f

Անկախ

Ընտրություններ ԱՄՆ-ում․ ի՞նչ են ընտրելու, ո՞վ կհաղթի և ի՞նչ հետևանքներ են սպասվում


Նոյեմբերի 8–ին ԱՄՆ-ում տեղի կունենան Կոնգրեսի ընտրություններ։ Սպասվում է, որ դեմոկրատներն ընտրությունների արդյունքում կկորցնեն մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ Ընտրությունների նման ելքն իր ազդեցությունը կունենա ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև Ջո Բայդենի կառավարման առաջիկա 2 տարիների  վրա։

Ինչի՞ համար են պայքարելու ամերիկյան քաղաքական ուժերը

ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունները տեղի են ունենում երկու տարին մեկ անգամ։ Այս ընտրությունները կոչվում են միջանկյալ, քանի որ նախագահի պաշտոնավարման ժամկետի միջակայքում են տեղի ունենում և ցուցիչ  են, թե ինչպիսին է հանրության վերաբերմունքը իշխանությունների քաղաքականությանն ու գործունեությանը։

ԱՄՆ Կոնգրեսը կազմված է Ներկայացուցիչների պալատից, որը օրինագծեր է մշակում և առաջ տանում, և Սենատից, որն էլ հաստատում կամ արգելափակում է օրինագծերը։ Ներկայացուցիչների պալատում 435 անդամ կա, որոնք բոլորն էլ ընտրվում են   2 տարի ժամկետով։ Սենատն ունի 100 անդամ, որոնք ընտրվում են 6 տարի ժամկետով։ Այս անգամ պայքար է ընթանալու սենատի 35 տեղերի համար։ Բացի այդ, մի շարք նահանգներում նույն օրը տեղի կունենան նահանգապետի և ՏԻՄ ընտրություններ։

Այս միջանկյալ ընտրություններն առանձնահատուկ են նրանով, որ առաջինն են այն բանից հետո, երբ Թրամփը պարտվեց Բայդենին նախագահական ընտրություններում, իսկ նրա կողմնակիցները փորձեցին գրոհով վերցնել Կապիտոլիումը։

Ուշագրավ է, որ Դոնալդ Թրամփի  կողմնակից մի շարք քաղաքացիներ մտավախություն են հայտնում, որ ընտրություններում հնարավոր է կեղծիքներ թույլ տրվեն։ Ամերիկյան Politico պարբերականի հաղորդմամբ՝ նման մտավախությունը մեծ է հատկապես Արիզոնա, Միչիգան և Ջորջիա նահանգներում։ Թրամփի կողմնակիցները միմյանց կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններին՝ թույլ չտալով, որ իրենց քվեն կեղծվի։ 

Կոնգրեսի նոր կազմը կսկսի գործել 2023-ի սկզբից։ 

Նշենք, որ վերջին 2 տարիներին դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն է ունեցել ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Սենատում, ինչը թույլ էր տալիս իրենց մարդկանց նշանակել բոլոր կարևոր պաշտոններում, ինչպես նաև հաստատել նախագահ Բայդենի բոլոր նախաձեռնությունները։

 Ի՞նչ շանսեր ունի կուսակցություններից յուրաքանչյուրը

Այս անգամ ակնկալվում է, որ ընտրությունները կավարտվեն հանրապետականների հաղթանակով և նրանք կունենան մեծամասնություն թե Ներկայացուցիչների պալատում, թե Սենատում։ Նման ենթադրության հիմք են ծառայում հոկտեմբերին իրականացված սոցհարցումները, որոնց համաձայն ամերիկացիների 49 տոկոսը պատրաստվում է իր քվեն վստահել հանրապետականներին, իսկ 45 տոկոսը՝ դեմոկրատներին։ Նշենք, որ սեպտեմբերյան սոցհարցումներով դեմոկրատներն ավելի բարձր ցուցանիշներ ունեին։

CNN-ի կանխատեսմամբ՝ հանրապետականները կստանան 216 տեղ Ներկայացուցիչների պալատում  (վերահսկողության համար հարկավոր է 218 մանդատ), իսկ դեմոկրատները՝ 199 տեղ։ Մնացած 20 մանդատների ճակատագիրը դեռ հստակ չէ։ Դեռևս չկողմնորոշված քաղաքացիներն են որոշելու՝ Սենատը կունենա հանրապետական, դե դեմոկրատական մեծամասնություն։

Սենատում ներկայում դեմոկրատներն ունեն 36, իսկ հանրապետականները 29 մանդատ, որոնք այս ընտրություններով չեն վիճարկվում։  Ըստ CNN-ի կանխատեսման՝ վիճարկվող 35 մանդատներից 20-ը բաժին կհասնի հանրապետականներին, 12-ը դեմոկրատներին։ Եվ այս դեպքում էլ որոշիչ խոսք են ունենալու դեռևս չկողմնորոշված քաղաքացիները, որոնք որոշելու են 3 մանդատների պատկանելությունը։

Իսկ ահա The Economist պարբերականի կանխատեսմամբ՝ հանրապետականները Ներկայացուցիչների պալատում կունենան 224, իսկ Սենատում 51 տեղ՝ դառնալով մեծամասնություն։

Ինչո՞ւ են դեմոկրատները զիջում դիրքերը

Այն, որ իշխող կուսակցությունը կարող է կորցնել օրենսդիր մարմնում իր մանդատների մի մասը միջանկյալ ընտրություններում, ԱՄՆ-ում բնականոն երևույթ է։ Ներկայում դեմոկրատները ծանր դրության մեջ են մի շարք պատճառներով՝ սղաճը երկրում կազմում է 8,2 տոկոս, էներգակիրների տարեկան գնաճը կազմում է 19,8 տոկոս, իսկ սննդամթերքի գնաճը հասել է 11,2 տոկոսի։ Այս թվերն ավելի բարձր են, քան կանխատեսված էր։ Բարձր է նաև անհամաձայնությունը Բայդենի վարած քաղաքականության հետ՝ 55 տոկոս, կողմ է 40 տոկոսը, փաստում է Reuters գործակալությունը։

Ի՞նչ կլինի, եթե հաղթեն հանրապետականները

Եթե հանրապետականները վերահսկողություն սահմանեն ողջ կոնգրեսում, նրանք կկարողանան օրենսդրական նախաձեռնությունների իրենց օրակարգը թելադրել։ Իհարկե, ԱՄՆ նախագահն ունի վետոյի հնարավորություն, որի կիրառմամբ հնարավոր չի լինի հանրապետականների, այսպես ասած, պահպանողական նախաձեռնությունների իրականացումը։  Բայց, այդուհանդերձ, կոնգրեսն ավելի շատ կկենտրոնանա տնտեսական խնդիրների, միգրացիայի, հանցավորության և կրոնական թեմաների վրա։

Հանրապետականները նաև կկարողանան մերժել դատավորների՝ Բայդենի առաջարկած թեկնածուներին և Սպիտակ տանը պարտադրել, որ այդ պաշտոններում նշանակվեն իրենց ցանկալի մարդիկ։ Սենատի վերահսկողությունը նշանակում է նաև վերահսկողություն հանձնաժողովների նկատմամբ։ Հանրապետականները հնարավորություն կունենան դադարեցնելու «հունվարի 6-ի հանձնաժողովի» գործունեությունը, որը քննում է նախկին նախագահ Թրամփի առնչությունը Կապիտոլիումի գրավման փորձին։ Կվտանգվի նաև Բայդենի վերընտրվելու հնարավորությունը 2024-ին․  հայտնի է, որ նա մտադիր է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին և որոշակի նախապատրաստական աշխատանքներ են արդեն իրականացվում։ Պարտության դեպքում չի բացառվում, որ կուսակցության ներսում ճնշումներ կգործադրվեն Բայդենի վրա, որը 2024-ին արդեն կլինի 82 տարեկան, որպեսզի ճանապարհը զիջի երիտասարդ և հեռանկարային թեկնածուներին։

Մյուս հավանական տարբերակն է, որ հանրապետականները մեծամասնություն կազմեն միայն ներկայացուցիչների պալատում։ Այս պարագայում էլ օրենսդիր երկու մարմինների միջև հակասություններ կարող են առաջանալ հատկապես տնտեսական հարցերում, պետական ֆինանսավորման և պետական պարտքի առումով։ Այս պարագայում նաև հանրապետականները կունենան նախագահին իմփիչմենթ հայտարարելու հնարավորություն, քանի որ դրա համար Սենատի հաստատումը պետք չէ։

Հիշեցնենք, որ 2018-ին, երբ միջանկյալ ընտրություններում օրենսդիր մարմնում թելադրող դարձավ Դեմոկրատական կուսակցությունը, տեղի ունեցավ հայտնի Շաթդաունը, երբ դադարեցվեց դաշնային կազմակերպությունների ֆինանսավորումը, քանի որ բյուջեն չէր հաստատվել։ Նրանք նաև Թրամփի իմփիչմենթի գործընթաց նախաձեռնեցին։ Եթե հանրապետականները հիշաչար լինեն, նրանք կարող են նույնը կրկնել՝ վրեժ լուծելով դեմոկրատներից։

Ինչպե՞ս կանդրադառնա հանրապետականների հնարավոր հաղթանակը արտաքին քաղաքականության վրա

Ըստ փորձագետների՝ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ սպասելի չէ, անկախ այն բանից, թե օրենսդիր մարմնում մեծամասնություն կունենա Հանրապետական, թե Դեմոկրատական կուսակցությունը։ ՌԴ և Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ում առկա է կոնսենսուս։ Չի բացառվում, որ Ուկրաինային հատկացվող օգնությունների նախաձեռնություններն ավելի դանդաղ հաստատվեն, ավելի երկար քննարկվեն,  բայց ի վերջո կհաստատվեն, քանի որ բոլոր քաղաքական ուժերի մոտ միանշանակ է տեսակետը, որ ՌԴ-ին պետք է հնարավորինս  թուլացնել Ուկրաինայի միջոցով։ Իսկ տարբեր հանրապետական գործիչների հայտարարությունները, թե իրենց հաղթանակի դեպքում Ուկրաինան որևէ լումա չի ստանա, զուտ հայտարարություններ են․ նման տեսակետները գերակշռող չեն, որոշում կայացնողներն էլ նման հայտարարություններ անող գործիչները  չեն։

 

 

ԱՄՆ ընտրություններ ԱՄՆ կոնգրես Ջո Բայդեն Դոնալդ Թրամփ խմբագրի ընտրանի

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին