեկնել, կռվել է Ջրականում, շրջափակումից դժվարությամբ  դուրս եկել։

Ասում է՝ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը շատ ծանր է ընդունել, մինչև նոյեմբերի 30-ը Բերձորում է մնացել, ապա դուրս եկել վստահությամբ, որ հայրենազրկումը երկար չի տևի ու շուտով նորից կվերադառնան։«Նոյեմբերի 30-ից հետո չէի համարձակցում գնալ, բայց երբ պարզ դարձավ, որ Բերձորն էլ ենք  հանձնում, գնացի, բարձրացա դպրոց, տեսա ավերված ու թալանված, լաց եղա, հետո մեր տուն իջա։ Բայց ես հրաժեշտ չեմ տվել։ Ես շատ լավատես եմ, կարծում եմ, որ մի օր այդ ամենը նորից մերն է լինելու»,- ասում է նա։ Խոսելով թալանի մասին՝ ասում է, որ դա ցավալի է, բայց ոչ կարևոր։ «Կարևորը հողն է։ Եթե հողը նորից մերը լինի, կկառուցենք ու կշենացնենք»,- ասում է նա։

Խոսելով պատերազմում պարտության պատճառների մասին՝ Անահիտ Քոսակյանը շեշտում է, որ թշնամուն լուրջ չէինք ընդունում, արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը մեզ կուրացրել էր։ «Բաժակաճառեր ու ոտանավորներ էինք ձոնում, փոխանակ լուրջ գործի լծվեինք։  Պետք է հասկանանք, որ բաժակ բարձրացնելով չեն հայրենիք շենացնում, հայրենիքը շենացնում էին Քաշաթաղում և Քարվաճառում ապրող վերաբնակները, նրանք էին իրական հայերնասերները։ Իսկ ասֆալտի վրա ով էլ ասես, կարող է հայրենասեր խաղալ»,- ասում է նա։

Քոսակյանը շեշտում է նաև, որ ունենք ինքներս մեզ ու մեր հայրենիքը ճանաչելու խնդիր։ Երբ հայրենաճանաչ դառնանք, այլևս անկարևոր բարձունք կամ տարածք չի լինի մեզ համար։

«Այս փուլում կորուստների շղթան կանգնեցնելու համար նախ պետք է կարողանանք մեր միջից վերացնել ատելությունը, մեր ժողովուրդը պետք է կարողանա ինքն իրեն սիրել, հիմա ատելությունն ամենուրեք է՝ փողոցում, ավտոբուսում։ Մարդն իր կողքինին պետք է սիրի։ Մեծ է նաև անտարբերությունը։ Արցախում դա չկար։ Ապրում էինք մեկս մյուսի հոգսով, կար միմյանց հանդեպ սեր և հարգանք։ Առանց սիրո և հարգանքի պետություն չենք դառնալու, երբեք,- ասում է նա։-Մենք նաև ունենք հրաշալի Սփյուռք,  որի  հետ ևս  պետք է հաշվի նստել։ Նրանց չպետք է օգտագործենք որպես գումար տվող, այլ նրանց կարծիքն էլ պետք է հաշվի առնենք»։ 

Հարցին՝ արդյոք սահման պահելը պատիժ է, քանի որ ներկայում իշխանությունները ընդդիմադիր հայացքով անձանց սաստելու համար սպառնում են սահման ուղարկել, Քոսակյանն ասում է, որ հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է։ «Եթե երեխայիդ վտանգ է  սպառնում, չե՞ս պաշտպանում,։ Նույնն էլ սա է։  Հայրենիքի պաշտպանությունը բոլորիս պարտքն է և ոչ թե պատիժ»,- ասում է նա։

Քոսակյանը նաև չի հավատում ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցությանը։ Ասում է՝ շրջապատված ենք թշնամիներով, ուզենք, թե չուզենք, պետք է բարև տանք, բայց փայտը ձեռքից երբեք չպետք է բաց թողնենք։ Հիշում է՝ փոքր ժամանակ, երբ Բերդ էին գնում հարազատներին այցելության, ճանապարհին ադրբեջանցի երեխաներն իրենց մեքենայի ուղղությամբ քարեր էին նետում, և դա ԽՍՀՄ տարիներին։ «Հետևաբար փայտը երբեք ձեռքից բաց չպետք է թողնել»,- կրկնում է նա՝ հավելելով, որ այս դեպքում որպես փայտ  կարող է ծառայել  հզոր բանակ ունենալը։



 

Արցախ Քաշաթաղ Բերձոր կորսված հայրենիք խմբագրի ընտրանի 44-օրյա պատերազմ Հայրենիք Անահիտ Քոսակյան Հայաստան

Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին