Մեծ Բրիտանիայի իշխող` Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ Ռիշի Սունակը վարչապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 25-ին՝ Չարլզ III թագավորի հետ հանդիպումից հետո։ Այս մասին ասվում է վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ պաշտոնաթող վարչապետ Լիզ Թրասն առավոտյան կհանդիպի կաբինետի անդամների հետ, որից հետո իր նստավայրում հանդես կգա հրաժեշտի ելույթով։ Մոտավորապես տեղական ժամանակով 10:15-ին նա կժամանի Բուքինգհեմյան պալատ, որտեղ Չարլզ III-ը կընդունի Թրասի հրաժարականը։ Այնուհետև միապետը հանդիպում կանցկացնի Սունակի հետ, որի ժամանակ կառաջարկի նրան ձևավորել Նորին Մեծության կառավարությունը։ Մոտ 11:35-ին կառավարության նոր ղեկավարը ուղերձով կդիմի Մեծ Բրիտանիայի ժողովրդին։