f

Անկախ

Այս քաղաքական դաշտով իրատեսական չէ, որ Քարվաճառը երբևէ հետ կբերենք․ Էդուարդ Լալայան


«Արցախի հարցը դեռ 1994-ին պետք է լուծվեր։ Մենք այն ժամանակ հաղթողն էինք ու պետք է Ադրբեջանին կապիտուլյացիա պարտադրեինք։ Հյուսիսային Արցախը չէինք ազատագրել, դա էլ պետք է պահանջեինք մեզ հանձնել պայմանագրով։ Ինչ մենք այն ժամանակ չենք արել, հիմա իրենք են անում․ համ մեր սխալների վրա են սովորել, համ էլ նրանց դիվանագիտությունը միշտ ճարպիկ է եղել»,- ասում է Արցախի Շահումյանի շրջանի (Քարվաճառ) Նոր Գետաշեն գյուղի բնակիչ, արցախյան 3 պատերազմների մասնակից Էդուարդ Լալայանը։ Նա վստահ է՝ հող զիջելով երբեք խաղաղություն չենք ունենա, ոչ էլ հանգիստ կապրենք։ Հակառակը, թշնամին այլ առ քայլ քայքայելու է մեր պետությունը և իրագործելու հայությանը վերացնելու իր ծրագիրը։ «Նրանք չեն թողնելու, որ մենք ոտքի կանգնենք, գլուխ բարձրացնենք»,- ասում է նա։

Լալայանը վստահ է՝  սխալ էր տարիներ շարունակ իրականացվող քարոզը, թե Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք։ Փաստ է, որ հիմա ունենք ավելի երկար սահմաններ, Հայաստանի սահմաններն էլ բացվել են թշնամու առջև։ «Մենք պետք է կարողանայինք պահել, ոչ թե հանձնեինք։ Մեր դիվանագիտությունն այլ մոտեցում պետք է ցուցաբերեր, այլ շեշտադրումններ աներ, ոչ թե հանձնելու հարցը քննարկեինք»,- ասում է նա։

Լալայանը շեշտում է՝ ադրբեջանցիների, թուրքերի հետ խաղաղ համակեցություն լինել չի կարող։ «Այն թուրը, որը միշտ մորթել է, հանկարծ մի օր դադարելո՞ւ է մորթել։ Չի լինելու նման բան։ Խաղաղության դարաշրջանը կեղծ օրակարգ է։ Ես այդպես եմ տեսնում»,- ասում է նա՝ հավելելով, որ մեր հայրենիքի մեզ մնացած հատվածը կկարողանանք պահպանել, եթե համախմբվենք ազգային գաղափարների ու արժեքների շուրջ։ «Մենք պարտվեցինք ու մինչև հիմա շարունակում ենք կորցնել, քանի որ չենք հարգում ու նաև չենք սիրում միմյանց, ավելին, ատում ենք իրար»,- ասում է նա։

«Հանգիստ ապրելու համար ամեն հարմարություն ստեղծվել էր։ Մնում էր վայելեինք»

48-ամյա Էդուարդ Լալայանը Շահումյանի շրջանի  Նոր Գետաշեն գյուղում է հաստատվել 2000թ․։ Նա արմատներով կորսված  Շահումյանի շրջանից է և Քարվաճառում է հաստատվել՝ գոնե մոտ լինելու պատմական հայրենիքին։ Հիշում է՝ հետպատերազմյան տարիներին ՀՀ-ում դժվար էր ապրուստ վաստակել, իսկ Արցախում բնությունը բարենպաստ է, և աշխատող մարդն այնտեղ կարող է ապրուստ ստեղծել։ Ուստի և 2000-ին ծնողների հետ Քարվաճառ է տեղափոխվել, ապա այնտեղ ամուսնացել։ Նոր Գետաշենում են ծնվել նրա 5 երեխաները, այնտեղ է մեծ դժվարությամբ զրոյից տնտեսություն հիմնել ու կայացրել, տուն կառուցել, իր ընտանիքի համար բարեկեցիկ ապագայի նախադրյալներ ստեղծել։

Պատմում է՝ սկզբում մեղվապահությամբ էր զբաղվում, հետո սկսեց հող մշակել, այնուհետև նաև անասնապահությամբ զբաղվել։ Քանի որ գերազանցապես անասնապահությամբ զբաղվող շրջանում անասնաբույժերի պակաս կար, Լալայանը նաև անասնաբուժություն է ուսանել ու դարձել տարածքային անասնաբույժը։ ։ «Մասնագետի կարիք միշտ կար։ Կամ Մարտակերտից, կամ Վարդենիսից էինք դժվարությամբ մասնագետ կանչում, և դա ծախսերի հետ էր կապված։ Ուստի որոշեցի, որ անասնաբուժություն սովորեմ»,- պատմում է նա՝ հավելելով, որ վերջին 10 տարիներին անասնաբուժական հիմնարկը բնականոն գործում էր, ինքը տարածքային անասնաբույժն էր և իր կարողություններն ու հմտությունները ծառայեցնում էր ողջ շրջանին։

Խոսելով Նոր Գետաշենում կայացման դժվարությունների մասին՝ ասում է․ «Էհ, այնքան դժվար է եղել տնտեսություն ստեղծելը, ամեն ինչ զրոյից եմ ստեղծել քրտնաջան աշխատանքով։   Բայց 20 տարվա մեջ  հանգիստ ապրելու համար ամեն հարմարություն ստեղծվել էր։ Մնում էր վայելեինք»։

Հիշում է՝ վերաբնակեցման սկզբնական տարիներին գյուղում ընդամենը 15 տնտեսություն կար, իսկ պատերազմից առաջ արդեն 55 ընտանիք էր ապրում գյուղում։ Վստահ է՝ եթե վերաբնակեցման քաղաքականությունն  այլ կերպ  իրականացվեր, օգտագործվեր տեղանքի զբոսաշրջային պոտենցիալը,  կունենային թե ավելի շատ բնակիչներ, թե ավելի զարգացած բնակավայրեր։ 

«Ամեն դեպքում գյուղում առաջընթաց կար։ Աշխատող մարդն ապրուստ վաստակում էր։ Մարդիկ իրենց ապագան գյուղի հետ էին կապում»,- ասում է նա։

«Մինչև վերջին րոպեն հավատացած էինք, որ զենքով ու արյունով պահածը ստորագրությամբ չենք հանձնի»

Խոսելով պատերազմի մասին՝ ասում է, որ այն անսպասելի էր, առավել անսպասելի էր պարտությունը և հայրենազրկումը։ Հիշում է՝ պատերազմի առաջին օրը մի փոքր խուճապ կար, կանանց ու երեխաներին տարհանեցին։ «Նախկին մարզպետը մշակել էր քաղպաշտպանության ծրագիր։ Եթե այն ամբողջությամբ ուժի մեջ մտներ և իրականացվեր, շատ ավելի լավ կլիներ մեր ժողովրդի վիճակը։ Ուղղակի չգիտեմ՝  ինչու  ոչ մեկ իր գործը չարեց, ավելի շատ բարձիթողի իրավիճակ էր։ Եթե կազմակերպված ամեն ինչ արվեր, նորմալ կլիներ, այդքան թալան չէր լինի»,- ասում է նա՝ հավելելով, որ դիմել է վերադաս մարմիններին՝ քաղպաշտպանության ծրագիրն իրագործելու համար։ Ինքը պետք է մասնակցեր  անասուններին հավաքագրելու  և թիկունքային տարածք տեղափոխելու գործին՝ հաշվի առնելով, որ այն սննդային մեծ բազա է։ «Բայց ոչ մի բան չնախաձեռնեցին։ Ասացին՝ գնա ու արա։ Բայց մենակ անասնաբույժն ի՞նչ պետք է կարողանա կազմակերպել և անել։ Շրջանային ղեկավարությունից աջակցություն չստացա»,- հիշում է նա՝ հավելելով, որ իրավիճակը տեսնելով միացել է կամավորական ջոկատներին ու Օմարի լեռնանցքի ուղղությամբ պաշտպանական գործողություններին մասնակցել։

«Մինչև նոյեմբերի 9-ի պայմանագիրը մեր դիրքերն ամուր ենք պահել։ Թշնամին 44 օր շարունակ փորձել է ճեղքել մեր պաշտպանությունը, առաջին օրը մի քանի դիրք կորցրել էինք, հետո հետ բերեցինք և ամուր մնացինք մինչև վերջին րոպեն»,- պատմում է նա՝ նշելով, որ մինչև վերջին րոպեն հավատացած էին, որ չի կարող համաձայնագիրը կյանքի կոչվել, որ զենքով ու արյունով պահածը ստորագրությամբ չենք հանձնի։ Ասում է՝ գոնե պետք է ջրային պաշարները և լեռնային հատվածները չհանձնեինք թշնամուն՝ սահմանները բացելով նրա առջև։

«Երբ դիրքերից իջանք, արդեն ալան-թալան էր, իմ անասուններն էլ  էին թալանել տարել։ Ոստիկանություն ու վերահսկողություն չկար։ Զոռով-շառով մի մեքենա գտա, առաջին անհրաժեշտության իրերից ինչ մնացել էր, հանեցի։ Հետո տունս այրեցի։ Նոր վերանորոգված տուն էր, ո՞նց թողնեի, որ գան վայելեն»,- ասում է նա։

Լալայանն իր ընտանիքի հետ այժմ բնակվում է Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում։ Ընտանիքը բազմանդամ է՝ ավագ երեխան 17 տարեկան է, կրտսերը՝ 5, իսկ հոգսերը շատ։ Ասում է՝ այստեղ գյուղատնտեսությամբ կամ անասնապահությամբ զբաղվելը ծախսատար է, պայմանները բարենպաստ չեն, բացի այդ, սկզբնական կապիտալ է հարկավոր, որն ինքը չունի։ Ասում է՝ եթե Նոր Գետաշենում իր աշխատանքով իր ընտանիքին ըստ պահանջի ապրուստով էր ապահովում, ապա այստեղ չի էլ հիշում, թե վերջին անգամ երբ է տավարի միս գնել երեխաների համար։

«Միայն երեխեքիս համար է, որ շարունակում եմ պայքարել, չեմ կոտրվում»,- ասում է նա։ Խոսելով հնարավոր փոխհատուցման մասին՝ ասում է, որ 10 միլիոնով անգամ խրճիթ գնել չի կարող, մինչդեռ իր ընտանիքը բազմանդամ է, դեռ պետք է կարողանա բոլորին տեղավորել այդ խրճիթում։

Ապագայից էլ  Լալայանը դրական ակնկալիքներ չունի,  ասում է՝  միայն անորոշություն է։ 

«Այս քաղաքական դաշտով իրատեսական չէ, որ Քարվաճառը երբևէ հետ կբերենք։ Եթե մեր քաղաքական դաշտը չփոխվի, անգամ հույս չունեմ, որ իմ երեխաները կամ թոռները կտեսնեն ազատագրված Քարվաճառը։ Այս պահին չեմ հավատում անգամ, որ կկարողանանք մեր պետությունը պահպանել»,- ասում է նա։

 

կորսված հայրենիք Արցախի Շահումյանի շրջան Քարվաճառ խմբագրի ընտրանի Արցախ 44-օրյա պատերազմ հայրենիք Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին