Հայաստանում պետք է արգելել գենոմոդիֆիկացված սերմերն ու տնկիները։ Այս մասին նոյեմբերի 9-ին ԱԺ արածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նիստում «գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» օրինագծերի փաթեթի եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
Այսպիսով, Հայաստանում կարգելվի նման սերմերի եւ տնկիների ներմուծումը եւ ցանկացած օգտագործում։ Արգելքը չի անդրադառնա միայն այս ոլորտում իրականացվող հետազոտություններին։ Կարգը կսահմանվի կառավարության կողմից։
«Հայաստանում գենոմոդիֆիկացված մշակաբույսերի ծավալի եւ տարածման վերաբերյալ տվյալներ չկան։ Այնուամենայնիվ, նման սերմերի նույնիսկ փոքր խմբաքանակը կարող է վտանգավոր լինել մեր հանրապետության բուսական եւ կենդանական աշխարհի համար: Վայրի բնության մեջ փոփոխված բույսերը կարող են խառնվել բնականի հետ եւ խեղաթյուրել դրանց գենային ծածկագիրը: Դա կարող է անդառնալիորեն փոխել վայրի բույսերը, որոնց մի մասն էնդեմիկ է»,-ասաց Խոջոյանը։
Այսպիսով, ԳՄՕ-ների առկայությունը կստուգվի միայն Հայաստանի տարածքում գործող սերտիֆիկացված լաբորատորիաներում եւ միայն այն բույսերի տեսակների համար, որոնք ունեն գենային ձեւափոխված տարբերակներ: