Եվրամիությունը (ԵՄ) մտադիր է դեֆիցիտային դեղամիջոցների ռազմավարական պաշար ստեղծել եւ արտադրողներին պարտավորեցնել երաշխավորել դրանց մատակարարումները։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցչին։
Հրատարակության զրուցակցի խոսքով՝ դեղագործական արտադրանքի պակասը «համակարգային մարտահրավեր» է ԵՄ անդամ երկրների համար, ուստի ԵՀ-ն մտադիր է «ռազմավարական ինքնավարություն» ապահովել առաջին անհրաժեշտության դեղամիջոցների, օրինակ՝ պարացետամոլի եւ պենիցիլինի մատակարարման հարցում։
FT-ի աղբյուրը հայտնել է նաեւ, որ մոտ ապագայում Եվրահանձնաժողովը կներկայացնի օրենք, որը թույլ կտա «ապահովել դեղերին հասանելիությունը բոլոր կարիք ունեցող պացիենտների համար»։ Դրա համար նախատեսվում է «մատակարարների համար սահմանել ավելի խիստ պարտավորություններ, բարելավել դեղերի պաշարների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը, ինչպես նաեւ դեֆիցիտի մասին ավելի վաղ ծանուցում պահանջել»:
Առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդիսի խոսքով՝ ոլորտի ներկայացուցիչների հետ արդեն այս միջոցառումների քննարկումներ են տեղի ունեցել։