Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհանգեցնի համաշխարհային պատերազմի։ Նրա խոսքերը «Առաջ, Իտալիա» կուսակցության պատգամավորների հետ հանդիպման շրջանակներում մեջբերում է LaPresse գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Շատ հաճախ ենք լսում միջուկային ռումբերի հետ կապված գործողությունների մասին: Թող Աստված պահպանի մեզ այս վտանգից։ Ուկրաինան նույնիսկ խնդրել է անդամակցել ՆԱՏՕ-ին։ Եթե այդ երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին, ապա այս պատերազմը կդառնա համաշխարհային պատերազմ»,- ասել է Բեռլուսկոնին։
Ըստ LaPresse-ի՝ Բեռլուսկոնին պատմել է նաեւ, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ուղարկել «20 շիշ օղի եւ շատ գեղեցիկ ծննդյան նամակ»։
«Ես պատասխանեցի «Լամբրուսկոյի» շշերով և նույնքան քաղցր նամակով», - ասել է Բեռլուսկոնին՝ ընդգծելով, որ ինքը ճանաչում է Պուտինին «որպես խաղաղ և խելամիտ մարդ»:
Ավելի վաղ Իտալիայի նախկին վարչապետը հայտարարել էր, որ երկրի նոր կառավարությունը պետք է պահպանի նույն կուրսը Ռուսաստանի նկատմամբ։