f

Անկախ

Իմ բոլոր երազներում հայրենի գյուղում եմ․ Նվեր Արզումանյան


«Մենք երբևէ չէինք կարող պատկերացնել, որ մի օր մեր գյուղում ադրբեջանցիներ կհաստատվեն, որովհետև մեր գյուղ իր պատմության մեջ մի ադրբեջանցի ոտք չի դրել։ Հադրութի շրջանում ադրբեջանցիներ չեն ապրել»,- ասում է Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Արզումանյանը։ 

Ասում է՝ իրենց նախապապերը սերնդեսերունդ Արցախում են ապրել, ինքն էլ իր ու իր ընտանիքի ապագան Արցախից դուրս չէր տեսնում։ Բայց պատերազմը նրանց հայրենազրկեց՝ ստիպելով ապրել ու ապրուստ հոգալ հայրենի գյուղից հեռու։ 

Հայրենազրկումից հետո Արզումանյանը կնոջ ու չորս երեխաների հետ հաստատվել է ՀՀ տարածքում, ներկայում Նորաբաց գյուղում են տուն վարձակալում։ Արզումանյանն ասում է՝ երկու տարի է՝ իր բոլոր երազներում ինքը հայրենի գյուղում է։ Եվ հույսը չի մարում, որ մի օր արթմնի էլ Մարիամաձորում կլինի։ «Ուզում եմ հուսալ, որ Հադրութը կազատագրվի։ Բայց այսօրվա դրությամբ,  երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը, հասկանում ենք, որ այդ հավանականությունը գնալով նվազում է։ Պատերազմից հետո հավատն ավելի մեծ էր, հիմա հույսը գնալով մարում է»,- ասում է Արզումանյանը։

Իսկ մինչ հայրենի Հադրութն ու Մարիամաձորը կազատագրվեն, Նվեր Արզումանյանը փորձում է նոր պայմաններին հարմարվել և հոգալ իր ընտանիքի ապրուստը։ Նա եղել է Մարիամաձորի դպրոցի տնտեսվարը։ Ասում է՝ ձեռքից ամեն ինչ էլ գալիս է։ Այստեղ, երկար մտածելուց հետո, որոշել է զոդման միջոցով աթոռներ ու սեղաններ, մահճակալներ  պատրաստել․ հիմքը մետաղից, արտաքին մակերեսը՝ մշակված փայտից։ Կարմիր խաչի օգնությամբ համապատասխան սարքավորումներ է ձեք բերել ու սկսել աշխատել։ Արհեստանոց դեռևս չունի, աշխատում է վարձակալած տան բակում։ Ապրանքն էլ վաճառում է list.am-ի միջոցով։ Ասում է՝ արդեն նաև պատվերներ է ունեցել։ Բայց դեռևս կանոնավոր պատվերներ չունի, ուստի այն դեռևս զբաղմունք է հոբբիի մակարդակում՝ շինարարության ոլորտում աշխատանից ազատ ժամանակահատվածում է նոր իրեր ստեղծելով զբաղվում։

«Հույս ունեմ, որ պատվերներս մի օր կշատանան, ու կկարողանամ արհեստանոց ստեղծել։ Շատ կուզենամ, որ սա դառնա իմ հիմնական գործը, որով ընտանիքիս հոգսը կհոգամ ու այլ աշխատանքի մասին չեմ մտածի»,- ասում է Արզումանյանը՝ հավելելով, որ այս փուլում ապագա բիզնեսի համար անվանում դեռևս չի մտածել։

Հիշելով կյանքն Արցախում՝ Արզումանյանն ասում է, որ այնտեղ երջանիկ էին՝ հող էին մշակում, անասուն պահում ու ապրուստ ստեղծում։ Ասում է՝ ընտանիքի համար նոր երկհարկանի տուն էր կառուցում։ Մնացել էին ներքին հարդարման աշխատանքները, երբ պատերազմը վրա հասավ։ Նախատեսում էին, որ 2021-ի Ամանորը պետք է նոր տանը դիմավորեն։ Բայց նորակառույց տանն ընդամենը երկու օրով գյուղի տղամարդկանցով են ապաստանել պատերազմի ժամանակ․ երկհարկանի ու ամբողջությամբ բետոնապատ կառույցն ամենահարմարն էր որպես ռմբապաստարան։

«Իմ պատկերացմամբ՝ պայմանավորված պատերազմ էր, ի սկզբանե որոշված էր, որ մենք պետք է պարտվենք։ Անկազմակերպ պատերազմ էր։ Ջոկատներ էին բերում, առանց իրարից տեղյակ լինելու ջոկատները տեղակայում էին այստեղ-այնտեղ, բայց ընդհանուր կապը չկար, կազմակերպվածություն չէի տեսնում ջոկատների միջև։ Խոսքս  բանակին չի վերաբերում։ Հադրութի առաջին պաշտպանականն իր դիրքերն ամուր պահել է  մինչև հոկտեմբերի 26-ը»,- ասում է նա։

Հիշելով Մարիամաձորի անկումը՝ Արզումանյանը պատմում է, որ հոկտեմբերի 10-ին, երբ թշնամին մոտեցել է Հադրութին, գյուղերում մնացած բոլոր բնակիչներով միացել են կամավորական ջոկատներին։ 

