f

Անկախ

Քաղաքացին այլևս պետության վրա հույս դնել չի կարող ու պետք է մտածի, թե ինչպես իր ընտանիքին պաշտպանի դուռը ծեծողից․ Թամարա Հովհաննիսյան


Արցախ գնացել եմ երեք երեխաներով, այնտեղ զրոյից ամեն ինչ ստեղծել եմ, 25 տարի անց արդեն երեք թոռներով դատարկաձեռն  Երևան եմ վերադարձել։ Եվ այստեղ կրկին ամեն ինչ զրոյից պետք է ստեղծեմ, Արցախում իր վերաբնակեցման և տեղահանման պատմությունը կարճ ներկայացնում է 51-ամյա Թամարա Հովհաննիսյանը։

Մեր մեդալներն ու գավաթները մնացին դպրոցում և թալանվեցին հայերի կողմից

Թամարա Հովհաննիսյանը մարզիկ  է, մասնագիտությամբ հանդբոլի (ձեռքի գնդակ) մարզիչ։ Երևանից  Բերձոր է տեղափոխվել 1995-ին։ Հիշում է՝ չնայած Երևանում աշխատանք ուներ, բայց վարձով էր ապրում։ Երբ տեղեկանում է, որ Քաշաթաղի վերաբնակիչներին բնակարան են հատկացնում, որոշում է իր ընտանիքով  դառնալ ազատագրված հայրենիքը վերաբնակեցնողներից մեկը և նաև իր ներդրումն ունենալ այնտեղ հանդբոլի զարգացման գործում։

Հիշում է՝ Բերձորում ի վերջո ընտրել է մի փլատակ բարձունքի վրա, ծնողների օգնությամբ այն բնակելի վիճակի է բերել ու այնտեղ սկսել իր կյանքը նոր բնակավայրում։

«Այն ժամանակ դեռ սպորտդպրոց չկար, ուստի Վահան Զատիկյանի անվան թիվ 2 դպրոցում ֆիզկուլտուրա էի դասավանդում։ 2001-ին ստեղծվեց սպորտդպրոցը։ Այնտեղ սկսեցի աշխատել հանդբոլի զարգացման ուղղությամբ»,- պատմում է նա՝ հավելելով, որ այն ժամանակ Արցախում հանդբոլը քիչ հանդիպող մարզաձև էր, և անգամ ֆեդերացիա չկար, այն հիմնվել է իր և մարզադպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանի ջանքերով։

«Շրջեցինք Արցախի բոլոր շրջաններով, գնդակներ, գույք,  գծագիր  բաժանցինք, որ կարողանանք մի քիչ առաջխաղացում ունենալ, որ երեխաներին ընդգրկենք սպորտաձևի մեջ։ Ստացվեց։ Հայտնվեցին նախկին մարզիկները, որոնք ժամանակին Ադրբեջանի կազմում էին խաղացել, հավաքական էին ներկայացրել։ Այդպես սպորտաձևը զարգացավ»,- պատմում է նա՝ հավելելով, որ մրցելույթների մեկնելիս իր թիմում ընդգրկում էր ոչ միայն Քաշաթաղի մարզիկներին, այլ լավագույններին Արցախի բոլոր շրջաններից։ 

«Մենք չունեինք համապատասխան դահլիճներ։ Եվ մրցումների ժամանակ մեծ դահլիճում հանդես գալը մեծ խնդիր կարող էր լինել, եթե լավ թիմ չունենայի»,- ասում է նա ու նշում, որ անգամ այդ պայմաններում բազում գավաթներ ու մեդալներ են բերել մրցելույթներից։

«Հայաստանի հանդբոլի պատանեկան առաջնությունում 3-րդ տեղն ենք զբաղեցրել։ Իմ սաները Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղացել են Եվրոպայում։ Դա ինձ համար հպարտություն է որպես մարզիչ։  Ինքս էլ  մինչև 37 տարեկանը խաղացել եմ ազգային հավաքականի կազմում ու Արցախը ներկայացրել Եվրոպայում։ 2019-ին Արցախի հանդբոլի մեծահասակների առաջնությունում հաղթեց Բերձորի թիմը և գավաթը մեզ մոտ բերեց»,- իրենց նշանակալի հաջողություններն է ամփոփում Թամարա Հովհաննիսյանը՝ ափսոսանքով հավելելով, որ բոլոր մրցանակները մնացին դպրոցում,՝ թալանվելով հայերի կողմից։

«Բերձորում չկար ընտանիք, որտեղ գոնե մեկը հանդբոլ մարզաձևով զբաղված չլիներ, ոգևորությունը մեծ էր, այլ զբաղմունք էլ չկար։ Հանդբոլը երեխաների համար հնարավորություն էր Արցախում և Հայաստանում շրջելու, աշխարհ տեսնելու։ Իմ երեք երեխաները նույնպես խաղացել են ազգային հավաքականում։ Մեծ աղջիկս վերջին տարիներին ինձ հետ մարզիչ էր աշխատում, երկուսով էինք Բերձորում հանդբոլ սովորեցնում։ Տղաս Իշխանաձոր տեղափոխվեց։ Քանի որ այնտեղ հանդբոլի համար պայմաններ չկային, նա ֆուտբոլ էր դասավանդում երեխաներին և զուգահեռաբար նաև պայմանագրային զինծառայող էր։ Իսկ կրտսեր աղջիկս օտար լեզուներում մասնագիտացավ և մինչև ամուսնանալը երկու տարի անգլերեն է դասավանդել դպրոցում»,- ասում է Հովհաննիսյանը։

Արցախում չեմ ծնվել, բայց հոգով և սրտով ինձ համարում եմ արցախցի

Հարցին, թե Երևանից Բերձոր տեղափոխված ընտանիքն ինչես է հարմարվել նոր պայմաններին ու սկսել տնտեսություն ստեղծել՝ Հովհաննիսյանը պատասխանում է՝ դժվարություններով։ Ասում է՝ օգնել է հանգամանքը, որ ինքը մարզիկ էր և կարողանում էր այդ թվում և ֆիզիկական դժվարությունները հաղթահարել․ փայտ կոտրել, ջուր բերել և այլն։ Իսկ նրա բնակարանը պետության աջակցությամբ վերանորոգվել է միայն 2007-ին՝ այն ժամանակվա վարչապետին նամակով դիմելուց հետո միայն։

«Սկզբնական տարիներին ոչինչ չկար, խանութ գրեթե չկար, պետք է աշխատեիր ու առնեիր այն, ինչը տեսնում էիր։ Այն ժամանակ «Ագապե» բարեգործական կազմակերպություն կար, որ մարդկանց օգնում էր։ Հետո, երբ երկու տեղ սկսեցի աշխատել, գործը հեշտացավ։ Կարողացանք ոտքի կանգնել։  Ու երբ արդեն կարողացանք լավ կանգնել, նորից կանգնեցինք զրոյի վրա,- ասում է նա։-Դժվարություններ շատ են եղել, ուղղակի երիտասարդ ու առողջ ենք եղել, կարողացել ենք հաղթահարել»։

«Երբեք չեմ զղջացել Արցախ տեղափոխվելու համար։ Այնտեղ չեմ ծնվել, բայց հոգով, սրտով ինձ համարում եմ արցախցի։ Ավագ երեխաս երկու տարեկան էր, մյուսը մեկ տարեկան, երրորդով էլ հղի էի, երբ Արցախ տեղափոխվեցի։ Շատ դժվար ենք ապրել, բայց գոնե ունեցել ենք մեր սեփական տունը, անուն, հարգանք, պատիվ։ Գիտեի, որ այսօրվա իմ դժվար կյանքով երեխաներիս համար ապագա եմ ստեղծում»,- ասում է նա՝ հավելելով, որ չէր կարողանա համատեղել երեք մանկահասակ երեխաների խնամքն ու աշխատանքը, եթե չլինեին հարևանները։

«Այնտեղ բոլորն իրար ճանաչում էին, մեկը մյուսի ցավով ու հոգսով էր ապրում։ Եթե այդ առանձնահատուկ մարդկային հարաբերությունները չլինեին, չէի կարողանա այնտեղ ապրել։ Օրինակ, մինչև 2017-ը ջրի խնդիր եմ ունեցել։ Կարող է աշխատանքից գայի, տեսնեի, որ իմ հարևանուհին ինձ ջուր է բերել։ Ինձ մենակ չեմ զգացել, չնայած հարազատներից հեռու եմ եղել։ Բայց դա այստեղ՝ Երևանում  չենք տեսնում»,- ասում է նա։

Բերձորում նաև ապահով էր։ «Երեխաներս խելոք էին, մենակ էի թողնում, իրենք խելոք խաղում էին, հարևանները նայում էին, մինչև տուն գայի։ Մենք օրերով տան դուռը չէինք փակում, կարող էինք աշխատանքի գնալ՝ դուռը բաց թողնելով ու վստահ լինելով, որ ոչ ոք տուն չի մտնի։ Ապահով միջավայր էր ու երբևէ չենք մտածել, որ կգա ժամանակ, որ Բերձորը կհանձնվի։ Մենք միշտ իմացել ենք, որ Բերձորն ապահով վայր է, քանի որ  այնտեղով  Արցախն ու Հայաստանը կապող ճանապարհն էր անցնում»։

Խոսելով 25 տարում Բերձորում տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ Հովհաննիսյանն ասում է, որ վերջում արդեն կյանքն աշխուժացել էր, կյանքի համար ամեն պայման կար։ 

«Բայց հիմա որ տեսնում ենք, թե Ադրբեջանն  ինչ տեմպով  է առաջ գնում և մենք 30 տարում ինչ, ․․․ տարբերությունն ահռելի է։ Եթե մենք նույնն անեինք, ինչ Ադրբեջանն արեց երկու տարվա մեջ, միգուցե մենք շատ ավելի լավ  վիճակում լինեինք և այդ տարածքները գուցե հիմա մերը լինեին»,- ասում է նա։ Հովհաննիսյանը նշում է՝ բոլոր ժամանակներում իշխանավորների մոտ պակասել է սրտացավությունը երկրի հանդեպ։ 

«Եթե ընդհանուրի ու երկրի մասին ավելի շատ մտածեին մեր իշխանավորները, հիմա ավելի հզոր երկիր ու փակ սահմաններ կունենայինք, այդքան զոհեր չէինք տա,- ասում է նա։-Առաջին հերթին պետք է սահմանի մասին մտածել, ոչ թե  4 հարկանի շենք կառուցել ու մեջն ապրել։ Երկիր կառուցելը պետք է սկսենք սահմանն ամրացնելուց։ Մինչդեռ մեր իշխանավորները մտածում են միայն իրենց ընտանիքի անվտանգության մասին։ Դա մեծագույն չարիք է, որ հիմա գնալով շատանում է»։

Հող տալով հանգիստ չենք ապրելու, պիտի չտանք, պիտի պայքարենք

Խոսելով պատերազմի մասին՝ Հովհաննիսյանն ասում է, որ այն սպասելի չէր։ Հիշում է՝ թոռնիկը պայթյունների ձայներից վախենում ու մահճակալի տակ էր մտնում, ուստի սեպտեմբերի 29-ին ստիպված թողեցին Բերձորը՝ կարճ ժամանակ անց վերադառնալու հույսով։

«Պարտությունն ո՞վ էր սպասում, երբ լսում էինք, որ հաղթում ենք։ Տղաս էլ ասում էր, որ լավ է լինելու, կհաղթենք»,- ասում է նա։ Հիշում է՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին ընտանիքին տեսակցության եկած որդուն հայտնել են տուն մուտք գործելիս։ «Տղաս քարացած մնաց դռան մեջ»,- հիշում է նա։

Պատմում է՝ հաջորդ օրը  դպրոցի ուսուցիչներից մեկը զանգել ու տեղեկացրել է, որ Բերձորում թալան է, հնարավորինս շուտ գնա, որ կարողանա իր իրերը դուրս բերել։ Ասում է՝ որդու ողջ ունեցվածքն արդեն թշնամուն էր մնացել, ուստի շտապեց Բերձոր, որ գոնե կարողանա ինչ-որ բան փրկել, որը կդառնա ապրուստի միջոց, մինչև կարողանան զրոյից նորից ապրուստ ստեղծել։ 

Ասում է՝ 100 հազար դրամով մեծ դժվարությամբ կարողացել է մեքենա վարձել ու Բերձոր հասնել։ Իր տունը դեռ չէին թալանել՝ բարձունքի վրա էր, դեռ չէին հասել։ Բայց այն պայթյունի հարվածային ալիքից ավերված էր։

« Ինչ կարողացա, հանեցի՝ հագուստ, պահածո։ Բայց կահույքն ու էլեկտրատեխնիկան բերել չկարողացանք։ Փայտն էլ, որ ինքս էի կոտրել, նվիրեցի որդուս ընկերոջը, որ եկել էր մեզ օգնելու»,- հիշում  է նա։

Ասում է, որ սկզբում հույս ունեին, որ շուտով  կկարողանան վերադառնալ, բայց հետո հասկացան, որ ոչ։ «Վերադարձի հույս չունեմ։ Ընդհանրապես հույսն  ի՞նչ է, մենք արդեն չգիտենք։ Ապագա էլ չեմ տեսնում, եթե առաջ կարող էինք պլանավորել վաղվա օրը, հիմա չգիտենք, թե վաղն ինչ վատ բան է սպասվում։  Անապագա ապրում ենք, չգիտենք՝ վաղը հացի փող կունենանք, տան վարձը կկարողանանք տալ, թե ոչ, անորոշ վիճակի մեջ ենք»,- ասում է նա՝ հավելելով, որ թե իրեն, թե որդուն օգնում է չկոտրվել ու պայքարել տան փոքրիկը։

 Հարցին, թե որն է պատճառը, որ պատերազմից երկու տարի անց դեռևս շարունակվում է մեր կորուստների շղթան, Հովհաննիսյանը պատասխանում է՝ վատ ղեկավարությունը, որը չի մտածում սահմանի մասին։

«Եթե ամրապնդենք մեր սահմանները,  հոգով մի քիչ ավելի ուժեղ լինի ղեկավարությունը, ինչպես մեր զինվորներն են, որ զինվորի թիկունքին կանգնի, մենք այս իրավիճակը չենք ունենա։ Հիմա մենք նման ենք  առանց դասղեկ դասարանի, բայց մեկը պետք է չէ, որ կազմակերպի ու առաջ տանի»,- ասում է նա՝ ընդգծելով նաև, որ ամեն մասնագետ իր տեղում պետք է լինի։

«Հիմա արեն հասարակության մեծ մասը գնում է ինքնապաշտպանություն սովորելու։ Հասել ենք դրան։ Քաղաքացին այլևս պետության վրա հույս դնել չի կարող ու պետք  է մտածի, թե ինչպես իր ընտանիքին պաշտպանի դուռը ծեծողից, դրանից էլ դեն հասնելու տեղ չունենք»,- ասում  է նա։

Հիշեցնում է՝ մի ժամանակ ասում էին Արցախը տանք, հանգիստ ապրենք։ «Այդ մարդիկ հետո կասեն Սյունիքը տանք հանգիստ ապրենք, Ջերմուկը տանք, Երևանը տանք, հետո ո՞ւր գնանք։ Հող տալով հանգիստ չենք ապրելու, պիտի չտանք, պիտի պայքարենք»,- ասում է նա՝ հավելելով, որ այդ մտայնությունը չէր լինի, եթե ամեն մարդ կարողանար իր վրա պատկերացնել այն մարդու ցավը, որին իր սարքած տնից դուրս են հանում, որ մեկ ուրիշն այնտեղ հաստատվի։ 

 

կորսված հայրենիք խմբագրի ընտրանի Քաշաթաղ Բերձոր Արցախ 44-օրյա պատերազմ հայրենիք

Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան
Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը
Տղային կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով մեկ անգամ հարվածելու համար. աբսուրդ է. Մինասյան
Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
«Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում (վիդեո)
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Ավելին
Ավելին