2023 թվականին աշխարհի ամենախոցելի 230 միլիոն մարդկանց մարդասիրական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է ռեկորդային 51,5 միլիարդ դոլար, ասվում է ՄԱԿ-ի ամենամյա Global Humanitarian Review-ում, որը հրապարակվել է հինգշաբթի՝ դեկտեմբերի 1-ին:
Միավորված ազգերի կազմակերպության Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը գնահատել է, որ հաջորդ տարի լրացուցիչ 65 միլիոն մարդ օգնության կարիք կունենա՝ 68 երկրներում աջակցության կարիք ունեցող մարդկանց ընդհանուր թիվը հասցնելով 339 միլիոնի: Սա մոլորակի բնակչության ավելի քան 4 տոկոսն է կամ այնքան որքան Միացյալ Նահանգների բնակչությունն է։
53 երկրներում առնվազն 222 միլիոն մարդ մինչև 2022 թվականի վերջը կբախվի սննդի սուր կարիքի, որից 45 միլիոնը 37 երկրներում՝ սովի անմիջական վտանգի, ասվում է փաստաթղթում։
«Մահացու երաշտներն ու ջրհեղեղները ավերածություններ են առաջացնում Պակիստանից մինչև Աֆրիկայի եղջյուրիի երկրներում: Ուկրաինայում պատերազմը Եվրոպայի մի մասը վերածել է մարտի դաշտի», – բացատրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ և շտապ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսը՝ նշելով, որ աշխարհում ավելի քան 100 միլիոն մարդ փախստական է կամ ներքին տեղահանված: