f

Անկախ

Նիկոլ Փաշինյանը նույնիսկ Ալիևին է գերազանցում Արցախի հարցում ադրբեջանանպաստ թեզեր գեներացնելով


Անկախի զրուցակիցն է «5165» շարժման անդամ, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը:

-Ինչի՞ մասին էր Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը։

- Նիկոլ Փաշինյանի ասուլիսը միաժամանակ հետապնդում էր մի քանի նպատակներ արտաքին ու ներքին քաղաքական ուղղություններով, սակայն հիմնական ասելիքը բովանդակում էր դեպի Արևմուտք ուղղված ուղերձն առ այն, որ ինքը կատարում է իրեն տրված հանձնարարությունը՝ իր գործառույթների ու հնարավորությունների շրջանակներում ապահովել Ռուսաստանը Հայաստանից (նույնն է ինչ Հարավային Կովկասից ամբողջությամբ) դուրս մղելու նոր ու վճռական փուլի տեղեկատվա-քարոզչական հիմքերը։

Փաշինյանի այն միտքը, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում «փաստորեն» դառնում է սպառնալիք մեր անվտանգությանը, ինչպես նաև այն հայտարարությունը, որ ՀՀ-ն հրաժարվել է ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունն իր տարածքում անցկացնելուց, ներհայաստանյան խոսույթում Ռուսաստանին տարածաշրջանից հանելու փորձնական գնդակ է, հասարակությանն ուղղված ուղերձ այն մասին, որ «մեր անվտանգության սպառնալիքը փաստորեն Ռուսաստանի ռազմական ներկայությունն է Հայաստանում, չլինի այդ սպառնալիքը, կապրենք խաղաղ ու անվտանգ»։ Հատկանշական է, որ Փաշինյանն այդ ասուլիսում, օգտագործելով իր մանիպուլյատիվ ողջ կարողությունը, «փաստարկում էր» Արցախն Ադրբեջանին հանձնելու անհրաժեշտությունը։ Փաշինյանը նաև շեշտեց Թուրքիայի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացման հանգամանքը՝ այն գնահատելով որպես Հայաստանի զարգացման և տարածաշրջանային խաղաղության մեկնակետ։ Այս երեք ուղերձները («Ռուսաստանի ներկայությունը սպառնալիք է», «Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում», «Թուրքիայի հետ ընկերանալը մեզ խաղաղություն ու զարգացում կբերի») ոչ պատահաբար են տեղ գտել Փաշինյանի ասուլիսում և ըստ էության արտահայտում են նրա արտաքին քաղաքական ուղեգիծը։  

- Արցախի հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից այն Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ ճանաչելու բացատրությունն ինչպե՞ս մեկնաբանել, եթե Արցախի ինքնորոշման հարցն ընդգրկված է իր նախընտրական օրակարգում։

- Արցախի հարցը, Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքը, հայկական հարցն ու հայ ժողովրդի ճակատագիրը Նիկոլ Փաշինյանի համար երբեք առաջնահերթ չի եղել։ Գառնիի տաճարը հրապարակավ «հռոմեական հավաբույն» անվանած մարդը չի կարող ունենալ ազգային ինքնագիտակցություն, ազգային ինքնագիտակցություն չունեցող ղեկավարը չի կարող վարել ազգային շահերից ու նպատակներից բխող քաղաքականություն։ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը հանգում են մեկ տրամաբանական հանգրվանի` պահպանել իշխանությունը և վայելել այն բառի ամենանյութական իմաստով։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով իր իշխանության պահպանման ամենանպաստավոր դասավորությունը կլինի այն դեպքում, երբ չի լինի Արցախի հարց, երբ Հարավային Կովկասում կլինի միաբևեռ տարածաշրջանային կարգ (տվյալ դեպքում Թուրքիայի հովանու ներքո)։ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարբեր օղակներում, թևերում այսօր կան հակաարցախյան ինքնություն, նեոլիբերալ գաղափարներ, գլոբալիստական հանձնառություններ կրող ազդեցիկ մարդիկ, ովքեր մեծ լումա ունեն նրան իշխանության բերելու հարցում և հետևողական են իրենց հանձնառություններն իրականացնելու իմաստով։ Ուստի Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանի խոսույթը մշտապես եղել է ու կա ադրբեջանանպաստ։ Նա նույնիսկ Ալիևին է գերազանցում Արցախի հարցում ադրբեջանանպաստ թեզեր գեներացնելով։

Նրա առաքելությունն է՝ փակել Արցախի հարցը, Ռուսաստանին դուրս հանել տարածաշրջանից, տարածաշրջանը տեղավորել Թուրքիայի տակ։

Իսկ ինչ վերաբերում է նրա նախընտրական ծրագրում Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցն ընդգրկված լինելուն, ապա պետք է նկատել, որ պատեհապաշտությունը, խոստանալ-խաբելը, պատասխանատվությունն իր վրայից գցելը Փաշինյանի ամենակիրառելի գործիքներն են։

-Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ զորավարժությանը։ Ի՞նչ է սա նշանակում ու ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ մեզ համար։

- Ռուսաստանի ազդեցության թուլացման պայմաններում Փաշինյանը հերթական «համարձակ» քայլն է անում ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դեմ։ Հատկանշական է, որ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հեղինակազրկումը բխում է նաև Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպես նաև ուժային այլ կենտրոնների շահերից։ Իհարկե որևէ ռացիոնալ բացատրություն չտրվեց այս որոշման մասին։ Եթե անգամ փորձենք ռացիոնալ հատիկ փնտրել ու ենթադրել, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորավարժությանն ու չի անցկացնում դա իր տարածքում ելնելով այն բանից, որ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ Ադրբեջանի հետ ավելի լավ հարաբերություններ ունեն, քան Հայաստանի հետ և մտավախություն կա, իբր նրանք կարող են Ադրբեջանին ռազմական գաղտնիքներ ներկայացնել, ապա նույնիսկ այս ենթադրությունը հիմք չի տալիս խաղաղապահ զորավարժությունից հրաժարվելու համար, քանի որ եթե այդպես լիներ, ի սկզբանե պետք է Հայաստանը համաձայնություն չտար այդ զորավարժությանը։

Երկրորդ՝ ի՞նչ է նշանակում «այս իրավիճակում նպատակահարմար չէ զորավարժություն իրականացնելը», իսկ ո՞ր իրավիճակներում է նպատակահարմար լինում։ Ինչ վերաբերում է հետևանքին, ապա դա կախված է սցենարից։ Տարածաշրջանը Թուրքիայի ազդեցության ներքո անցնելու հարցում Ռուսաստանի թողտվության դեպքում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի կորցնի, հայ ժողովուրդը կկորցնի Արցախը, իսկ դիմադրության և Ռուսաստանի հաջողության դեպքում այս միջադեպը կդառնա հերթական մտրակներից մեկը, որը կգործի թե ոչ կամ ինչ ուժով կգործի, կախված կլինի նրանից, թե ովքեր կլինեն Հայաստանում իշխանություն և ինչպիսին կլինեն հայ-ռուսական հարաբերությունները։

-Արցախի Պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ելույթում փաստացի հայտարարեց, որ Արցախի շրջափակումը հարյուր տոկոսանոց չէ, ինչին հաջորդեցին քննադատությունները։ Կարծում եք՝ սա անփորձությա՞ն հետևանք է, թե՞․․․

- Ռուբեն Վարդանյանն այս առնչությամբ այսօր մեկնաբանություն տվել է, ինչն ընդունելի եմ համարում և այս հարցն այն աստիճան կարևոր չեմ համարում, որպեսզի մեկնաբանեմ։  

-Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի համար 2023 թվականը։

-Ցավոք, լավատեսություն ներշնչող որևէ միտում հնարավոր չէ արձանագրել այս իշխանությունների գոյության շարունակության պարագայում։ Ինչու՞ եմ շեշտում այս իշխանությունների գոյության հանգամանքը, քանի որ արտաքին պայմանները հիմնականում որքան էլ աննպաստ լինեն, մարտահրավերները նաև հնարավորություններ են, որոնք կարելի է վերհանել ու օգտագործել, եթե երկրի իշխանություններն առաջնորդվեն ազգային-պետական շահերով։ Փորձեմ մանրամասնել միտքս։ Հայաստանի անվտանգային մարտահրավերներն այսօր ուղղակիորեն կրում են ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը։ Որքան ձգձգվում է այդ հակամարտության հանգուցալուծումը, այնքան թուլանում է Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչին հակառակ մեծանում է Թուրքիայի ազդեցությունը, քանի որ այդ ազդեցությունը միջազգային նշանակալի այլ դերակատարների կողմից չի սահմանափակվում։ Իսկ ռուս-ուկրաինական հակամարտությունը արագ հանգուցալուծվելու նշաններ դեռևս ցույց չի տալիս, մանավանդ, երբ նկատի ենք առնում կողմերի դիրքորոշումներում մեղմացման բացակայությունն ու մի քանի տասնյակ միլիարդավոր դոլարի ռազմական և այլ օգնության տրամադրումն Ուկրաինային Արևմուտքի կողմից, երբ Ուկրաինան իր այս տարվա բյուջեի կեսը նախատեսել է ուղղել ռազմական ոլորտին։

Ռուս-ուկրաինական պատերազմը, որն ըստ էության Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմ է Ուկրաինայում, դարձել է մաշեցնող ու իր վրա է սևեռում Ռուսաստանի ռազմական, քաղաքական, դիվանագիտական ռեսուրսի նշանակալի մասը։ Ռազմաքաղաքական առումով ինքնաբավության բարձր աստիճանի հասած Թուրքիան էլ կարողանում է ուկրաինական հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու և էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում Ռուսաստանի հետ համագործակցելու դիմաց ամրանալ Հարավային Կովկասում՝ սպառնալով նոր ճակատ բացել Ռուսաստանի դեմ այն պարագայում, եթե վերջինս ճնշի ադրբեջանական սանձարձակությունները։ Ահա միջազգային այս ծանր իրադրության պայմաններում Հայաստանն իր հերթին (նկատի ունեմ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը) ոչ մի քայլ չի անում թուրքական ազդեցությունը հակակշռելու ունակ այլ ուժերի համար հետաքրքիր գործընկեր, էլ չեմ ասում դաշնակից դառնալու ուղղությամբ։ Օրինակ՝ Իրանի կողմից երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի վրա դնելու ուղերձներ քանիցս հնչել են, սակայն դրանք մնացել են անպատասխան։ Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են պատմական ամենացածր մակարդակի վրա․ ռուս գործընկերների հետ աշխատանքներ տանելու որևէ նշաններ չեն երևում։ Դիվանագիտական մեկուսացվածության այս պայմաններում Հայաստանի իշխանությունները չեն մտածում երկրի պաշտպանունակությունն էապես բարձրացնելու մասին։ Այս իշխանությունները անգամ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո երկու տարուց ավելի է նշանակալի քայլեր չեն անում Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ։ Ադրբեջանը մի քանի օդանավակայան է կառուցել Արցախից զավթված տարածքներում, մեծածավալ ինժեներատեխնիկական աշխատանքներ է տանում դիրքերում, ավելի ու ավելի մեծացնում է ռազմական բյուջեն, բարձրացնում է հատուկ նշանակության ռազմական ստորաբաժանումների պատրաստվածությունն ու ավելացնում զորքի թիվը, Հայաստանի իշխանությունների գործողությունները ցույց են տալիս, որ նրանք այո են ասում Հարավային Կովկասը Թուրքիայի պրոտեկտորատ դարձնելու միտմանը։ Թե ի՛նչ գործընթացներ կենթադրի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական այս փոխակերպումը, ստույգ դժվար է ասել․ հստակ է սակայն, որ Իրանն ու Ռուսաստանը հեշտությամբ չեն զիջելու իրենց դիրքերը, ինչը կարող է ենթադրել նաև տարածաշրջանային պատերազմ։ Այդ իսկ պատճառով, երբ միջազգային իրադրությունը գնալով լարվում ու բարդանում է, իսկ Հայաստանը դրան զուգընթաց չի ուժեղանում, 2023 թվականի համար լավատեսություն կլինի միայն այն պարագայում, երբ գործող հակազգային իշխանություններին փոխարինի ազգային համաձայնության ղեկավարությունը։

  

Մենուա Սողոմոնյան հարցազրույց Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև Արցախի շրջափակում Հայաստան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին