Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կարծում է, որ Ռուսաստանը պատրաստվում է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայի հետ հակամարտությունում, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։» Գրում է Gazeta.ru-ն։
Այս ֆոնին Չեխիայի ղեկավարը կոչ է արել եվրոպական և այլ երկրներին պատասխանել «վճռական ռազմական պատասխանով», եթե Ռուսաստանը համարձակվի միջուկային զենք կիրառել։ Զեմանը նման հայտարարություն է արել Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ Պրահայում կայացած բանակցություններից հետո։
Ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, ՄԱԿ-ում դեսպան Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայի մարտադաշտում։
Մինչ այս The Times-ը հայտնել էր, որ Ռուսաստանը կարող է միջուկային փորձարկումներ իրականացնել Սև ծովում։ Հրատարակությունը պնդում է, որ այդ կերպ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ցույց տալ զանգվածային ոչնչացման զենք կիրառելու իր պատրաստակամությունը։