44-օրյա պատերազմի զոհված զինծառայողների հարազատները ֆեյսբուքյան իրենց էջերում ակցիա են կազմակերպել։ Հարազատները պահանջում են սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով զոհված զինծառայողների անունները հրապարակել։
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից օրեր անց Պաշտպանության նախարարությունը հստակ թվեր և անուններ չի ներկայացնում, թե հայկական կողմն ինչ կորուստներ է ունեցել:
NEWS.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը պարզաբանել է, որ նախարարությունը կհրապարակի միայն գերճշգրիտ տեղեկատվություն՝ վերջնական ճշտումներն իրականացնելուց հետո։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։
Նշենք, որ Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմի հաստատված զոհերի թիվը հասել է 135-ի: Սեպտեմբերի 17-ին էլ հայտնի դարձավ, որ Բաքուն Երևանին է հանձնել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 32 հայ զինվորների մարմին։