f

Անկախ

Գարունը կբացվի, ժենգյալով հաց կթխենք, կապրենք, միայն թե հողը չտանք թշնամուն․․․


Տիկին Յանան այսօր՝ որդու ծննդյան օրը, չի այցելի նրա շիրիմին։ 44-օրյա պատերազմի հերոս Իլյա Հակոբյանը Աբովյանի գերեզմանատան պանթեոնում է, մայրն՝ Արցախում շրջափակված։ Վերջին անգամ որդու մոտ են եղել 2022-ի նոյեմբերի 9-ին, որից հետո վերադարձել են Արցախ, ու ճանապարհը փակվել է։

Հայաստանում է նաև տիկին Յանայի դուստրը՝ Հասմիկը։ Մայրը մի քիչ հանգիստ է, որ Իլյայի ծննդյան օրը գոնե քույրը նրա գերեզմանին կայցելի, որդին մենակ չի մնա։

Այսպես կիսված, բաժան-բաժան են մնացել հարյուրավոր արցախցի ընտանիքներ։ Հազարավոր մարդկանց համար կյանքը բզկտված է ու կիսատ ոչ միայն Արցախի շրջափակումից հետո․ 2020 թվականից այս կողմ կյանք այլևս կիսակյանք է։   

Տիկին Յանան ասում է, որ երեք օր է՝ Արցախում հոսանքն անջատում են, իսկ խանութները գրեթե դատարկ են։ Միրգ, բանջարեղեն ընդհանրապես գոյություն չունի։

«Տղամարդկանց համար դժվար է, ծխախոտ չկա, շատ են տանջվում, կանայք էլ սուրճ չունեն։ Լրիվ «սուխոյ ռեժիմ»։ Դեղորայքի վիճակն է շատ լուրջ։ Հիմա էլ գրիպները տարածված են, չգիտենք՝ ինչ է լինելու, դեղատները դատարկ են։ Նորածինների համար «պամպերս» չկա։ էս պահին թոռներիցս երկուսը «պամպերս» են հագնում, չկա, ահավոր դժվար է»։

Գոհ են, որ գյուղում գոնե հացի փուռ կա, թարմ հաց ունեն։ Վերջին օրերին նաև շատ քիչ քանակով  մակարոնեղեն, ձեթ ու շաքարավազ են բերել, բայց սահմանափակ քանակով են վաճառում։

Տիկին Յանան ամուսնու հետ Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում են ապրում։ Ավագ որդին ու մի դուստրն էլ են Արցախում՝ իրենց ընտանիքներով։ Ասում է՝ Նոր տարվա գիշերը գյուղն ասես խուլ ու համր լիներ, տոնական ոչինչ չկար։ ժողովուրդը Նոր տարին դիմավորել է լուռ, ամեն մեկն իր տանը պարփակված, բայց հոգու խորքում հրաշքի սպասումով։  

«Չեմ կարող ասել, որ հուսահատ չենք։ Հուսահատ ենք ու կոտրված։ Մեր ազգային արժանապատվությունն է ոտնահարվել։ Մենք ինքներս մեզ չենք կարողանում պաշտպանել, հույսներս ռուսի վրա ենք դրել, բայց հիմա տեսնում ենք, որ ռուսն էլ մեզ չի կարողանում կամ չի ուզում պաշտպանել։ Արդեն ոչ ոքի չենք հավատում։  Կհավատանք, երբ մեր կյանքում մի լավ փոփոխություն կտեսնենք»։

Տիկին Յանան երանի է տալիս 90-ականներին, երբ պատերազմ էր, ամուսինը ֆիդայական ջոկատում էր, թուրքը հասել էր իրենց գյուղ, ինքը երեք երեխաների հետ դուրս էր եկել գյուղից, մի կերպ հասել Աբովյան, իսկ հետո գյուղն ազատագրվեց, վերադարձան, ավերված ու թալանված տունը կարգի բերեցին ու սկսեցին ապրել՝ հաղթանակած, հպարտ ու արժանապատիվ։

«1990-ականներին երբ մենք հաղթեցինք, անգամ զոհվածների հարազատներն էին հպարտ, գլուխները բարձր։ Նրանց որդիների արյունն իզուր չէր թափվել։ Հիմա մենք մտածում ենք՝ հանուն ինչի՞ զոհվեցին մեր երեխեքը»։

Ասում է՝ շրջափակմանը, դժվարություններին կդիմանան, արցախցին պինդ ժողովուրդ է, միայն թե Արցախը թշնամուն չտան, այն հողը, որի վրա իրենց որդիների արյունն է թափվել, չթողնեն թշնամուն։

«Ոչինչ, գարունը կբացվի, կանաչեղենով յոլա կգնանք, ժենգյալով հաց կթխենք, կապրենք, կդիմանանք։ Բայց եթե հանկարծ ստիպված լինենք լքել մեր հողը, մեր որդիները երկնքից մեզ կներե՞ն։ Չե՛ն ների։ Իսկ եթե թուրքի ոտքը մտնի Արցախ, մենք նրանց մեջ ո՞նց ենք ապրելու։ Ա՛յ սա է իմ ցավը»։

Տիկին Յանան շատ մտահոգ է հատկապես թոռների համար։ Ավագ որդին, որն Արցախի Պաշտպանության բանակում պայմանագրային զինծառայող է, 5 որդի ունի։ Մեծը 7 տարեկան է, փոքրը՝ մեկ տարեկան, պատերազմից հետո է ծնվել, հերոս հորեղբոր՝ Իլյայի անունն է կրում։ Տատն այդ անունն անգամ զգուշությամբ է արտասանում։ Ու հիմա նրան տանջում է թոռների ապագայի հարցը՝ ի՞նչ է նրանց սպասվում, արդյո՞ք նրանք էլ տարիներ անց պիտի կրեն պատերազմի ու դավաճանության հարվածները, թե՞ նրանց լուսավոր ապագա բաժին կհասնի։ Որդին էլ տուն չունի։ 5 երեխաների հետ գյուղում ուրիշի տանն է ապրում, մինչև իր տան խնդիրը կլուծի։

Տիկին Յանան ու ամուսինը չեն ցանկացել Հայաստան տեղափոխվել անգամ այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմի ժամանակ, ինչպես 90-ականներին, նրանց տունը ռմբակոծվել ու ավերվել է։ Այս անգամ էլ վերադարձել են գյուղ, տան կիսանկուղային հատվածը մի քիչ կարգավորել ու ապրում են կիսաքանդ տանը, որն արդեն երկու տարի է՝ պետությունը խոստացել է վերանորոգել կամ նոր տուն կառուցել, բայց  գործը դեռ գլուխ չի եկել։

«Սկզբում ասացին՝ սա վերանորոգել չի լինի, պիտի հիմքից քանդենք, մեկ հարկանի տուն սարքենք։ Հետո ասացին, որ մեր տնամերձ տարածքում մեկհարկանի տուն կկառուցեն։ Մի տարի հազիվ «ֆունդամենտը» գցեցին, շատ անորակ, կիսատ-պռատ, այն աստիճանի, որ մենք թույլ չտվեցինք շարունակեն։ Ասացինք՝ եթե մեր որդու հիշատակն այդպես պիտի հարգեք, մեզ պետք չէ։ Հետո խոսք տվեցին, որ նորմալ տուն կկառուցեն։ Դեռ սպասում ենք։ Է~հ, էնքան բաների միջով եմ անցել, ողջ կյանքս պայքար է եղել։ 2002 թվականին, երբ փոքր որդիս՝ Իլյան, ծնվեց, մեզ ոտքի հանեց, մեր կյանքն արդեն պիտի փոխվեր դեպի լավը, բայց 2020 թվականից հետո մեր կյանքը կանգ առավ»։

Իլյայի զոհվելու օրը պաշտոնապես նշված է նոյեմբերի 9-ը, բայց երբ նոյեմբերի 14-ին Շուշիի մատույցներում գտել են նրա մարմինը, այն դեռ տաք է եղել․ գլխին հրազենային վերքեր, կրծքին՝ դանակի հետքեր:

«Ես ո՞նց էստեղից հեռանամ, ես գնամ իմ երեխու գերեզմանին ի՞նչ ասեմ։ Ես դեռ երազում եմ, որ Շուշին կազատեն, ու ես կգնամ կկանգնեմ էն ճանապարհի վրա, որտեղ իմ որդին զոհվել է, ու իմ երեխու արյան հետքերը կգտնեմ,-ասում է մայրը։

Իլյան այսօր 21 տարեկան կդառնար, բայց անմահացավ 18 տարեկանում։

Մեկուկես ամսվա զինծառայողը 44 օրից ավել հերոսաբար մարտնչել է պատերազմի ամենաթեժ կետերում, վիրավորվել, բայց շապիկով վերքը կապել է ու շարունակել կռիվը՝ հրաժարվելով հոսպիտալացումից։ Վերջում կամավոր գնացել է Շուշի ու այնտեղ կռվել արդեն թշնամուն դեմառդեմ, նրա աչքերի մեջ նայելով ու մինչև վերջին շունչը հավատալով, որ կյանքի գնով փրկում է Շուշին․․․

 

Իլյա Հակոբյան Արցախ Արցախի շրջափակում հերոսներ խմբագրի ընտրանի Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին