f

Անկախ

Երազանքների ավերված տունը՝ Կարմիր Շուկայում


Արցախցի Լիլյան զրույցի ընթացքում ուղարկում է մի տեսանյութ, որը դիտելիս մարմնովս սարսուռ է անցնում․ գիշերային Ներքին Թաղավարդն է, մի փոքր հեռվում՝ ադրեբաջանական դիրքերը և գիշերային լռությունը խախտող և գայլի ոռնոց հիշեցնող մի ձայն, որը բարձրախոսով «Allahu Akbar» է կանչում։

Սարսափելի ձայնը տարածվում է նիրհող գյուղի վրա, մտնում ամեն տուն։ Նպատակը հոգեբանական ճնշումն է։ Ես ազդվում եմ անգամ Երևանում նստած, Լիլյան ու մյուս թաղավարդցիներն արդեն սովոր են, թեթև են տանում։

«Որոշ ժամանակ առաջ էլ բարձրախոսով մեզ սպառնում էին, որ լքենք գյուղը, թե չէ բռնություն կկիրառեն»,-պատմում է Լիլյան,- ոչ մի օր անվտանգ չենք, էսօր էլի նստած թեյ էինք խմում, կրակեցին։ Մոտ մի ժամ կրակոցներ էին։ Գյուղաշխատանքներ կատարելու ժամանակ կրակում էին գյուղացիների ուղղությամբ»։

Լիլյայենց տան պատուհանից թշնամու դիրքերը երևում են։ Թշնամին էլ ուշի-ուշով գյուղին է հետևում, նույնիսկ տեսանկարահանում։

Թաղավարդը Մարտունու շրջանի գյուղերից է։ 44-օրյա պատերազմի հետևանքով գյուղի Վերին Թաղավարդ հատվածն օկուպացվել է Ադրբեջանի կողմից։ Ներքին Թաղավարդն անառիկ է մնացել։ Այս պահին այնտեղ 609 բնակիչ է ապրում (154 ընտանիք):

Լիլյա Սարգսյանը ծնվել է Թաղավարդում, Կարմիր Շուկա հարս գնացել։ 2020 թվականի ձմռանն ամուսնու հետ միասին իրենց երազանքներից մեկն էին իրականացրել՝ հիփոթեքով տուն էին գնել, կահավորել և հազիվ էին սկսել վայելել, երբ պատերազմը սկսվեց։

Ամուսինը՝ Դավիթ Սարգսյանը, պայմանագրային զինծառայող էր, դասակի հրամանատար։ Պատերազմի օրը Ջրականի դիրքերում էր։ Եղբայրը ժամկետային զինծառայող էր, նա նույնպես Ջրականում էր պատերազմի թեժ օրերին։ Հայրն էլ որպես կամավոր էր մեկնել առաջագիծ։

Պատերազմի հենց սկզբից կանայք, երեխաներն ու տարեցները տարհանվում էին, տեղափոխվում Հայաստան։ Բայց Լիլյան ու մայրը որոշում են մնալ Արցախում՝ իրենց տղամարդկանց կողքին։

«Ես ու մայրս գյուղից դուրս ենք եկել վերջինը՝ հոկտեմբերի 27-ին, վերադարձել առաջինը՝ նոյեմբերի 13-ին։ Հիշում եմ՝ երբ վերադարձանք, ամբողջ գյուղում միայն մենք էինք ։ Ո՛չ լույս կար, ո՛չ գազ, ո՛չ ջուր, ոչ էլ խանութ։ Գնում էինք Ստեփանակերտ, առևտուր անում, գալիս»։

44-օրյա պատերազմը նրանց ընտանիքին անձնական մեծ ողբերգություն է բերել, փշրել նրանց երազանքները։

Լիլյայի եղբայրը՝ Արթուր Գասպարյանը, որ մեկ տարվա զինծառայող էր, պատերազմից օրեր առաջ էր բոլորել 20-ամյակը։ Ասկերանում էր ծառայում։ Երբ պատերազմը սկսվում է, նրան տեղափոխում են Ջրական։

«Հոկտեմբերի 3-ին, երբ Արթուրին տեղափոխում էին Ջրական, Կարմիր Շուկայով պիտի անցնեին։ Զանգեց, ասեց՝ ուզում եմ ձեզ բոլորիդ տեսնեմ, նոր գնամ։ Երևի սիրտը զգում էր, որ վերջին անգամ է մեզ տեսնելու։ Մոտ տասը րոպե խոսեցինք, առաջին անհրաժեշտության իրեր, քաղցրավենիք տվեցինք, գնացին։ Դա մեր վերջին հանիպումն էր»։

Վերջին անգամ եղբոր ձայնը լսել են հոկտեմբերի 8-ին։ Զանգել, զգուշացրել է, որ իրենց տեղափոխում են, հնարավոր է՝ չկարողանա զանգել։ Այդպես էլ չի զանգում։ Հոկտեմբերի 8-ի գիշերը Արթուրը զոհվում է։

«Արթուրի զոհվելու մասին իմացանք մի քանի օր անց։ Ավելի ճիշտ՝ մեզ ասացին, որ անհայտ կորածների ցուցակում է։ Դա մեզ հույս ներշնչեց, որ կգտնվի»,-պատմում է քույրը։

Երկու ամիս ընտանիքը որոնում էր Արթուրին։ Քույրը բոլոր դռները թակել էր, հնարավոր ու անհնար բոլոր ճանապարհերով գնացել, բայց ոչ մի հստակություն։

Վայրը, որտեղ վերջին անգամ կռվել էր եղբայրը, անցել էր թշնամու վերահսկողության տակ։ Եվ միայն դեկտեմբերի 8-ին Արթուրի հրամանատարը Կարմիր խաչի միջոցով հնարավորություն է ունենում այցելել այնտեղ։  

«Այդ օրը հրամանատարը զանգեց, ասաց՝ Արթուրին հանել եմ։ Ասացի՝ ո՞նց, բա ո՞ւր է, ինչո՞ւ մեզ չի զանգում։ Ասաց՝ մասունքներն եմ հանել․․․ իսկ մենք նրան ողջ էիք սպասում»։

Մարտի 24-ին ԴՆԹ անալիզը հաստատվում է, վերջին հույսը՝ մարում։

20-ամյա Արթուրը հանգչում է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը։ Մինչ օրս հրամանատարը հիշում է նրան որպես հրաշք զինվոր։

Լիլյայի հայրն ու ամուսինը բարեբախտաբար պատերազմից ողջ են վերադառնում, ամուսինը՝ հրաշքով․ 10-12 օր Ջրականում շրջափակման մեջ մնալուց հետո 40-50 հոգանոց ջոկատին հաջողվում է դուրս գալ շրջափակումից։

Լիլյայի ու ամուսնու Կարմիր շուկայի տունը, որ մեծ սպասումով էին գնել, պատերազմի ժամանակ ավերվում է։ Այժմ այնտեղ անհնար է ապրել։ Բանկը հիփոթեքը սառեցրել է, բայց տունը պետք է հիմնանորոգվի։ Սպասում են։ Արցախի կառավարությունն առաջնահերթությունը զոհվածների և հաշմանդամների ընտանիքներին է տալիս, սեփական միջոցներով էլ ի վիճակի չեն հիմնանորոգել։ Թե ինչքա՞ն կսպասեն, անհայտ է։

Ավերված տան համար ամուսինն ընդամենը միանվագ 250 հազար դրամ է ստացել, Լիլյան էլ պետք է այդքան գումար ստանար, բայց տեխնիկական խնդիրների պատճառով չի ստացել։  

Լիլյան մասնագիտությամբ մանկավարժ է, այս տարի է ուսումն ավարտել, դեռ աշխատանք չի գտել։ Ամուսինն այժմ Արցախի ոստիկանական համակարգում է ծառայությունը շարունակում։

Երիտասարդ ամուսիններն առայժմ Լիլյայի հայրական տանն են ապրում՝ Թաղավարդում, ադրբեջանցիների դիրքերի, կրակոցների, մուղամի ու սպառնալիքների ներքո, բայց կյանքն Արցախից դուրս չեն պատկերացնում։ Նորից երազում են սեփական տան ու ընտանեկան օջախի մասին։ Կարմիր Շուկայի իրենց տունն են ուզում։

Լիլյան հիշում է՝ երբ նոր էին ամուսնացել, եղբայրն Ամանորին իրենց տուն գալիս մի կարևոր բարեմաղթանք էր հղում՝ հաջորդ Ամանորին թող այս տանը երեխա վազվզի։

Եղբոր մաղթանքը դեռ չի իրականացել, բայց պատերազմից հետո այն բոլորովին նոր իմաստ ու արժեք է ստացել։

 

 

44-օրյա պատերազմ Արցախ Հայաստան հերոսներ Լիլյա Սարգսյան Արթուր Գասպարյան խմբագրի ընտրանի Թաղավարդ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին