Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում 2023 թվականի մրցաշրջանի մեկնարկը տրվեց Պերճ Խաչատրյանի անվան Մ15 տարեկանների հուշամրցաշարով, որին մասնակցեց տղաների 5 և աղջիկների 6 թիմ։
Հունվարի 12-15-ը կայացած մրցաշարն անցավ բավական հետաքրքիր պայքարում, նկատելի էր մասնակիցների ոգևորությունը։
Անկախի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է մրցաշարը, խոսում տարվա ընթացքում սպասվող կարևոր միջոցառումների մասին։
- Պարոն Ասմարյան, մրցաշրջանի մեկնարկը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան ազդարարեց Պերճ Խաչատրյանի անվան հուշամրցաշարով։
-Հուշամրցաշարը պետք է անցկացվեր նախորդ տարվա վերջին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց։ Նշեմ, որ ավելի շատ թիմեր պետք է մասնակցեին․ Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչությունը պետք է ֆինանսավորեր երևանյան թիմերին։ Շուրջ 6 ամիս է այս խնդիրն առկա է․ Երևանի ոչ մի թիմ չի կարողանում մասնակցել մրցումներին։ Փոփոխություններ են կատարվել համակարգում, և իրենք էլ չգիտեն, թե ինչպես է կատարվելու ֆինանսավորումը։ Այս անտեղյակությունից տուժում է վոլեյբոլը։ Քաղաքապետարնի սպորտի վարչությունը պետք է մտածի՝ ինչպես լուծել այս հարցը, որպեսզի թիմերը կարողանան մասնակցություն ունենալ մրցաշարերում։ Եթե ֆինանսավորվեին թիմերը, մասնակիցների քանակը 2 անգամ ավելին կլիներ։
Ինչևէ, հուշամրցաշարը ստացվեց։ 3-րդ տարին անընդմեջ անցկացրինք Էջմիածնում։ Երեխաները միշտ հաճույքով են մասնակցում։
-Թիմերի պատրաստվածության, մարզիկների խաղի մասին ի՞նչ կասեք։
-Պատրաստվածության առումով նշեմ, որ տարվա մեկնարկն է, մարզիկները նոր-նոր են մտնում տեմպի մեջ։ Աղջիկների պայքարը բավական հետաքրքիր ստացվեց։ 4 թիմ բավական ուժեղ էր և պայքարում էր մրցանակային տեղի համար։
Առաջնության ընթացքում 14 խաղ անցկացվեց, տպավորիչ եզրափակիչներ եղան,
3-րդ , 4-րդ տեղերի համար պայքարն էլ հետաքրքիր էր, քանի որ երեխաները խաղում էին մեծ խանդավառությամբ, նկատելի էր նրանց ակտիվությունը։ Պարգևատրման արարողությունը վերածվեց տոնակատարության։ Մեզ համար շատ կարևոր է, որ կարողացանք ամեն բան լավ անցկացնել։
-Ինչու՞ է մրցաշարն անցկացվում Վաղարշապատի համայնքապետարանի մանկապատանեկան մարզադպրոցում։
-Պերճ Խաչատրյանի ծնողները ծնունդով Էջմիածնից էին, ուստի մենք, արդեն 3-րդ տարին անընդմեջ, որոշեցինք այնտեղ անցկացնել։ Նշեմ նաև, որ Վաղարշապատի համայնքապետարանի մանկապատանեկան մարզադպրոցը մեզ աջակցում է շատ հարցերում։ Մարզադպրոցի ղեկավարության կողմից բոլոր պայմանները ստեղծված են հուշամրցաշարի՝ բարձր մակարդակով անցկացման համար։
-Պարոն Ասմարյան, հաջորդիվ ի՞նչ մրցաշարեր են սպասվում։
-Տարին հագեցած է լինելու՝ շուտով կսկսվեն Ձյան վոլեյբոլի առաջնությունները, հետո կկայանան Հայաստանի գավաթը, պատանեկան առաջնությունները։ Մեր բյուջեն չի փոփոխվել, շատ հիասթափված ենք ․հույս ունեինք որ կավելան զարկ կտրվի մազձաևի զարգացմանը, տրված գումարը «կաթիլ է ծովի մեջ»։ Բազմաթիվ անգամներ զրուցել ենք պատկան մարմինների հետ, որ պետք է ավելացվի ֆինանսավորումը, սպասում ենք, որ ինչ-որ կերպ մեզ կկարողանան աջակցել, քանի որ մեզ զրկեցին մեր գլխավոր հովանավորից, ֆինանսական այլ լծակներ չունենք։ Այժմ մտածում ենք նոր հովանավորներ գտնելու, և աշխատանքը շարունակելու մասին, քանի որ 14 միլիոն դրամով հնարավոր չէ խաղային մարզաձև զարգացնել։ Այդ գումարը մեկ միջոցառման անցկացման համար կարող է ընդամենը բավականացնել։ Սպասում ենք, որ պետությունը որևէ քայլ կձեռնարկի և մեզ կաջակցի։
Ինչ կապված է առաջնությունների հետ, նշեմ, որ այս տարի Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիան տոնում է հիմնադրման 50-ամյակը։ Մեզ խնդրել են, ինչ-որ տեղ նաև պահանջել, որ բոլոր մրցաշարերն անցկացնենք այդ թեմատիկայով։ Մրցաշարերի ժամանակ պաստառներ կլինեն 50-ամյակի գովազդով ու տարածմամբ, քանի որ տարին հոբելյանական է։ Հույս ունենք՝ նրանք ուշադրություն կդարձնեն մեզ և կաջակցեն, կօգնեն և ոչ թե միայն խոստումներ կտան։
Առաջնությունները շատ են։ 4 տարիքային խմբերում անցկացնելու ենք վոլեյբոլի առաջնություններ, հուշամրցաշարեր Վանաձորում, Երևանում, նախապատրաստվելու ենք Համահայկական խաղերին։ Սպասում ենք փետրվարի 18-ին։ Այդ օրը պետք է որոշվի Հայստանում Եվրոպայի առաջնության տղաների Մ 22 որակավորման փուլի անցկացման հարցը։ Հայտը ներկայացրել ենք, սպասում ենք Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի որոշմանը։ Հույս ունենք, հավանական է, որ մեզ կվստահեն առաջնության անցկացումը։ 4 թիմերի մեջ 3-օրյա պայքար է կայանալու։ Սա նոր ձևաչափ է, և մենք առաջինն ենք, որ փորձում ենք վերցնել ու անցկացնել։
Նշեմ, որ պատանեկան խաղերի, առաջնությունների քանակի ավելացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ տարիքային խմբերը սկսեն շատ խաղալ։ 2025 թվականին Հայաստանում անցկացվելու է Մ 17 Եվրոպայի առաջնությունը։ Պետք է կազմավորվի հավաքական, որ կարողանանք խաղալ․ սա առաջին խնդիրն է, 2-րդը՝ մարզաբազաների հարցն է, որ պետք է կարգի բերել։ Այս առաջնության հետ կապված մի շարք խնդիրներ կան։ Հույս ունենք՝ պետությունն էլ կօգնի, որ պատվով հաղթահարենք։ Հեշտ չէ թիմային մարզաձևերում 16 երկիր ընդունել և անցկացնել Եվրոպայի առաջնություն։ Միգուցե ժամանակը կգա, դրա ծանրությունն ու պատասխանատվությունը սպորտի ղեկավարությունը կհասկանա և կփորձի մեզ օգնել։ 2023-ին շատ անելիքներ ունենք մանկապատանեկան վոլեյբոլի, «Վոլեյբոլը դպրոցում» ծրագրի հետ կապված․ տարին հագեցած է լինելու՝ ամեն ամիս 2-3 միջոցառում ունենք։
-Պարոն Ասմարյան, Պրո լիգայի անցկացման ժամանակացույցն ինչու՞ է փոխվել։
-Պրո լիգայի անցկացման ֆորմատը փոխել ենք, եթե նախկինում թիմերը խաղում էին գարուն-աշուն, այս տարի կխաղան՝ աշուն-գարուն և կլինի 2023-2024 մրցաշրջան։ Այս փոփոխությունը կատարել ենք, որպեսզի հետագայում թիմերը, ցանկության դեպքում, Չեմպիոնների լիգա, Եվրոլիգա կամ Չելենջ մրցաշարերում խաղան։ Նպատակը դա է։