f

Անկախ

«Գոնե արի կոֆե դնեմ, խմիր, նոր գնա»:Պարույրը պատերազմ էր մեկնել` առանց հրաժեշտ տալու


Ժպտերես ու բարի Պարույրը

Պարույր Հարությունյանը Երևան քաղաքից էր: Տան փոքրն էր` երկու քույրերից հետո:

Դեռ փոքրուց Պարույրը տարբերվել էր իր յուրօրինակ ու խելացի տեսակով։ Ամբողջ կյանքում բարի, առատաձեռն, չափից  դուրս հայրենասեր էր. այսպես է եղբորը բնութագրում քույրը` Տաթևը:

2012-2016 թվականներին Պարույրը սովորել էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` թատրոնի ռեժիսուրայի բաժնում:

2016 թվականին զորակոչվել էր բանակ և ծառայել Հադրութի N զորամասում:

Զինծառայությունից հետո աշխատանքի էր անցել «Artn TV Station» ընկերությունում, որից հետո` «Բում-բումիկում»` որպես խաղավար:

Հարազատները նրան ասում էին. «Էդ խելքիդ հետ գնա ուրիշ տեղ աշխատիր»: Ինքն էլ իր հերթին պատասխանում էր. «Դուք կարո՞ղ եք երեսուն րոպեում տասնհինգ երեխաների ուրախացնել»:

Փոքր տարիքից Պարույրն իր սիրելի հերոսներն ուներ և հոգու խորքում երազում էր դառնալ նրանցից մեկը։ Քրոջ խոսքով` Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանին էր շատ սիրում: Ավարտել էր սիրելի հերոսի անունը կրող դպրոցը։ Պարույրը յութուբյան էջ էր բացել. ազգային հերոսների մասին տեսնայութեր էր պատրաստում և տեղադրում այնտեղ:

«Ամբողջ հոգով ու սրտով տառապում էր մեր զոհերի համար, իր ցավն էր համարում նրանց կորուստը: Հուլիսյան մարտերի օրերին գիշերները չէր քնում նա: Ասում էր. «Կարող է թշնամին գիշերը Հայաստան հասնի», -ասում է Տաթևը:

Կամավորական Պարույրը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առանց հրաժեշտ տալու հարազատներին, Պարույրը կամավորագրվել էր հայրենիքի պաշտպանությանը և մեկնել Արցախ:

«Միայն տատին էր տանը: Տուն էր եկել, արագ վերցրել զինվորական գրքույկը, գնացել»,-պատմում է Տաթևը:

Երեկոյան` ժամը 07:30-ին, Գորիսից զանգել էր հարազատներին և ասել, որ գնում է պատերազմ: Քույրն էլ կատակով ասել էր. «Գոնե արի կոֆե դնեմ, խմիր, նոր գնա»:

«Մեկ է` պետք է գնար, նրան հետ պահելն անհնար էր»,- ասում է Տաթևը:

Հետագայում Պարույրի  զինակից ընկերները պատմել են, որ կամավորների ավտոբուսի կանգնելու ժամանակ Պարույրը տղաներից մեկին սնիկերս էր տվել և ասել` կեր, կարող է շատերս հետ չգանք: Ընկերները պատմել են, որ Ակնայում հանգրվանելու ժամանակ Պարույրն այգիներից բանջարեղեն էր հավաքել և ճաշ պատրաստել: Նրանց խոսքով` Պարույրի ձեռքով պատրաստած ճաշերն ամենահամովն էին:

Խոհարար, բուժակ, խենթ հայրենասեր, հայրենիքի նվիրյալ զավակ: Այսպիսին էր կամավորական Պարույրը:

Պարույր Հարությունյանը մասնակցել էր Ակնայի, Ջաբրայիլի, Հադրութի մարտերին: Վերջին կռիվը մղել էր Հադրութում, որտեղ և հերոսաբար զոհվել էր:

«Դեղատուփը ձեռքին` խրամատից խրամատ էր վազում, վիրավոր ընկերներին բուժօգնություն ցուցաբերում: Կարծես`իր կյանքի քսանվեց տարիների ողջ էներգիան պահել էր հենց պատերազմի համար»,-ասում է Տաթևը:

Հարազատները Պարույրի հետ ամեն օր կապի մեջ էին: Զանգում էր, կատակում, ոգեշնչում նրանց: Քույրն էլ ասում էր. «Կարո՞ղ է հետ գաս, քո փոխարեն ուրիշը գնա»:

Ընկերները պատմել են, որ Պարույրը ոչ մի բանից չէր վախենում:

Տաթևի խոսքով`Պարույրն առողջական խնդիրներ ուներ, և «Նարեկը» կարդալով էր ապաքինվել: Երբ պատերազմ էր գնացել, մայրը գիրքը դրել էր որդու բարձի տակ, որ մինչև նրա վերադարձը մնար այնտեղ:

Հոկտեմբերի 14-ին Պարույրը վերջին անգամ զանգել էր հարազատներին, իսկ հոկտեմբերի 17-ին անմահացել Հադրութում։ Հարազատները նրանից տասն ամիս չորս օր լուր չունեին: Ընկել էր հերոսի մահով` իր սիրելի հերոսների պես:

Տաթևն անկեղծանում է`Պարույրի չափ չի սիրել իր հայրենիքը:

«Հիմա եմ հասկանում, որ ինձ համար այս հողն ամենաթանկն է: Ինձ երբևէ այլ երկրում չեմ էլ պատկերացնում: Երբ տարբերություն են դնում Արցախի և Հայաստանի միջև, ես զարմանում եմ: Մեր տղաները մեկ հայրենիքի, մեկ գաղափարի համար են կռվել»,- ասում է նա:

Եղբոր ծառայության տարիներին Տաթևը երկու անգամ է եղել Արցախում, մեկ անգամ էլ` պատերազմից հետո, երբ նրան էին փնտրում:

«Այդ հողը սրբություն է այլևս: Ես պետք է զգույշ քայլեմ, որովհետև այնտեղ շատ արյուն է թափվել»,-ասում է նա:

Հայրենիքին մատուցած ծառայությունների և սխրագործությունների  համար Պարույր Գեղամի Հարությունյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Քրոջ խոսքով` զոհվելուց հետո Պարույրը երազներում հաճախ է այցելում է իրենց և ասում, որ հետ է գալու: Կգամ` Պարույրի վերջին խոսքն էր: Հենց այդպես էր Պարույրի մասին պատմող իր գիրքը վերնագրել նրա ընկերը` Արփինե Բոյաջյանը:

 «Մեր բակի երեխաների համար  արջի շորերով միջոցառումներ էր կազմակերպում եղբայրս, ուրախացնում նրանց», -ասում է Տաթևը:

Հերոս Պարույրը երազում էր մանկապարտեզ բացել, որտեղ շատ մանուկներ կհաճախեին: Նրա այդ երազանքը կիսատ մնաց:

«Բոլոր լուսանկարներում Պարույրը ժպտում է, կարծես` երազանքների գիրկն ընկած լիներ»,- ասում է քույրը:                

Մեր ամբողջ զրույցի ընթացքում Տաթևից լույս էր ճառագում` Պարույրի հոգու լույսը: Տաթևն այնպիսի սիրով էր խոսում եղբոր մասին, որ մի պահ թվաց` Պարույրը մեր կողքին ժպտում է:

Կգամ` ասել էր Պարույրը: Նրա վերադարձին սպասում են բոլորը, անգամ` բակի երեխաները, որոնց նա կարողանում էր երեսուն րոպեների ընթացքում ժպիտներ պարգևել: Հիմա խենթ հայրենասերը վերևից ժպտում է բոլորին` նույն բարությամբ ու սիրով, որ ներքևում իրեն էլ ժպտան հարազատները, բակի երեխաները:

Պարույրի` սիրելի հերոսին` Մովսես Գորգիսյանին, նվիրված տողերով եմ ավարտում.

Դու որ չլինեիր, ի՞նչ էինք անլու, դու որ չլինեիր, ինչի՞ համար էինք ասելու`

Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու…

Քո հորինած քայլող արվեստի բարի հեքիաթում

Դեռ վառ ենք պահում ազգի օջախը,

Շղթաներից ազատված անարատ դրոշը,

Մեր էությունը անհաս կանգ չի առնի երբեք,

Եվ թե հարկ լինի` կզոհվենք,

Հանուն քեզ, երկիր իմ…

Մովսես:

Հասմիկ Հակոբյան

Հասմիկ Հակոբյան Պարույր Հարությունյան 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի Հայաստան

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են. գյուղացիները հուսահատված են. Կիրանցի բնակիչ
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Պետքարտուղարությունն առանց մեկնաբանության է թողել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ավելին
Ավելին