ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հակվում է այն մտքին, որ ուկրաինացի զինվորականները պետք է Ղրիմի տարածքին հարվածներ հասցնելու հնարավորություն ստանան՝ դրանով իսկ իրենց համար ապահովելով ավելի շահեկան դիրքեր ապագա բանակցություններում։ Այս մասին տեղեկացրել է The New York Times թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Պարբերականը նշել է, որ ռուսական ներխուժման սկզբից վարչակազմի ներկայացուցիչները կոշտ դիրքորոշում են որդեգրել՝ հրաժարվելով Կիեւին զենք մատակարարել Ղրիմի թերակղզուն հարվածելու համար։
«Հիմա այդ դիրքորոշումը սկսում է մեղմանալ»,- տեղեկացրել է թերթը։
Թերթի աղբյուրների տվյալներով՝ Բայդենի վարչակազմը, ուկրաինացի պաշտոնյաների հետ բանավեճերի արդյունքներով, «սկսում է հակվել այն մտքին, որ Կիեւին կարող են անհրաժեշտ լինել» միջոցներ Ղրիմին հարվածելու համար, «անգամ եթե այդ քայլը բարձրացնի թեժացման վտանգը»։
Այս հարցը, համաձայն The New York Times-ի տեղեկության, վերջերս բարձրացվել է Սպիտակ տանը կայացած հանդիպումների ժամանակ։