Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ խաղաց «Բազելի» դեմ։ Դրամատիկ պայքարում անցած խաղում երևանյան ակումբը 1-2 հաշվով զիջեց մրցակցին և դուրս մնաց հետագա պայքարից։
«Բազելը» դիմացավ երևանյան ակումբի մեկնարկային ճնշմանը և 17-րդ րոպեին կարողացավ բացել հաշիվը։ Շվեյցարական ակումբի կազմակերպած հակագրոհն արդյունավետ եզրափակեց Մալեսը։
29-րդ րոպեին շվեյցարական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Կադեն, ով արդյունավետ եզրափակեց «Բազելի» արագ գրոհը։ 53-րդ րոպեին մրցավարը սիմուլյացիայի համար երկրորդ դեղին քարտը ցույց տվեց շվեյցարական ակումբի ֆուտբոլիստ Նդոյեին և նրան հեռացրեց դաշտից։ Թվային առավելություն ստանալուց հետո «Փյունիկը» ոգևորվեց և սկսեց վերահսկել գնդակը՝ մեկը մյուսի հետևից վտանգավոր գրոհներ կազմակերպելով մրցակցի դարպասի ուղղությամբ։
«Փյունիկի» ճնշումն արդյունք տվեց 71-րդ րոպեին։ Արաս Օզբիլիսի փոխանցումից հետո Ալեքսանդր Կարապետյանը գլխով հարվածեց մրցակցի դարպասին, գնդակը հետ եկավ ուղղահայաց դարպասաձողից, սակայն Լուկա Յուրիչիչն արագ կողմնորոշվեց ու կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ Սակայն «Բազելը» կարողացավ արդյունավետ պաշտպանվել և հաղթական ավարտի հասցնել հանդիպումը։
«Փյունիկը» H խմբում 6 միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։