Կառավարությունն առաջարկում է առանց աշխատանքային պայմանագրի աշխատողներին, այն է՝ անհատ ձեռնարկատերերին և ինքնազբաղված անձանց, ինչպես նաև մեր երկրում աշխատող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց արհմիություններ ստեղծելու կամ գործող արհմիություններին անդամակցելու հնարավորություն տալ։ Այդ նպատակով փոփոխություններ են նախաձեռնվել «Արհեստակցական միությունների մասին» օրենքում։ Նախագիծը ներկայում հանրային քննարկման փուլում է։
Նախագիծը հեղինակած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսպես է հիմնավորում օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը․«Աշխատողների իրավունքների երաշխավորված պաշտպանության լավագույն երաշխիքներից է գործուն արհեստակցական միության առկայությունը։ Սակայն հարկ է նկատել, որ գործող ոչ բոլոր արհմիություններն են արդյունավետ կերպով իրականացնում օրենքով սահմանված իրենց գործառույթը։
Միաժամանակ առկա է նաև արհեստակցական միությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտություն»։
«Նախագծերի ընդունման նպատակն արհմիությունների ինստիտուտի դերի բարձրացումն է, ինչպես նաև բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման և խորացման նպատակով համապատասխան հիմքերի ապահովումն է՝ համապատասխանեցնելով նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին»,- ասված է նախագծում։
Կառավարությունն ակնկալում է, որ օրենքի ընդունման պարագայում կընդլայնվի արհեստակցական միությունների գործիքակազմը, կապահովվի գործուն արհեստակցական միությունների առկայություն, որոնք արդյունավետորեն կհամագործակցեն նաև գործատուների հետ՝ կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների շրջանակներում։
Արդյոք միայն օրենսդրական փոփոխությունը բավարար է արդյունավետ աշխատող արհմիություններ ունենալու համար։Առաջարկվող օրենսդրական փոփոխություններն ինչպես են ապահովելու արհեստակցական միություններին արդյունավետ գործունեությանը։ Եվ որն է առաջարկվող օրենսդրական փոփոխության բուն նպատակը։ Այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանին։
Նա տեղեկացրեց, որ նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում, որից հետո նախարարությանը կարծիք և առաջարկություններ կներկայացնեն։ «Հիմա կարող եմ ասել, որ որոշ փոփոխություններ անհրաժեշտ էին։ Այդ փոփոխությունների պահանջը դրել էր Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, նաև մենք էինք նման առաջարկներ արել»,- ասաց Խարատյանը։
Նրա խոսքով՝ առաջարկվող օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ, բայց ոչ բավարար փոփոխություններ են հզոր արհմիություններ ունենալու համար։ Ավելին, հզոր արհմություններ ունենալու համար միայն համապատասխան օրենք չէ, որ պահանջվում է։ «Նաև բազմաթիվ այլ գործոններ կան։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի լինի արդյունաբերություն, արտադրանք, աշխատանքային կոլեկտիվ հասկացություն և այլն»,- ասում է Խարատյանը։
Անդրադառնալով օրենսդրական փոփոխության արդյունքներին՝ Խարատյանը կարևորում է, որ ինքնազբաղվածներն ու անհատ ձեռներեցներն այսուհետ կկարողանան արհմիության անդամակցել կամ արհմիություն ստեղծել։
«Դա դրական է նրանով, որ ընդլայնում են նրանց հնարավորությունները։ Այդպիսով, օրինակ, իրենց իրավունքների և խնդիրների բարձրաձայնման լրացուցիչ հնարավորություն են ստանում»,- ասում է նա։
Հարցին, թե արդյոք օրենսդրական փոփոխության նպատակն արհմիությունները հզորացնելն է, թե պարզապես ոլորտի օրենսդրությունը միջազգային պահանջներին համապատասխանեցնելն է, Խարատյանն ասում է․ «Բուն նպատակը պետք է հարցնել հեղինակներին, որոնք նախագիծն են մշակել։ Բայց պետք է ասել, որ մի քանի անգամ նախարարությունը այս հարցով մեզ հետ քննարկում կազմակերպել է, մենք առաջարկություններ ենք ներկայացրել, որոնք ներառվել են նախագծում»։