f

Անկախ

Զորաց քարեր հուշարձանը հազարամյակներ շարունակ ծառայել է որպես աստղադիտարան․ գիտական նոր բացահայտումներ


Սյունիքի մարզի Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանի վերջին ուսումնասիրություններով  լիարժեք հիմնվորվում է, որ հազարամյակներ շարունակ այն ծառայել է աստղադիտական նպատակներին։ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստադիտարանի գիտաշխատողները հուշարձանում բացահայտել են աստղադիտման համար նախատեսված մի շարք «գործիքներ», որոնք վկայում են, որ հուշարձանը ծառայել է երկնային լուսատուների շարժին (ծագումներին, անկումներին, անցումներին և այլն) հետևելու համար։

ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստադիտարանի Պատմամշակութային աստղագիտության բաժնի վարիչ, բ․գ․թ․ Հայկ Մալխասյանն «Անկախի» հետ զրույցում ասում է, որ հուշարձանի վերաբերյալ Պարիս Հերունու չափագրական տվյալների մի փոքր մասն է միան հրապարակված, արխիվային տվյալների մեծ մասը հասանելի չէ,  ուստի հուշարձանն աստղագիտական տեսանկյունից ուսումնասիրելու համար չափագրական ճշգրիտ տվյալների անհրաժեշտություն կար։ Այդ նպատակով Բյուրականի աստղադիտարանը ՃՇՀԱՀ-ի մասնագետների հետ համագործակցությամբ 2020-ին մեկշաբաթյա գիտարշավ է իրականացրել դեպի Զորաց քարեր։

Արդյունքում հուշարձանը չափագրելուց բացի բացահայտվել են նաև մի շարք «դիտողական գործիքներ»։ «Նախկինում խոսվում էր միայն անցքերով քարերի մասին  որպես դիտողական գործիքներ։ Բայց այդ անցքերը բավականին մեծ են, հետևաբար դրանց միջոցով ձևավորվող ուղղությունների ճշտությունները՝ փոքր։ Մեր կողմից ի հայտ են բերվել առնվազն 4  դիտահարթակներ, 5-րդը դեռևս ուսումնասիրության փուլում է,- ասում է Մալխասյանը։- Դրանք հորիզոնական դիրքում գտնվող սալաքարեր են, որոնց վրա կանգնելիս միջահասակ մարդու տեսադաշտում երևում են որոշ ուղղորդիչ քարեր, որոնց գագաթները համընկնում են հորիզոնի ուրվագծին։ Դիրքը փոխելիս դա խախտվում է»։ Մալխասյանն ասում է, որ չափագրումներով պարզել են, որ դիտահարթակներից մեկը նախատեսված է եղել արևադարձերին, գիշերահավասարին արևածագերի դիտման համար, մյուսերը՝ աստղերի ծագումներ և անցումները դիտելու համար։ 

«Կան ուղղություններ, որտեղից արևածագ, լուսնի ծագում կամ մոլորակների ծագում հնարավոր չէ դիտել, այնտեղ կարելի է դիտել միայն աստղերի անցումներ։ Սա հստակ  երկնային լուսատուներ դիտելու նպատակով ստեղծված  կառույց է»,- ասում է Մալխասյանը՝ հավելելով, որ այդ մասին են վկայում նաև ժամանակի ընթացքում հուշարձանում տեղի ունեցած փոփոխությունները։

«Այդ փոփոխությունները նպատակային են արված։ Ժամանակի ընթացքում,  խոսքը հարյուրավոր և հազարավոր տարիների մասին է, աստղերն իրենց ծագման կետերը հորիզոնի վրա փոխում են։ Ուստի  հուշարձանը կիրառողները ստիպված են եղել  որոշակի փոփոխություններ անել, որպեսզի հարմարվեն փոփոխվող երկնակամարին՝  այն նպատակին ծառայեցնելու համար,- ասում է նա։-  Սա նույնպես փաստում է, որ հուշարձանը հազարավոր տարիներ որպես աստղադիտարան է ծառայել»։

Մալխասյանը նաև նշում է, որ ուսումնասիրություններով կարողացել են կապ գտնել հուշարձանի և այսպես կոչված Նախահայկյան օրացույցի միջև։ «Նախաքրիստոնեական 2 օրացույց է հայտնի՝ մեկը բուն Հայկյան տոմարն է, որի սկզբնավորումը 3-րդ հազարամյակի վերջերին է վերաբերում, և Նախահայկյան օրացույցը, որի սկզբնավորումը որոշվել է դեռ 2016-ին։ Այն թվագրվում է Ք․Ա․ 9-րդ հազարամյակով, այսինքն մեզանից 11 հազար տարի առաջ,- ասում է Մալխասյանը։- Դրա գլխավոր աստղը, որը պետք է  ծագեր Նավասարդի օրը, եղել է «Կույս» համաստեղության ամենապայծառ աստղը։ Եվ այդ աստղի դիտումը մենք հուշարձանում գտանք։ Այնտեղ կենտրոնական քարերից մեկի վրա հատուկ տաշված անկյուն  կա, որը հստակ ուղղություն է ցույց տալիս, և այդ ուղղությունը համապատասխանում է հենց 11 հազար տարի առաջ «Կույս»  համաստեղության գլխավոր աստղի անցմանը՝ Նավասարդի օրը»։ Մալխասյանն ասում է՝ մինչև գիտարշավը հայտնի էր, որ մեր նախնիները դիտել են այդ աստղի ծագումը, հուշարձանի ուսումնասիրություններով դա ևս մեկ անգամ հաստատվել է։ 

Մալխասյանն ասում է՝ անհերքելի փաստերով կարողացել են ապացուցել, որ մեգալիթյան այս հուշարձանը, ինչպես և Հյուսիսային Եվրոպայում բացահայտված նմանատիպ բազմաթիվ այլ հուշարձաններ, ծառայել է աստղադիտիական նպատակների։ 

Փաստերը վկայում են, որ հուշարձանը, կամ դրա գոնե մի մասը,  վերաբերում է Ք․Ա․  9-րդ հազարամյակին։ Կան նաև ավելի հին շերտեր, որոնց ուսումնասիրությամբ հիմա զբաղվում են. «Վարկած կար, որ, հուշարձանի հատակագծային կառուցվածքը կրկնում է «Անգղ»  համաստեղությունը, որը հիմա կոչվում է «Կարապ»/Հյուսիսային խաչ։ Երբ բոլոր տվյալները հաշվի առանք և զուտ աստղագիտորեն մոտեցանք ու հաշվարկ կատարեցինք, ստացանք 32 հազար տարի, քանի որ հենց այդ ժամանակ են համաստեղության աստղերն ունեցել այդ դասավորությունը։ Այս հանգամանքը  նույնպես ստիպեց հուշարձանի ուսումնասիրություններին նոր թափ հաղորդել»:

Մալխասյանը շեշտում է, որ հուշարձանը մի քանի շերտերի է բաժանվում․ առայժմ տեսանելի է, որ այն լուրջ փոփոխությունների է ենթարկվել Ք․Ա․ 9-րդ, 6-րդ և 3-րդ հազարամյակներում։ 

«Հուշարձանը 6-7  հազար տարի անընդհատ շահագործվել է։ Սա նշանակում է, որ տեղում ապրել են նստակյաց կենսակերպ ունեցող մարդիկ, ովքեր ունեցել են որոշակի պետականության մոդել, որովհետև նման ծավալների կառույց կառուցել,  այն էլ նման նպատակներով, հնարավոր չէր առանց  պետականության թեկուզ ինչ-որ նախնական ձևի։ Այդ մարդիկ ունեցել են կանոնական կենցաղ, օրացույց, տիրապետել են երկրագործությանը, այսինքն բավականին զարգացած մշակույթի կրողներ են եղել։ Նրանք անընդհատ ապրել են այդ տարածքում՝ առանց մշակութային փոփոխության։ Ավելին հուշարձանում տեսանելի է նաև օրացույցային մշակույթի փուլային զարգացման էլեմենտներ»,- ասում է Մալխասյանը։

 Շարունակելով իրենց գիտական արդյունքի կարևորության թվարկումը՝ Մալխասյանն ասում է, որ  հուշարձանի վերլուծությունն այն ուղղակի կերպով կապում է հայկական մշակույթի հետ։ «Մի բան է, երբ ասում ենք՝ Սիսիանի տարածքում կա աստղագիտական նշանակության հուշարձան, և լրիվ այլ է, երբ այն կապվում է հայկական մշակույթի հետ։ Ստացում է որ 11 հազար  տարի այդ տարածքում ապրել են հայկական մշակույթի կրողները։

Իսկ առնչությունները բազմաթիվ են՝  սկսած  ազգագրությունից վերջացրած հնագիտական նյութով»,- ասում է նա։ 

«Չորրորդ  կարևոր հանգամանքն այն է, որ հուշարձանի  կառուցվածքն ուղղակի կապերով կապվեց Շիրակի մարզի Քեթիի հնավայրից պեղված մի  սև փայլեցված խեցեղենի նմուշի հետ, այն ծիսական սափոր է, որի վրա փորագրված է Նախահայկյան օրացույցը։ Այդ օրացույցը վերաբերում է 4-րդ հազարամյակի վերջին։ Սա հնագիտական մեթոդներով  թվագրված խեցեղեն է։ Եվ հիմա մենք տեսնում ենք ուղղակի կապերը այդ փորագրված  օրացույցի և հուշարձանի կառուցվածքի ու բովանդակության միջև։ Այսինքն՝ Սիսիանից մինչև Շիրակի մարզ ունենք նույն մշակույթը, նույն օրացույցը, որով մարդիկ ապրել են։ Այսպիսով պարզվում է, որ վաղ բրոնզի դարից դեռ շատ առաջ գոյություն են ունեցել կանոնականցված օրացուցային պատկերացումները։ Այսինքն մենք պետք է հազարամյակներ ավելի ետ նայենք, քան  թե Ք․Ա․4-3-րդ հազարամյակները, որպեսզի լավ պատկերացնենք մեր արմատների խորությունը»,- ասում է նա։

Հարցին, թե ինչու տասնամյակներ շարունակ աստղագիտական տեսանկյունից հուշարձանը չի ուսումնասիրվել, Մալխասյանը դժվարանում է պատասխանել։ Ասում է՝ ըստ ամենայնի պատճառը գիտության սուղ և ոչ նպատակային ֆինանսավորումն է և եղած ֆինանսավորման համար ուղղվածությունների անհստակությունը։ Մյուս կողմից էլ Հնաաստղագիտությունը որպես գիտության առանձին ճյուղ վերջին տասնամյակներում է Հայաստանում սկսել զարգանալ: Գուցե ամենահիմնական պատճառը սա է: «Միայն այդ մի հուշարձանը չէ, մենք Շիրակի մարզում էլ մի հսկայական հուշարձան ունենք, որն  ընդհանրապես ուսումնասիրված չէ։ Եթե Պարիս Հերունին սրան գոնե անդրադարձել էր, այնտեղ աստղագիտական տեսանկյունից որևէ ուսումնասիրություն չի իրականացվել։ Այնտեղ նույնպես առաջին հայացքից հստակ է, որ աստղագիտական կողմնորոշում ունեցող հուշարձան է, որը բացարձակ ուսումնասիրված չէ։ Հիմա դա էլ ենք չափագրում։ Այն գտնվում է Շիրակի մարզի Հարթաշեն գյուղի մոտ»,- ասում է Մալխասյանը։

 

Նյութի լուսանկարները տրամադրել է Հայկ Մալխասյանը

գիտություն աստղագիտություն խմբագրի ընտրանի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան Բյուրականի աստղադիտարան Զորաց քարեր Քարահունջ հայագիտություն

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին