Հատկապես խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը ցանկացած փաստաբանի պարտականությունն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով փաստաբան Էրիկ Ալեքսանյանի վերաբերյալ քրեական վարույթին։
Նշենք, որ դատարանն այս պահին քննում է Ալեքսանյանին կալանավորելու մասին իրավապահների ներկայացրած միջնորդությունը։
«Կալանքի ֆետիշացման ավարտ, ի վերջո, լինելո՞ւ է, թե՝ ոչ։ Կա՞ մեկը, ով կարծում է, որ Էրիկ Ալեքսանյանը կարող է խոչընդոտել քննությանը, կատարի նոր հանցանք կամ էլ թաքնվի։ Նա հանրային ճանաչում ունեցող անձ է, որը կարողացել է բազմաթիվ ծանր գործերով ներկայացնել միջնորդություն կալանավորման վերացման եւ վստահություն է ունեցել հենց իր անձով, որի համար էլ դատարանները բավարարել են միջնորդությունները։ Աբսուրդ է։ Էրիկ Ալեքսանյանն անբասիր հեղինակություն ունի։ Վստահ եմ՝ իրենց կասկածները փարատվելու են, իրականության հետ առնչություն չունեն։ Բայց ինչո՞ւ հարցը հասցնել ազատության սահմանափակմանը։ Ժողովրդավարական հասարակությունները տարբերվում են նաեւ այն բանով, որ կալանքը ֆետիշ չի լինում։ Մեղադրանքի վարկածը կառուցված է այն բանի վրա, որ Էրիկ Ալեքսանյանը ներկայացրել է գրավի միջնորդություն։ Հիմա փաստաբանը չի՞ կարող գրավի միջնորդություն ներկայացնել։ Միջնորդություն ներկայացնելը երբեք չի կարող լինել օրենքից շեղում»,- նշեց Վարդեւանյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից բերման էին ենթարկել փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Բարձրագույն դատական խորհուրդը զրկել է դատավորին անձեռնմխելիությունից եւ թույլատրել նրա նկատմամբ նախաձեռնել քրեական վարույթ։