ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին պաշտոնապես հայտարարել է 2024 թվականի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։ Նա Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որում հայտնել է իր ծրագրերի մասին։
«Եկել է ղեկավարության նոր սերնդի ժամանակը: Ես Նիկի Հեյլին եմ, և ես առաջադրում եմ իմ թեկնածությունը նախագահի պաշտոնում»,- դիմել է նա ամերիկացիներին։
Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունքի համար նա պայքարելու է Դոնալդ Թրամփի հետ։ 2021 թվականի ապրիլին Հեյլին հայտարարել էր, որ չի առաջադրվի նախագահի պաշտոնում, եթե առաջադրվի Թրամփը։ 2019 թվականին Հեյլին ասել էր, որ ԱՄՆ-ն երբեք չի բարեկամանա Ռուսաստանի հետ և ոչ մի դեպքում չի կարող վստահել նրան։