Բելգիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, լքել Իրանը և զերծ մնալ այս երկիր անհարկի ուղևորություններից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։
Նախարարությունն ընդգծել է, որ Իրանում Բելգիայի քաղաքացիները գտնվում են կալանավորման և անհիմն դատապարտման վտանգի մեջ։
«Այս ռիսկը տարածվում է նույնիսկ այն անձանց վրա, որոնք Իրանում գտնվում են զբոսաշրջության նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։
Նրանք ընդգծել են, որ ձերբակալության դեպքում «մարդու իրավունքները չեն կարող երաշխավորվել»։
Արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է, որ Իրանում թագավորական դեսպանատունը «չափազանց սահմանափակ կարողություններ ունի հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի մարդասիրական կազմակերպություններից մեկի աշխատակից, բելգիացի Օլիվեր Վանդեկասելեին, որը ձերբակալվել էր 2022 թվականի փետրվարին, իրանական դատարանը դատապարտել է 28 տարվա ազատազրկման։
Վանդեկասելեի ընտանիքի անդամները հայտնել են, որ չգիտեն, թե ինչում է նա մեղադրվում: Միաժամանակ, ըստ թերթի, նա մեկ ամիս առաջ բանտում հացադուլ է հայտարարել, և փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել նրա հետ։