f

Անկախ

Առնվազն 1 տարով 2 գիտական ինստիտուտների գործունեությունը կաթվածահար կլինի, եթե ՊԳԿԿ առաջարկն իրականություն դառնա


«Վերջին 30 տարիների ընթացքում ինստիտուտի տեղափոխման հարցը պարբերաբար առաջացել է։ Մեր բոլոր տնօրենները պայքարել են դրա դեմ։ Հիմա պայքարի ինչ-որ բաժին նաև մեզ է  ընկնում, և մենք նույն պայքարը շարունակում ենք։ Բայց մենք չենք ուզում պայքարել, մենք ուզում ենք համագործակցել և օգտագործել մեր հնարավորությունները  հայկական պետականության ամրապնդման համար։ Իսկ որ մեր ինստիտուտը դրանում շատ մեծ դեր ունի, կասկած չկա։ Մեր ինստիտուտը Հայաստանի համար խորհրդանիշեր ստեղծող հիմնական հաստատությունն է»,- ասում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) տնօրեն, պ․գ․թ․ Արսեն Բոբոխյանը՝ մեկնաբանելով ինստիտուտի տեղափոխման շուրջ առաջացած աղմուկը։

Նշենք, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն (ՊԳԿԿ) ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին առաջարկում է Չարենցի 15 հասցեում  գտնվող շենքը տրամադրել Հաշվեքննիչ պալատին և տեղափոխվել Ներսիսյան 25՝ տեղավորվելով  ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հետ նույն շենքում։ ՀՀ ԳԱԱ-ն, ՀԱԻ-ն  և ՖԿՊԻ-ն  արդեն բացասական պատասխան են տվել որոշման նախագծին։ 

«Անկախի» հետ զրույցում Արսեն Բոբոխյանը մի շարք հիմնավորումներ է ներկայացնում, թե ինչու է սխալ Հնագիտության և ազգագրության ինստիտուտն այլ շենք տեղափոխելը։ 

  «Ինստիտուտը բազմաթիվ ներպետական և միջազգային ծրագրեր է իրականացնում, ունի կիրառական մեծ նշանակություն, նպաստում է Հայաստանում մշակութային  ենթակառուցվածքների՝ թանգարանների և զբոսաշրջության զարգացմանը։ Այս բնագավառների հետ  կապված բոլոր հաստատությունները գտնվում են ամիջական հարևանությամբ»,- ասում է Բոբոխյանը՝ հավելելով, որ ՀԱԻ շատ աշխատակիցներ դասավանդում են ԵՊՀ-ում և Հայաստանի ամերիկյան համալսարանում, ինչը հնարավոր է կենտրոնում գտնվելու և այդ հաստատություններին մոտ լինելու շնորհիվ։

«Ինստիտուտը ակադեմիական խորհրդատվություն է տրամադրում կառավարության կողմից ընդունվող տարբեր օրենքների, իրավական ակտերի շուրջ։ Այս ամենը վկայում է, որ ինստիտուտը պետք է գտնվի Երևանի հենց կենտրոնում»,- ասում է նա։

Շարունակելով հիմնավորումների թվարկումը՝ Բոբոխյանը նշում է, որ ՀԱԻ-ն միջազգային շատ կապեր ունի, իրականացնում է մեծածավալ պրոյեկտներ; Եվ դրսի բոլոր գործընկերների համար իրենց հասցեն Չարենցի 15-ն է։ «Ինստիտուտը կարողանում է   և երկրի ներսում, և երկրից դուրս կարծիք ձևավորել, այսինքն բավականին մեծ հեղինակություն ունի։ Այդպիսի ինստիտուտին տեղափոխելը չեմ համարում ճիշտ քայլ»,- ասում է նա։ 

Բոբոխյանը նաև շեշտում է, որ ՀԱԻ-ն Չարենցի 15 հասցեում է գտնվում 1975-ից ի վեր։ Այս տարիների ընթացքում մեծ ներդրումներ են արվել շենքային պայմաններն ինստիտուտի գործունեությանը և անձնակազմի պահանջներին  հարմարեցնելու համար։ Վստահեցնում է՝ որևէ այլ շենք ինստիտուտի պահանջներին հարմարեցնելու համար մեծ ներդրումներ և տևական ժամանակ է հարկավոր։ 

«Մենք ինստիտուտային բուն շենքից բացի հարևանությամբ  ունենք  500 քմ-ից ավել տարածք, որտեղ ունենք լաբորատորիաներ։ Դրանք վատ վիճակում են գտնվում, վերանորոգման կարիք ունեն։ Կարելի էր այդ լաբորատորիաները վերականգնել, թանգարանային պայմաններ ստեղծել»,- ասում է Բոբոխյանը՝ առաջարկելով միլիոնավոր դոլարները, որ ծախսվելու է նոր շենքը իրենց պահանջներին հարմարեցնելու համար, հատկացնել ՀԱԻ լաբորատորիաների վերանորոգման և հզորացման համար։

«Մեզ  առաջարկվող շենքը չի համապատասխանում ինստիտուտի գործունեության պահանջներին։ Այն խորհրդային  տարիներին կառուցված կիսագործարանային բնույթի շենք է, որը մեր մթնոլորտին ոչ մի կերպ չի համապատասխանում։ Միլիոնավոր դոլարների ներդրումներ պետք կլինեն, որպեսզի կարողանանք այդ նոր շենքը հարմարեցնել մեր պահանջներին»,- ասում է նա։

Հարցին, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե որոշման նախագիծն  այնուամենայնիվ որոշում դառնա, Բոբոխյանն ասում է, որ նախ և առաջ տևական ժամանակով կաթվածահար կլինի ՀԱԻ գործունեությունը։

«Ահռելի ժամանակ է պետք  այս ամեն ինչը տեղափոխելու համար, որի ընթացքում մեր աշխատանքը կաթվածահար է լինելու։ Իսկ ինստիտուտը 200 աշխատակից ունի»,- ասում է նա։

Բոբոխյանը շեշտում է՝ իշխանությունները մի կողմից բարձրացնում են գիտության ֆինանսավորումը, փորձում են մրցունակ աշխատավարձ ապահովել արդյունավետ գիտաշխատողների համար, ինչը դրական է, բայց մյուս կողմից էլ համարժեք վերաբերմունք չեն ցուցաբերում գիտության տարածքին՝ գիտաշխատողների համար աշխատանքային պայմաններին։

«Եթե մենք ուզում ենք  գիտություն զարգացնել, առաջին հերթին տարածքը պետք է զարգացնենք, համապատասխան պայմաններ ստեղծենք գիտնականների աշխատանքի համար, հետո միայն արդյունավետություն պահանջենք,- ասում է նա։- Մեր ինստիտուտը բավականին արդյունավետ է աշխատում, վերջին տասնամյակներին լուրջ արտադրանք ենք տվել, որը չափելի գիտական արդյունք է․ մեր շխատակիցները տպագրվում են աշխարհի լավագույն հանդեսներում, որը Հայաստանի վարկանիշը հումանիտար  գիտությունների ոլորտում խիստ բարձրացնում է, նաև  նպաստում է տուրիզմի զարգացմանը։ Իրականում տուրիզմի զարգացումը շատ մանրամասներով կապված է մեր տիպի կազմակերպությունների աշխատանքի հետ։ Մեր ինստիտուտի դերն առաջնային է, եթե ուզում ենք միջազգային մակարդակի տուրիզմ ունենալ։ Բացի այդ, ինստիտուտը մեծ ներդրումներ է բերում երկիր։ ԵՄ և միջազգային բազմամիլիոնանոց ծրագրեր են բերվում Հայաստան, խոշոր բյուջեով  արշավախմբեր են Հայաստանում  աշխատում, որոնք տարեկան ներդրումներ են կատարում, ինստիտուտն էլ  տարեկան հարյուրավոր բանվորների կարողանում է վճարել»։ 

Բոբոխյանն ընդգծում է՝ խորհրդային տարիներին ակադեմիական հաստատությունները կենտրոն էին բերում,  գիտնականներին տներ էին հատկացնում կենտրոնում, գիտնականը շատ մեծ վարկանիշ ուներ, գիտնականներն էլիտայի մասն էին ու իրենց խոսքն ունեին մեր երկրի զարգացման գործում։ Մինչդեռ անկախությունից ի վեր հակառակ մոտեցումն է գերիշխող, ինչի հետևանք է այն, որ այսօր գիտնականի վարկը մեծ չէ, որ ինստիտիտուտը Կենտրոնից հանելու խնդիր է առաջացել։

ՀԱԻ տնօրենը համոզված է՝ ինչպես գիտության կազմակերպման և ֆինանսավորման հարցում ասելիք ունեն ոլորտի մասնագետները, նույնը պետք է լինի նաև շենքերի տնօրինման հարցում։ Ասում է՝ նման նախագծեր մշակելիս պետք է միջմասնագիտական մոտեցում ցուցաբերվի, նաև գիտնականների կարծիքը լսեն և հաշվի առնեն, թե այն ինչպես կանդրադառնա գիտության վրա։ 

Բոբոխյանն առաջարկում է Հաշվեքննիչ պալատը տեղափոխել Ներսիսյան 25 հասցե։ «Ինչո՞ւ են հենց հարցը մեզ բերում, երբ մեր ինստիտուտը շատ արդյունավետ օգտագործում է  իր տարածքը»,- ասում է նա։

Ուշագրավ է, որ Ներսիսյան 25 հասցեում գտնվող Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը (ՖԿՊԻ) ևս դեմ է որոշման նախագծին, այստեղ վստահեցնում են՝ 200 աշխատակից ունեցող ինստիտուտն ազատ տարածքներ չունի 200 աշխատակից ունեցող մեկ այլ ինստիտուտի ընդունելու համար։

ՖԿՊԻ տնօրեն Վահան Քոչարյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ իրենք ազատ տարածք չունեն և նախագիծը մշակելիս իրենցից կարծիք չեն հարցրել։

Քոչարյանն ասում է՝ ենթադրյալ ազատ տարածքում, որը ՀԱԻ-ին պետք է հատկացվի, տեղակայված են իրենց սպեցիֆիկ լաբորատորիաները՝ ռենտգեն սարքավորումներով, պլազմայի հետ աշխատելու սարքավորումներով, բարձրավոլտ լարումով  և այլն, իսկ դրանք խտացնել հնարավոր չէ։ Ավելին, ՖԿՊԻ-ն գրանտային ծրագիր է շահել, որի շրջանակներում հաջորդ տարի 2 նոր լաբորատորիա պետք է ստեղծի։ Այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ են իրականացվել, վերանորոգվել է տարածքը։

Եթե, այնուամենայնիվ, երկու ինստիտուտները մեկ շենքում տեղակայվեն, ըստ Քոչարյանի, առնվազն մեկ տարով ՖԿՊԻ գործունեությունը կխաթարվի, քանի որ այդքան ժամանակ կպահանջվի տեղափոխված  սարքավորումները կարգաբերելու համար, որպեսզի կարողանան կրկին հետազոտություններ իրականացնել։

Ինչո՞վ է պայմանավորված նման որոշման նախագիծը, և ինչու հենց ՀԱԻ-ին են առաջարկում տեղափոխվել Ներսիսյան 25, ոչ թե Հաշվեքննիչ պալատին։ 

«Անկախի» հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանն ասում է․ «Ընդամենը եղել է առաջարկություն, որը ներքին քննարկումների փուլում է։ Շարժառիթը եղել է գույքի արդյունավետ կառավարումը»։ Ըստ Ասատրյանի՝ ՊԳԿԿ-ն մտածել է, որ Ներսիսյան 25 հասցեում գտնվող շենքն ավելի արդյունավետ կլինի ՀԱԻ համար։ Իսկ Չարենցի 15 հասցեում գտնվող շենքը պետք է հատկացվեր Հաշվեքննիչ պալատին։

« Պետական մի շարք հաստատություններ կան, որոնք մասնավորից վարձակալությամբ տարածքներ են զբաղեցնում, ինչը միլիոնավոր դրամներ է արժենում պետությանը։ Հաշվեքննիչ պալատի դեպքում խոսքը տարեկան 40 մլն-ի մասին է։ Հիմա մեր մոտեցումն այն է, որ ժամանակի ընթացքում պետական բոլոր գերատեսչությունները պետք է ձերբազատվեն վարձակալած տարածքներից և հետզհետե տեղափոխվեն պետական տարածք»,- ասում է Ասատրյանը։

Հարցին, թե ինչու Հաշվեքննիչ պալատին չեն առաջարկում Ներսիսյան 25 տեղափոխվել, ասում է․ «Մասնագիտական քննարկումների հարց է, չգիտեմ՝ ինչու։ Միգուցե այն պատճառով,  որ այնտեղ ԳԱԱ մեկ այլ ինստիտուտ է տեղակայված»։

Անդրադառնալով խնդրին, որ ՖԿՊԻ շենքում ազատ տարածք չկա մեկ այլ ինստիտուտ ընդունելու համար, Ասատրյանն ասում է՝ որքանով տեղյակ է, նախատեսվում է ապագայում ակադեմիական քաղաք հիմնելուց հետո ՖԿՊԻ-ն Աշտարակ տեղափոխել։ Իսկ թե մինչ այդ երկու ինստիտուտները մեկ շենքում ինչպես պետք է տեղավորվեն, անհայտ է։ 

Հարցին, թե  ինչու են ընտրել Երևանի կենտրոնում գտնվող շենքը, ոչ թե մեկ այլ ուրիշը, Ասատրյանն ասում է՝  ցանկացած հասցեի պարագայում էլ այդ հարցադրումը կարելի է անել։ Կարևորն այն է, որ շենքը չի օտարվում վաճառվելու համար, այլ հատկացվելու է մեկ այլ պետական գերատեսչության։


 

խմբագրի ընտրանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՀՀ ԳԱԱ գիտություն ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե Հայաստան

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին