f

Անկախ

Պատերազմն ու հայրենազրկումն ուսուցչին գործարար դարձրեցին, և ստեղծվեց «Թեյնիկը»


«Հավատում եմ, որ մեր կորցրածը հետ ենք բերելու, քանի որ գիտեմ մեր պատմությունը։ Շատ անգամներ են եղել, երբ թվացել է, որ այլևս վերջ, բայց լույսը ծագել է։ Միայն այդքանով հույս ունեմ, իսկ այն, ինչ կատարվում է այսօր, որևէ հույս չի տալիս։ Անգամ երեկոյի համար չես կարողանում պլաններ մշակել»,- ասում է Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մետաքսյա Սեդրակյանը։

Հայրենազրկումից հետո Մետաքսյան ամուսնու և երեք երեխաների հետ հաստատվել է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում։ Ասում է՝ չնայած դժվարություններին ու հայրենազրկման և ունեզրկման իրողությանը, գեթ մի վայրկյան չի զղջացել Արցախում ապրած տարիների համար, ավելին, երջանիկ է, որ իրեն հնարավորություն է ընձեռվել ապրել ազատագրված հայրենիքում, կրթել ու հայրենասիրական ոգով դաստիարակել այնտեղի երեխաներին։ 

Սեդրակյանների ընտանիքը Քաշաթաղ է տեղափոխվել 1995-96թվականներին։ Հիշում է՝ սկզբում ծառայությունից վերադարձած հորեղբայրն է ծնողների հետ Քաշաթաղում վերաբնակվել, մեկ տարի անց նաև Մետաքսյայի հայրն ընտանիքով։ Ապրել են Մշենիում։ 

Մետաքսյան դեռ ուսանողական տարիներից սկսել է դասավանդել, սկզբում հայրենի գյուղի դպրոցում, այնուհետև Տիգրանավանի, ապա Այգեհովիտի դպրոցներում։ 

Ողջ կյանքում աշակերտների կրթած Մետաքսյան այժմ փորձում է կայանալ բիզնեսի ոլորտում։ Եվ արդեն իսկ ունի որոշակի հաջողություններ։ 2021-ին պատահաբար ձեռնարկատիրական դասընթացի մասին հայտարարություն է տեսել և գրանցվել։ Ասում է՝ միտք անգամ չուներ բիզնես հիմնելու, պարզապես ուզում էր նոր բան սովորել և միտքը զբաղեցնել՝ շեղվելու ներկայի ծանր իրողություններից։ 

«Հրաշալի դաընթացավարներ ունեինք, նրանք կարողացան այնպես անել, որ երկու ամսվա ընթացքում գրականության ուսուցիչը դարձավ բիզնեսի սիրահար ու ամեն ինչի մեջ սկսեց  բիզնես գաղափար տեսնել։ Որոշեցի, որ կարող եմ փորձել իմ բիզնեսը հիմնել։ Մտքիս թեյերը եկան։ Ինչո՞ւ։ Որովհետև ծնողներս երկար տարիներ զբաղվել են թեյաբույսերի մթերումով։ Ես էլ իրենց օգնել եմ։  8-10 տարի զբաղվել ենք բույսերի հավաքման, չորացման և մթերման աշխատանքներով։  Մտածեցի, որ իմ ունեցած գիտելիքները կարող են օգտակար լինել, նաև սիրում եմ բնության հետ աշխատել»,- պատմում է նա։

Մետաքսյայի կազմած բիզնես պլանը հավանության է արժանացել, ու նա դրամաշնորհ է ստացել՝ այն կյանքի կոչելու համար։ Այդ միջոցներով վերանորոգել է մի սենյակ իրենց վարձակալած տանը, անհրաժեշտ գույքն ու չորանոցները ձեռք բերել և հիմնել է թեյերի արտադրամաս։ 

«Բրենդը կոչվում է «Թեյնիկ»։ Անվան մասին երկար եմ մտածել։ Չէի ուզում կրկնօրինակել, օտար լեզվով բառերն էլ բացառվում էին, որոշեցի հայերեն թեյնիկ տարբերակը վերցնել»,- ասում է նա։ Այս պահին «Թեյնիկն» իր սպառողներին է առաջարկում 9 տեսակի թեյեր՝ առանձին բուսատեսակներից։ Առաջիկայում տեսականին կհամալրվի նաև թեյաբույսերի և մրգերի խառնուրդներով, մեկանգամյա օգտագործման թեյերով, ինչպես նաև սառը թեյերով։ 

Խոսելով իր արտադրանքի առանձնահատկությունների մասին՝ Մետաքսյան ասում է․ «Իմ թեյերն ունեն եզակի փաթեթավորում։ Տեսքն այնպիսին է, որ հանգիստ կարելի է այն նվիրել։ Բացի այդ, աշխատում եմ առավելագույն քաշ և մատչելի գին ապահովել։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ թեյաբույսերն անձամբ եմ հավաքում և չորացնում բնական միջոցներով։ Անգամ ծաղիկներն իրենց գույնը չեն փոխում չորանալուց հետո»։ Առանձնահատուկ են նաև թեյերի անունները։ Մետաքսյան, լինելով հայերենի մանկավարժ, ընտրել է անուններ, որոնք ուսուցողական բնույթ ունեն։ Բացի այդ, թեյերն ունեն նաև երկլեզու անձնագրեր, որտեղ ներկայացված են դրանց օգտակար հատկությունները, ցուցումներն ու հակացուցումները։ 

Խոսելով ապագայի ծրագրերի մասին՝ Մետաքսյան նշում է, որ այժմ աշխատում է համագործակցություններ ստեղծել խանութների հետ՝ իր արտադրանքը սպառողին հասանելի դարձնելու համար։ Այն արդեն իսկ ներկայացված է Վայոց Ձորի, Արարատի և Երևանի մի շարք խանութներում։ Միակ դժվարությունն այն է, որ բոլոր հարցերով Մետաքսյան ինքն է զբաղվում, ինչն էլ դանդաղեցնում է բրենդի առաջխաղացման ու ճանաչման հասնելու գործընթացը։ 

Ասում է՝ ճանաչում ձեռք բերելու համար մի քանի ցուցահանդես-վաճառքների է մասնակցել և այցելուներից ստացած դրական արձագանքներն ավելի են մոտիվացրել, որ պայքարի և «Թեյնիկը» հանրաճանաչ դարձնի։ «Մի հաճախորդ կար, ֆեյսբուքով թեյ էր պատվիրել։ Երբ իմացել էր, որ Համալիրում փառատոնի եմ մասնակցում, եկել էր՝ տեղում ողջ տեսականուն ծանոթանալու համար։ Շատ ոգևորող խոսքեր ասաց»,- հիշում է Մետաքսյան։ 

Ասում է՝ ներկա պայմաններում ապագայի ծրագրեր կազմելը բարդ է, երկու ամիս է, նրա զինվորական ամուսինը տուն չի եկել, Արցախում շրջափակմանմեջ է։ Բայց, այնուամենայնիվ, նա հույս ունի, որ ամեն բան լավ կլինի և մի օր էլ կիրականանա իր երազանքը՝ ունենալ թեյերի մասնագիտացված խանութ կից թեյարանով։ 

 «Ամենավատ երազում անգամ չենք պատկերացրել, որ մեզ հետ նման բան կարող է լինել»

Խոսելով հայրենազրկման մասին՝ Մետաքսյան պատմում է, որ 2020-ի սեպտեմբերի 20-ին պետական աշխատող ամուսիններով վաղ վեր էին կացել՝ որպեսզի հնարավորինս շատ գործ հասցնեին անել կիրակի օրվա ընթացքում։ 

«6000 մետր խաղողի, 1 հա նռան այգի ունեինք, խոշոր եղջերավոր անասուններ։ Առավոտյան շուտ  անասունները դաշտ էինք ուղարկել։ Ամուսինս ծառի տակից  ընկույզ էր հավաքել, նստած սուրճ էինք խմում ու երկու ուժեղ դղրդյուն լսվեց։ Երբևէ չէինք մտածել, որ պատերազմի ձայնը կարող է մեզ համար լսելի լինել։ Մտածեցինք, որ զորավարժություն է․  Որոտան քաղաքը մեզանից հեռու չէր, այնտեղ զորամասեր կային։ Հետո իմացանք, որ այդ զորամասերին էին հարվածել։ Էլ ձայներ չլսվեցին։ Կարծեմ 7։20 էր,ուզում էինք մեր գործերին անցնել, զանգեցին, ամուսնուս կանչեցին (այն ժամանակ Մետաքսյայի ամուսինը հերշեջ-փրկարար էր)։ Ամուսնուս  ճանապարհեցի, հետո միայն սթափվեցի, որ կարելի է նորությունները նայել։ Ֆեյսբուքը միացրեցի թե չէ, տեսա, որ լիքը մարդ գրել էր, որ պատերազմ է»,- հիշում է նա։

Պատմում է, որ մինչև օրվա վերջ հասկացել են, որ իրավիճակը լուրջ է, և երեխաներին ծանոթ մարդկանց հետ գյուղից դուրս են հանել։ «Մինչև հոկտեմբերի 2-ը մնացել եմ գյուղում։ Մի քանի կանանցով և մի քանի տարեց տղամարդիկ էինք  մնացել։ Տղամարդկանց հենց առաջին օրը ճակատ էին տարել։ Հոկտեմբերի 2-ին մեզ էլ ասացին, որ պետք է դուրս գանք, քանի որ ռմբակոծության վտանգ կար, թշնամին մոտեցել էր, նաև դիվերսիայի վտանգ կար»,- պատմում է Մետաքսյան։ Ասում է, որ գյուղից դուրս գալուց մի քանի օր անց վերադարձել է՝ ուտելիք և հագուստ տանելու համար։  

«Հոկտեմբերի 10-ին այնտեղ էի, ծնողներս հետս էին։ Բառերով  այդ ամենը նկարագրելու չէ։ Տներն եմ մաքրել, փոշիները հավաքել։ Մեր տունը Մեխակավան բարձրացող ճանապարհի վրա էր, ՄՈԲ-ի մոտ 700 զինվոր միայն իմ հողամասի մեջ է պատսպարված եղել։ Այդ ամենը  մաքրել եմ, դասավորել, վստահ դուռը փակել ու եկել՝ համոզված, որ էլի հետ եմ գնալու։ Մայրս ասաց՝ երեխաների վերարկուները վերցրու, ասացի՝  այս ժամանակ ի՞նչ վերարկու, հետ ենք գալու։ Սկեսրայրս ասաց՝ էս անասունը սաղ կորելու է, գոնե մի երկու բան մորթեք, տարեք, թող երեխեքը ուտեն։ Մի խոզ մորթեցինք, բերեցինք, ու մի հավ ունեի ճուտիկներով, բերեցի։ Մնացածին բաց եմ թողել։ Էլ ոչ մի բան չեմ բերել»,- պատմում է Մետաքսյան՝ հավելելով, որ գալուց մի քանի օր անց է միայն հասկացել, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում էր։ 

«Ամսի 17-ին մեր գյուղի վրա 3 սմերչ էին խփել, զոհեր էին եղել, ամուսինս իր խմբով գնացել էր զոհերին դուրս բերելու։Հետո մեր տուն էր մտել, երեխաների նկարների ալբոմն էր աչքի ընկել, վերցրել ու դուրս էր եկել։ Դա Այգեհովիտի վերջին օրն էր։ Հոկտեմբերի 18-ին թշնամին արդեն գյուղ էր մտել, իսկ ամսի 19-ի երեկոյան տեսանյութ էին հրապարակել, թե ինչպես են մեր բակում մի ցուլիկ մորթել ու խրախճանք կազմակերպել»,- պատմում է նա։ 

Անդրադառնալով հարցին, թե արդյոք սպասելի էր նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ասում է, որ առնվազն Քարվաճառի առումով անսպասելի էր․ «Պատերազմն  արդար է այնքանով, եթե այն կարող է արդար լինել,  որքանով արյուն է թափվել ու հողը վերցվել, բայց արյուն թափելով պահած հողը պատերազմից հետո հանձնել, դա հավատալու ու սպասելի չէ»։ Խոսելով պարտության պատճառների մասին՝ ասում է, որ զինվորը չէր կարող ավտոմատով օդային կրակի դեմ պայքարել, մենք պատրաստ չէինք նման պատերազմի, դեր են ունեցել նաև ներքին դավաճանությունները։ 

Պատերազմից երկու տարի անց աստիճանաբար մարում են նաև հույսերը, որ հնարավոր կլինի փրկել այն, ինչ մնացել է Արցախից։ «Ամենավատ երազում անգամ չենք պատկերացրել, որ մեզ հետ նման բան կարող է լինել»,- ասում է Մետաքսյան՝ հավելելով, որ անգամ Ադրբեջանի պահանջները կատարելու պարագայում չկա երաշխիք, որ դեպի Արցախ ճանապարհն անխափան կգործի։ «Ճանապարհը կբացվի միայն այն դեպքում, երբ վերջնական համաձայնության գան, իսկ այդ համաձայնությունը չգիտենք, թե ինչ գնով կլինի, դա այն բանն է, որից սարսափում ենք։ Եվ խնդիրն այն է, որ չենք  կարող վստահ լինել, որ նրանց պահանջներն ինչ-որ  կետից հետո կավարտվեն»,- ասում է նա։

 

կյանքը զրոյից կորսված հայրենիք խմբագրի ընտրանի Արցախ Քաշաթաղ Այգեհովիտ թեյնիկ թեյեր

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ավելին
Ավելին