Թուրքիան հարված է հասցրել Սիրիայում քրդական դիրքերին Ռուսաստանի բազայի ներսում, որի հետևանքով զինյալ է սպանվել։ Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով քուրդ պաշտոնյային, փոխանցում է Turkish Minute-ը։
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել են նաև քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) երեք մարտիկներ, որը տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գլխավոր դաշնակիցն է ԻԼԻՊ-ի դեմ պայքարում։
Այս մասին հայտնել է SDF-ի պաշտոնյա Ֆարհադ Շամին։ Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը հայտնել է, որ հարվածի հետևանքով նաև ռուս զինվոր է վիրավորվել։
Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից օգտագործվող հյուսիսարևելյան հատվածում գտնվող մեկ այլ բազայի վրա նմանատիպ մահացու հարվածից մեկ օր անց: Մոսկվայում դեռ չեն հաստատել տեղեկությունը։
Նշենք, որ Ռուսաստանը Սիրիայում զորքեր ունի 2015 թվականից։ Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) անօդաչու թռչող սարքը նախօրեին էլ հարվածել էր Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» գլխավորած միջազգային կոալիցիայի բազային։
Մինչ այդ՝ կիրակի Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի և Իրաքի հյուսիսում քրդերի դեմ գործողություն էին իրականացրել՝ իբր ահաբեկիչներին վերացնելու համար։