«Մի քանի օր Հադրութի սարերում ենք եղել, հետո կողքի գյուղում, հետո մեր գյուղում ենք մարտ մղել թշնամու դեմ, 2 զոհ ու  2 վիրավոր ենք ունեցել, բայց չենք կարողացել պաշտպանել գյուղը»,- ասում է նա։

Արզումանյանի ենթադրությամբ՝ իրենց գյուղի վրա հարձակվողները ադրբեջանական հատուկջոկատայիններ են եղել։ «Մենք պոստ էինք պահում գյուղում, դիտարկում էինք տանում, բայց իրենց դիպուկահարներն  այնպես էին  եկել, դիրքավորվել, որ մենք չէինք նկատել։ Իրենք մեզ չէին թողնում մեր գյուղում շարժվել, կրակի տակ էինք։ Մենք էլ, հա, ծառայած ենք, բայց  մասնագետ չենք էլի։ Ինչքան կարողացել ենք, դիմադրել ենք։ Մինչև իրիկուն պետք է օգնություն գար, չեկավ, ասացին նահանջեք, չենք կարող պահել։

Մեր գյուղում եղել ենք միայն մեր գյուղացիներով՝ 12 հոգով։ Մենք ենք մեր գյուղի պաշտպանությունը ղեկավարել, հրամանատար չենք ունեցել»,- ասում է նա՝ հավելելով, որ հոկտեմբերի 21-ին արդեն Հադրութի ողջ շրջանը թշնամու ձեռքում էր։։ 

«Մենք հավատում էինք, որ այո, հակագրոհ է լինելու ու մեր  գյուղերը հերթով ազատագրելու ենք, մեր ղեկավարն էլ նման հայտարարություններ անում էր»,- ասում է նա։

Խոսելով հետագա պայքարի մասին՝ ասում է․ «Չգիտեմ ոնց, բայց համոզված էինք, որ ադրբեջանցին պետք է հասնի Շուշի, որ զինադադար կնքվի։ Ու այդպես էլ եղավ։ Դա էլ մի տարբերակ է, որ պատերազմը պայմանավորված էր»,- ասում է նա։

Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ու ստորագրությամբ հողերը հանձնելու մասին խոսելով՝ Արզումանյանն ասում է, որ հողերը ստորագրությամբ հանձնելը նորմալ երևույթ չէ, բայց եթե պետք է հանձնեինք, գոնե պատանդներին հետ բերեինք, նոր, այլապես մինչ օրս թշնամու մոտ պատանդներ ունենք։

«Քաղաքագետ ու քաղաքական գործիչ չեմ, բայց այդքանը հասկանում եմ։ Փաստն այն է, որ մինչ օրս դեռ գերիներ ունենք ադրբեջանում»,- ասում է նա։

Ասում է՝ ներկա պայմաններում դժվարանում է Արցախի հետագա ճակատագիրը տեսնել։ 

«Մեզ պետք են գրագետ քաղաքագետներ, գրագետ ու  այնպիսի իշխանություն, որ կհամախմբի ժողովրդին, ոչ թե կձգտի ժողովրդին պառակտել, տարանջատել։ Միայն միասնությունը կփրկի մեզ։ Մեզ պետք է միասնություն և գրագետ կառավարում, ոչ թե դերասաններ իշխանության ղեկին,- ասում է նա։ - Արցախում մարդիկ դիմանում են, մնում է, որ իշխանությունները կանգնեն ժողովրդի ու բանակի թիկունքին։ Բայց ներկայիս իշխանություններից նման բան չեմ սպասում, նրանք բացահայտ հայտարարում են, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, և պետք է Արցախից հրաժարվենք»։

 Արզումանյանը վստահ է՝ խաղաղության կարելի է հասնել  միայն պատերազմով։ «Պետք է ունենաս ուժեղ բանակ, որպեսզի ունենաս խաղաղություն։ Մուրալով խաղաղության չենք հասնի»,- ասում է նա։

Հարցին, թե ինչպես է հնարավոր ապահովել ժողովրդի միասնականությունը, Արզումանյանն ասում է․ «Մի քանի տարի առաջ Հայաստանում կար հայաստանցի-ղարաբաղցի տարբերությունը, ներկա իշխանությունները, երբ իշխանության եկան,  ասում էին՝ մենք մի ազգ ենք։ Բայց իրենք անում են հակառակը, ավելի են տարանջատում , ժողովրդի մեջ  սերմանում հայաստանցի-ղարաբաղցի տարբերությունները։ Դա  միանգամից չի կարող անցնել, կարգավորվել։ Ժամանակ ու կազմակերպող է պետք, որ հաղթահարենք ու միասնական դառնանք»,- ասում է նա՝ հավելելով, որ մինչ այդ ապագան էլ, ներկան էլ անորոշ են։

«Շատ կուզենամ նոր տան մասին մտածել, բայց չեմ կարող, այդ հնարավորությունը չունեմ։ Այստեղ հողն էլ մեծ գումար արժի»,- ասում է նա՝ հավելելով, որ տարիների քրտինքով ստեղծածն ամբողջությամբ մնացել է թշնամուն, իսկ փոխհատուցման հեռանկարներն անորոշ են։

 

 

կորսված հայրենիք կյանքը զրոյից Արցախ Հադրութ 44-օրյա պատերազմ խմբագրի ընտրանի

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ավելին
Ավելին