ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մասնակի մոբիլիզացիոն գործողությունները պետք է ավարտվեն մոտ երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա մեջբերած տվյալների համաձայն՝ Ռուսաստանում ծրագրված 300 հազարից մոբիլիզացվել է 222 հազար մարդ։
«Կարծում եմ, որ մոտ երկու շաբաթվա ընթացքում բոլոր մոբիլիզացիոն աշխատանքները կավարտվեն»,- հավելել է Պուտինը։
Նա նաև ընդգծել է, որ բոլոր մոբիլիզացվածները պետք է վերապատրաստվեն։
Սեպտեմբերի 21-ի առավոտյան ՌԴ նախագահը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել, համապատասխան հրամանագիրը ստորագրվել է նույն օրը, ընդ որում՝ ժամկետները չէին հստակեցվել։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է 300 հազար մարդու մոբիլիզացման ծրագրերի մասին։
Ավելի վաղ Ռոստովի մարզի զինվորական կոմիսար Իգոր Եգորովը հայտնել էր, որ զորահավաքային ալիքներ չկան, և որ մոբիլիզացիոն բոլոր աշխատանքներն իրականացվել են սահմանված 300 հազար հոգու սահմաններում։ Մինչ այս ՌԴ մի քանի նահանգապետեր հայտարարել էին զորահավաքի առաջին փուլն ավարտելու և նոր հանձնարարականներ ստանալու մասին։