f

Անկախ

44-օրյա պատերազմը, 19-ամյա զինվորն ու անխոցելի «Կամազը»


«Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերն էր։ Ժամը 3-ի կողմերը հասանք Արալեռ։ Բացազատվեցինք, որ մեր խնդիրը կատարենք, բայց հակառակորդը մեզ արդեն նկատել էր, ու սկսեցին բոլոր հնարավոր միջոցներով, ծանր զենքերով կրակել մեր ուղղությամբ։ Մենք նրանց չէինք տեսնում, հեռվից էին խփում։ Ես պառկել էի, աչքերս փակել, որ չտեսնեմ՝ ոնց է մահը գալիս։ Ամեն արկից հետո ասում էի՝ վե՛րջ, էս մեկը հաստատ կպնելու է։ Էտ պահին հեռախոսս անընդհատ զանգում էր, մամաս էր։ Մտածեցի՝ վերցնեմ, ասեմ, որ էլ հետ չեմ գալու, գոնե իմացեք, թե որտեղ եմ եղել։ Բայց հետո որոշեցի չպատասխանել։ Ասեցի՝ ինչ գնով էլ լինի, ես էստեղից պիտի ողջ դուրս գամ։ Ու իրոք հրաշքով ողջ մնացի»։

Աբրահամ Նազարյանն արցախցի է։ 44-օրյա պատերազմի ժամանակ 19 տարեկան զինծառայող էր, վարորդ։ 44 օր շարունակ իր զինվորական «Կամազից» գրեթե չի իջել, զինվորական ուժ, զենք, ջուր,  սնունդ, հագուստ է հասցրել առաջնագիծ։ Եղել է պատերազմի ամենաթեժ կետերում, տեսել ամենասարսափելին, կորցրել ընկերներ։ Պատերազմի հետևանքով կորցրել է նաև հայրենի գյուղն ու տունը։

Ծառայությունն ավարտելուց հետո կրկին վերադարձել է Արցախի պաշտպանության բանակ՝ արդեն որպես պայմանագրային զինծառայող։ Պատերազմից հետո այլևս չի պատկերացնում իր կյանքն առանց բանակի։

«Եթե պետք է այսքանը գոնե պահենք, ես պատրաստ եմ կանգնել մինչև վերջին շունչս։ Իսկ եթե պատերազմից խուսափենք, հաստատ ավելի վատ է լինելու»,-ասում է Աբրահամը։

***

2020 թ․ սեպտեմբերի 26-ին՝ պատերազմից մեկ օր առաջ, Աբրահամը Մարտական հերթապահության մեդալ էր ստացել։ Նոր էին իջել դիրքերից և սեպտեմբերի 27-ի առավոտյան մի քանի տղաներով, որոնք նույնպես պարգևատրվել էին, մեդալներն էին կախում զինվորական համազգեստին։ Այդ օրը հանդիսավոր արարողություն պետք է տեղի ունենար։ Բայց տոնական օրը վերածվեց արյունոտ կիրակիի։

«Հանկարծ դղրդոցներ սկսվեցին։ Սկզբում չէինք հասկանում՝ ինչ է կատարվում, նույնիսկ կատակներ էինք անում։ Հետո նկատեցինք, որ ամեն կողմից ծուխ է դուրս գալիս, ապակիներ են կոտրվում»։

Ամեն բանակ գնացող էլ մտածում է, որ իր ծառայության ընթացքում գուցե պատերազմ սկսվի, բայց Աբրահամը, չգիտես ինչու, այնքան վստահ էր, որ նույնիսկ ծառայության մեկնելուց առաջ իրենց տան բակում ջրի աղբյուր էր կառուցել ու վրան իր անունը գրել։

«Մերոնք ասում էին՝ չի կարելի, զոհվածների անունով են աղբյուր սարքում, ասեցի՝ ոչինչ, թող սարքեմ, որ թուրքը հանկարծ մտնի մեր գյուղ, տեսնի, որ ես էստեղ եմ»։

Երբ արդեն հասկանում են, որ պատերազմ է, հավաքվում են, որ հրամանատարությունից ստանան համապատասխան հանձնարարությունները։ Աբրահամը խնդրում է, որ իրեն որպես վարորդ ուղարկեն ամենաթեժ կետերը, նույնիսկ այն տեղերը, որտեղ մյուսները կհրաժարվեն գնալ։

«Գլուխ չգովեմ, բայց ես լավ վարորդ էի։ Որ նստում էի իմ «Կամազը», ինձ թվում էր՝ վե՛րջ, ինձ էլ ոչինչ չի լինի։ Ու իրոք էտ ամբողջ ընթացքում ոչ մի փամփուշտ չի կպել իմ մեքենային։ Բայց մի օր հրամանատարս ասաց՝ մեքենադ տուր թող ուրիշը քշի, դու գոնե մի օր հանգստացի։ Չէի համաձայնում, ասում էի՝ հենց ուրիշը նստի մեքենաս, խփելու են։ Հրամանատարս խոստացավ՝ եթե ավտոյիդ խփեն, քեզ նույնից նորը տալու եմ։ Էտ օրը ավտոս մեկ ուրիշ զինվոր վերցրեց։ Խփեցին, մեքենաս շարքից դուրս եկավ։ Հրամանատարս խոսքի տերը եղավ տասն օր հետո ինձ նույն «Կամազից» տվեց»։

Աբրահամը լուսաբացից մինչև ուշ երեկո անհրաժեշտ օգնություն էր հասցնում առաջնագծի տարբեր հատվածներ։ Երեկոյան վերադառնում էր իր տեղը, մի քիչ շուտ պառկում, որ նորից առավոտ ծեգին դուրս գա։

Նոյեմբերի 9-ի գիշերն արթնանում է տղաների ձայներից։ Ծառայակից ընկերները խառնված ինչ-որ բան էին խոսում, մի մասը լացակումած, տխուր նստած էր։ Հարցնում է՝ ի՞նչ է եղել, ասում են՝ պատերազմը վերջացել է, բայց թե ինչ գնով դա՝ դա էր սարսափելին։

«Առաջին բանը, որ մտածեցի՝ մեր զոհված տղերքն էին։ Իրենք զոհվել էին, որ մենք պահենք հողը, ոչ թե տանք թուրքին։ Նոյեմբերի 9-ից հետո մեզ ասեցին, որ պիտի դուրս գանք մեր հիմնական տեղերից։ Էն պոստերը, որտեղ ես վերջին օրերին ջուր էի բաժանում, բոլորը մեր ձեռքում էին, հակառակորդը ոչ մի առաջխաղացում չէր ունեցել, բայց մեզ ասեցին՝ պիտի հանձնենք թուրքին ու դուրս գանք։ Մեր պահած պոստերի հետևում մեր գյուղն էր, թուրքը գյուղ չէր մտել, բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթով դա էլ էին տալու թուրքին։ Լավ, եթե պիտի սենց լիներ, պատերազմն ինչի՞ համար էր, էդքան զոհերն ինչի՞ համար էին»։

Հայրենքի գյուղը լքելու համար ընդամենը մեկուկես-երկու օր ժամանակ էին տվել։ Նոյեմբերի 19-ն էր։ Աբրահամը հրամանատարին խնդրում է, որ թույլ տա կես ժամով գյուղ գնալ, վերջին անգամ տունը տեսնել ու վերադառնալ։

«Եկա գյուղ, բայց մինչև տուն գնալը գնացի պապիս գերեզմանին։ Մոտ 15 րոպե կանգնել էի ու չգիտեի ինչ ասել։ Ուղղակի ներողություն խնդրեցի։ Հետո մեր տուն գնացի։ Մերոնք պատրաստվում էին բենզինը լցնել, տունը վառել։ Մորս չէինք կարողանում տան բակից հանել։ Ահավոր տեսարան էր․․․»։

Սա ընտանիքի երկրորդ տեղահանությունն էր։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ էին տունը կորցրել և 2002 թվականից ապրում էին Մարտակերտի շրջանի ազատագրված Հայկաջուր գյուղում։

«Ես մեկ տարեկան էի, երբ տեղափոխվեցինք այս գյուղ։ Շատ էինք սիրում գյուղը, շատ կապված էինք։ Տնից քիչ բան հանեցինք, քանի որ տանելու տեղ էլ չունեինք։ Չգիտեինք՝ մենք որտեղ ենք ապրելու»։  

Ընտանիքում 6 երեխա են՝ Աբրահամը, ևս 3 եղբայր և երկու քույր։ Մեծ եղբայյրն ու քույրերն ամուսնացած են։ Իրենք՝ ծնողներով ու երեք եղբայրներով, ժամանակավորապես տեղավորվել են Մարտակերտի գյուղերից մեկի տանը՝ վարձով, մինչև պետությունը կորցրած տան հարցը կլուծի։

Արդեն 40 օրից ավելի է՝ Արցախը շրջափակված է։ Աբրահամն ասում է՝ իր ընտանիքը դեռևս շատ չի զգում շրջափակման հետևանքները, քանի որ ապրում է գյուղում, օգտվում սեփական բարիքներից։

«Մերոնք շատ աշխատասեր մարդիկ են։ Եթե հիմա բոլոր խանութներն էլ փակվեն, մենք սոված չենք մնա ցորենն արել ենք, անասուններն ունենք, այգին ունենք, մենք կապրենք, դեռ ուրիշներին էլ կօգնենք։ Գյուղում, էսպես թե էնպես, գազ չկա, վառարան ենք վառում, դրա պակասն էլ չենք զգում։ Բայց դե հարցը դա չի, սենց հո չպիտի՞ մնա, ճանապարհը պիտի բացվի»։

Խոսելով պատերազմի մասին՝ Աբրահամն ասում է, որ չի կարող շատ բարձրից նայել ու վերլուծել, թե ինչ իրավիճակ էր, և արդյո՞ք հնարավոր էր խուսափել նման պարտությունից։

«Ես ընդամենը զինվոր էի, 19 տարեկան, բայց մի բան կարող եմ հաստատ ասել՝ ես չկռվող կամ փախչող զինվոր չեմ տեսել։ Իմ կողքին եղած բոլոր տղերքը պատրաստ են եղել մինչև վերջին շունչը կռվել, նույնն էլ՝ ես»։

Մի բանում էլ է վստահ՝ չլինի Արցախը, չի լինի նաև Հայաստանը։

«Էն մարդիկ, որ ասում են՝ Ղարաբաղը տանք, պրծնենք, իրականում շատ կարճ են մտածում, ավելի ճիշտ՝ ընդհանրապես չեն մտածում։ Եթե Ղարաբաղը տան, նույնը լինելու է էտ  ասողի ծննդավայրում՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում»։

Աբրահամը համոզված է՝ թուրքը ոտք չի դնելու Արցախ, պահելու են, ուժեղանալու են ու հետ են բերելու նաև կորցրածը։

«Ես լավատես եմ։ Թուրքը երբեք չի կարա հային էսքան խանգարի, սա ժամանակավոր է, ու ամեն ինչ լավ է լինելու»։

 

Աբրահամ Նազարյան 44-օրյա պատերազմ հերոսներ Արցախ Հայաստան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին