Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝անդրադառնալով այսօր Եռաբլուրում զոհերի հարազատների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպին:
«Եռաբլուրում որևէ ակցիայի իրականացումը երբևէ չեմ ընդունել ու չեմ ընդունի։ Եռաբլուրը քաղաքական խաղերի, կոչերի ու բողոքի վայր չի եղել ու չպիտի լինի։ Այսօր ոստիկանական ուժերը գործել են առնվազն ոչ պրոֆեսիոնալ և շատ վատ ձևով բերման են ենթարկել զոհվածների մայրերին։ Որպես Արցախյան պատերազմում զոհվածի որդի եմ ասում` ոստիկանության գործելաոճը սխալ էր ու դատապարտելի։ Տղե'րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ի վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր են կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ: Կարմիր ու սեւբերետավորները շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:
Ոստիկանները խոչընդոտեցին նաեւ լրագրողների եւ օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից:
Ոստիկանությունից փոխանցում են, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման է ենթարկվել 37 քաղաքացի։