Դատարանը ՀՅԴ կուսակցության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդությունը մերժեց: Անկախը տեղեկանում է փաստաբան Արսեն Բաբայանից։
«Արտավազդ Մարգարյանի ձերբակալությունը ճանաչվեց ոչ իրավաչափ: Նա շուտով կլինի ազատության մեջ»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ հունվարի 11-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացրել ՀՅԴ մի քանի գործիչների նկատմամբ։ Խուզարկություններից հետո նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ Արտավազդ Մարգարյանը։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ խուզարկությունները կատարվել են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Հունվարի 13–ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն էլ հայտնել էր, որ ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում նույնպես խուզարկություն է իրականացվում։