f

Անկախ

Եթե ազատագրվի, գոնե կիմանանք, որ մեր տղաների արյունը զուր չի թափվել․ Ռուզաննա Գալստյան


«2020-ի նոյեմբերի 9-ին եղբորս տանն էի՝ Երևանում։ Նրա փեսան եկավ, արթնացրեց ու հայտնեց, որ հողերը տվել են։ Հիստերիայի մեջ ընկա՝ բա ինչո՞ւ զոհվեց իմ տղան, եթե նրանց կյանքի գնով պահված հողերը պետք է համաձայնագրով հանձնվեին»,- հիշում է Քարվաճառի բնակիչ, 64-ամյա Ռուզաննա Գալստյանը։ 

Պատմում է՝ Քարվաճառում ապրելիս միշտ շեշտել է՝ իր մորաքրոջ տղան՝ Վովան զոհվեց Օմարում, որ իրենք ապրեն ազատագրված Քարվաճառում։ «Իսկ ինչի՞ համար զոհվեց իմ տղան։ Որ ես դառնամ քոչվո՞ր»,- հարցնում է տիկին Ռուզաննան՝ հավելելով, որ Արցախյան առաջին պատերազմում զոհերի ծնողներին գոնե մխիթարում էր այն, որ իրենց որդու կյանքի գնով հայրենի հող է ազատագրվել։ Մինչդեռ 44-օրյա պատերազմի զոհերի ծնողները սփոփանք գտնել չեն կարողանում։ «Որդիս հանուն հայրենիքի է զոհվել։ Բայց մի ստորագրությամբ այդ ամենը դարձավ զուր, մենք էլ մնացինք անտեր ու անտուն»,- ասում է նա՝ հավելելով, որ եթե վերջը հանձնելն էր, գոնե առանց զոհերի արվեր։ «Ավելի լավ է վրանի տակ ապրեի, բայց որդիս կողքիս լիներ, ուս-ուսի կտայինք, կապրեինք, նորը կստեղծեինք»,- ասում է նա՝ հավելելով, որ մինչ օրս այդպես էլ չի կարողանում հասկանալ թե ինչ ու ինչու տեղի ունեցավ։ «Տալիս եմ այդ հարցը ու չեմ գտնում պատասխան՝ ո՞վ արեց, ինչո՞ւ արեց, այդքան երեխայի գլուխ ինչո՞ւ կերան»,- հարցնում է նա։

Ռուզաննա  Գալստյանը երկու որդիների հետ Քարվաճառ է տեղափոխվել 2005-ին։ Հիշում է՝ Երևանում բնակարանային խնդիր ուներ։ Երբ տեղեկացավ, որ որպես մանկավարժ կարող է հաստատվել Քարվաճառում ու այնտեղ իր երեխաների համար ապրուստ ստեղծել, Արցախ տեղափոխվելու որոշում կայացրեց։

«Փոքրս վեց տարեկան էլ չկար, մեծս 9 տարեկան էր։ Երեխաներիս հետ սկզբում Գետաշեն գյուղում հաստատվեցի։ 6 ամիս անց պարզվեց, որ Քարվաճառում ռուսերենի ուսուցչուհու կարիք կա, տեղափոխվեցի Քարվաճառ։ Միանգամից այդտեղի դպրոցում սկսեցի աշխատել։  Քարվաճառում մի քանի ամիս ապրել ենք Քանանյան Ալեքսենց տանը, մինչև մեզ տուն հատկացրեցին։ Ահավոր վիճակում էր այդ տունը, առաստաղը կախված էր,  անձրևի ժամանակ տանն էլ բան չէր մնում, ամեն ինչ դնում էի, որ ջուրն երեխեքի վրա չթափվեր։ Քանի անգամ դիմեցի վարչակազմին, վերջապես տանիքը վերանորոգեցին։ 4-5 տարի տանը ջուր չեմ ունեցել, հարևանի տնից էի բերում։ Երեխաներս այդ տարիքից իմ օգնականը դարձան՝ անտառից փայտ էին բերում, որ տունը ջեռուցենք։ Անգամ էշ գնեցի, որ այդպես փայտը տուն հասցնեն։ Երեխաներիս հետ նաև սկսեցինք հող մշակել»,- պատմում է տիկին Ռուզաննան՝ խոսելով այն մասին, թե ինչ դժվարություններով է Քարվաճառում զրոյից տնտեսություն ստեղծել։ 

Հիշում է՝ սկզբնական տարիներին անգամ հեռախոսակապ չկար, իսկ առևտրի համար ստիպված էին Վարդենիս հասնել։ Հետագայում ունեցան և հեռախոսակապ, և խանութներ, և վերանորոգված ու ժամանակակից կահավորանքով դպրոց, նորակառույց սպորտդպրոց։ Իսկ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումից հետո կյանքը Քարվաճառում ավելի աշխուժացավ, կառուցվեցին սննդի կետեր, փոքրիկ ռեստորաններ, հանդիսությունների սրահ։ Հույս կար, որ շնորհիվ հիանալի բնության և մոտակայքում գտնվող տաք ջրերի՝ տեղանքը հանգստյան գոտու կվերածվի։

Խոսելով դպրոցի մասին՝ տիկին Գալստյանը նշում է, որ իրենց աշակերտները գիտելիքներով չէին զիջում խոշոր քաղաքների դպրոցականներին։ Պատմում է՝ իր երկու որդիներն էլ հաջողությամբ դպրոցն ավարտել են, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով ուսումը բուհում չեն շարունակել։ «Փոքր տղաս ֆուտբոլիստ էր։ Երկու անգամ արժանացել է  «Արցախի լավագույն դարպասապահ» կոչմանը։ Երազում էր Ֆիզկուլտինստիտուտ ընդունվել, բայց ֆինանսական պատճառով չկարողացավ։ Բանակից հետո որպես պայմանագրային ծառայության էր անցել, որպեսզի իր աշխատավարձով  կարողանար իր ուսման վարձը հոգալ։ Այն էլ չարաբաստիկ պատերազմը վրա հասավ»,- պատմում է նա։

Հիշելով պատերազմի սկիզբը՝ ասում է, որ այն շատ անսպասելի էր։ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան ձայներ էի լսում, բայց մտածում էի, որ ամպրոպ է, քանի որ նախորդ օրն էլ ամպրոպ էր եղել։ Հարևանս զանգեց, թե պատերազմ է սկսվել։ Փոքր տղաս այն ժամանակ դիրքերում էր, սեպտեմբերի վերջին պետք է իջներ։ Մեծ տղաս ներքևում էր»,- հիշում է նա։

Պատմում է՝ երբ երկնքում ԱԹՍ-ներ են հայտնվել, բնակիչներին ապաստարան են տարել։ Այդժամ կրտսեր որդին զանգել ու խնդրել է, որ մայրը Երևան գնա։ «Ասում էր՝ Աստված չանի, մի բան լինի, ես չեմ կարողանա քեզ օգնության հասնել։ Գնա, որ հանգիստ կռվեմ»,- պատմում է նա՝ հավելելով, որ ինքը վստահ էր՝ ապրիլյանի պես մի քանի օրից պատերազմը կավարտվի մեր հաղթանակով, ուստի մի քանի հագուստ է միայն վերցրել ու եղբոր տուն  տեղափոխվել։

«Վերջին անգամ փոքր տղայիս հետ սեպտեմբերի 28-ին եմ խոսել։ Ձայնը հազիվ էր դուրս գալիս։ Ամսի 27-ին շրջափակման մեջ էին  ընկել, հետո ընկերների օգնությամբ դուրս  եկել։ 28-ի երեկոյան զանգեց։ Ինքը դիրքեր բարձրանալուց երբեք տեսախցիկը չէր միացնում։ Այս անգամ տեսախցիկը միացրեց ու անընդհատ վերև էր նայում։ Ինքն ուզում էր խոսել, ասում էր՝ մամա, այս գիշերն էլ որ լուսացնեմ, լավ է լինելու։ Երևի զգում էր։ 29-ի լուսաբացին զոհվել է տղաս։ Հրետանին սկսել է կրակել, հրետանու արկը խփել է։ Ընկերները պատմում են, որ հեչ չէր վախենում, կինոների նման երկու ձեռքով կրակում էր»,- որդու՝ 21 տարեկանում անմահացած Էդգար Գալստյանի մասին պատմում է մայրը։ 

Ասում է՝ փոքր որդու հետ առանձնահատուկ կապվածություն ուներ։ «Տանից առանց ինձ համբուրելու դուրս չէր գալիս։  Հետևում էր, որ մազերս հարդարված լինեն, դիմահարդարումը տեղը լինի։ Ուրախանում էր, թե մամաս ջահել է երևում իր տարիքից, մամաս դպրոցի ամենասիրուն դասատուն է»,- հիշում է նա։

Էդգար Գալստյանի մարմինն  ամփոփված է Եռաբլուրում։ Տիկին Ռուզաննան էլ Եռաբլուրին մոտ է հաստատվել։ Ասում է՝ Փարիզում էլ տուն նվիրեն, որդու շիրիմը չի լքի։ Բայց երազում է, որ Քարվաճառը նորից ազատագրվի, նորից այնտեղ տուն ունենա ու երբեմն այցելի իր երեխաների համար հայրենիք դարձած Քարվաճառ։

«Ինձ համար Քարվաճառը հարազատ էր դարձել, իսկ  երեխաներիս համար հայրենի բնակավայր։ Ամռան ամիսներին, երբ Երևան էինք գալիս, այստեղ չէին դիմանում, օրերն էին հաշվում, թե երբ ենք վերադառնալու»,- պատմում է նա։ 

Տիկին Գալստյանը վստահ է՝ կգա այն օրը, երբ Քարվաճառը նորից հայկական կլինի և կիրականանա քարվաճառցիների երազանքը՝ նրանք կկարողանան վերադառնալ հայրենի բնակավայրեր։ «Եթե ազատագրվի, գոնե կիմանանք, որ մեր տղաների արյունը զուր չի թափվել»,- ասում է նա։

Հիշելով հրաժեշտը Քարվաճառին՝ պատմում է, որ վերջին պահին համբուրել է տան պատը, որի վրա կրտսեր որդին իր ձեռքով իր անունն էր գրել ու դուրս եկել։«Տղայիս ձեռքը չգնաց, որ այրեր։ Նրա ընկերներն են բենզին լցրել ու այրել մեր տունը»,- հիշում է նա։ Եվ չնայած հայրենազրկման և ունեզրկման  իրողությանը՝ տիկին Գալստյանը գեթ մեկ վայրկյան չի զղջում ժամանակին Արցախ տեղափոխվելու որոշման համար․ այնտեղ 15 տարի  երջանիկ են եղել, ողջ քաղաքով ապրել են մեկ ընտանիքի նման՝ մեկը մյուսին թև ու թիկունք լինելով։ Մինչդեռ Երևանում նման ջերմ հարաբերություններ չկան, այստեղ ամեն ոք կենտրոնացած է միայն իր հոգսի վրա։ 

Խոսելով պատերազմի մասին՝ պատմում է, որ ավագ որդին հայրենիքի համար մարտնչել է մինչև վերջ և դիրքերից իջել է նոյեմբերի 25-ին։ «Որդիս պատմում է, որ իջնելուց հրամանատարին խնդրում էին, որ թույլ տա մարտի բռնվեն ադրբեջանցիների հետ։ Ուզեցել են մարտ տան, որ գոնե իմանան այդպես են պատրվել ու հողը հանձնել։ Ախր Քարվաճառի դիրքերը թուրքերը չէին գրավել։ Իրենք դիրք-դիրք իջել են, թուրքերն էլ առաջ եկել։ Այդքան պահելուց հետո  այդպես հանձնեցինք»,- ասում է նա։ 

Տիկին Գալստյանը պատմում է՝ Քարվաճառում ապրելու տարիներին, երբ որևէ մեկը կասկածով ասում էր՝ բա որ տները սարքենք ու հետո հողերը տան թուրքին, ինքը միշտ վստահեցնում էր, որ նման բան լինել չի կարող։ «Ասում էի՝ այդքան արյուն է թափվել, որ ազատագրվի այս հողը։ Հնարավոր չէ, որ տան։ Բացի այդ, եթե Քարվաճառը  տան, սահմանը կբացի, ուղիղ Հայաստան կմտնի թշնամին,- պատմում է նա։ -  Մտածում էի՝ եթե քաղաքականությունից հեռու լինելով այդքանը հասկանում եմ, իշխանավորներն էլ կհասկանան»։

 Եվ չնայած երկու տարի է, իշխանությունների մակարդակով ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության քարոզ է իրականացվում, տիկին Գալստյանը վստահ է՝ դա հնարավոր բան չէ։  «Դա այն ազգը չէ, որի հետ կարելի է խաղաղության պայմանագիր կնքել։ Դրանք սին հույսեր են, փոխանակ պատերազմին պատրաստվենք, ինքներս մեզ ենք խաբում»,- ասում է նա՝ համոզված լինելով, որ ներկա փուլում պետք է ամեն տարաձայնություն մի կողմ թողնենք և միավորվենք՝ երկիրն այս օրհասական վիճակից դուրս բերելու համար։

Նա ցավով է նշում, որ 44-օրյա պատերազմի դասերը մինչ օրս չենք սերտել։ «Չեմ զգում, որ այդ պատերազմից որևէ դաս ենք քաղել։ Եթե դասեր քաղեինք, պատերազմից հետո  ողջ ուշադրությունը պետք է կենտրոնացվեր բանակի վրա՝ զինել, դիրքերը ամրացնել՝  հաշվի առնելով, թե ինչ հարևան ունենք։ Առաջին հերթին պետք է բանակը կարգավորել, հետո նոր միայն մնացած հարցերը լուծել։ Ամեն մի պաշտոնյայի պարգևավճարով բանակում մի հարց կարելի է լուծել։ Տղաս միշտ ասում էր՝ գոնե կարողանային օդը պահել։ Գոնե դա անեն, ոչ թե այդքան պարգևավճար բաժանեն»,- ասում է  նա։

Նա կոչ է անում յուրաքանչյուր հայի միավորվել, մոռանալ ճամբարների ու տարաձայնությունների մասին, քանի որ հայության ուժը հենց միասնության մեջ է։ 

«Հույս ունեմ, որ մի բան կփոխվի, այսպես չի մնա, խելք կհավաքենք ու մեր երկիրը կկարողանանք պահել»,- ասում է նա։




 

Քարվաճառ Արցախ կորսված հայրենիք խմբագրի ընտրանի 44-օրյա պատերազմ Ադրբեջան հայրենիք Հայաստան

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին