Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ 2023թ. երկրում տեղի կունենան ՀԱՊԿ-ի երեք զորավարժություններ՝ «Փոխգործակցություն», «Էշելոն» եւ «Որոնում»։ Նրա խոսքերը մեջբերել է «ԲելՏԱ» գործակալությունը։
Տասմագամբետովի խոսքով՝ դրանց նպատակը ռազմական ոլորտում առկա հնարավորությունների ամրապնդումն է լինելու։ «Մարտավարական քայլերն առաջին հերթին ուղղվելու են կազմակերպության հավաքական ուժերի մարտական պատրաստվածության ապահովմանը։ Այս առնչությամբ Բելառուսի տարածքում ընթացիկ տարում նախատեսվում են երեք զորավարժություններ»,- նշել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։