Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի՝ մինսկյան պայմանավորվածությունների մասին հայտարարություններից հետո Մոսկվան բոլոր հիմքերն ունի չվստահելու եվրոպացի քաղաքական գործիչների խոսքերին ու ստորագրություններին։ Գրում է Russian.rt.com-ը։
«Անգամ, հավանաբար, ոչ թե վստահության պակաս կա, կա փոխվստահության պակաս։ Եվ իհարկե, մենք բոլոր հիմքերն ունենք չվստահելու նրանց խոսքերին ու ստորագրություններին»,- ասել է նա «Իզվեստիային»:
Ավելի վաղ Մերկելը Մինսկի համաձայնագրերն անվանել էր փորձ՝ Ուկրաինային ժամանակ տալ «ավելի ուժեղանալու»։ Նա նշել է, որ այսօրվա Ուկրաինան ռազմական առումով «այն չէ, ինչ 2014-2015 թվականներին էր»։
Մինչ այս Պորոշենկոն ռուս պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ զրույցում, ովքեր ներկայացել էին որպես Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլ, ասել էր, որ մինսկյան համաձայնագրերը ստորագրել է ժամանակ շահելու համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հիասթափված է մինսկյան պայմանավորվածությունների վերաբերյալ Մերկելի հայտարարություններից։