f

Անկախ

Սիրով սովորել հայերեն․ M.A.M կրթական նախաձեռնությունն օնլայն տիրույթում միավորել է հայերեն սովորել ցանկացողներին


M.A.M կրթական նախաձեռնությունը աշխարհասփյուռ հայությանը՝ մեծ թե փոքր, առաջարկում է հայերենի օնլայն դասընթացներ, որոնց ընթացքում սովորողները կտիրապետեն ոչ միայն իրենց մայրենիին, այլ նաև կծանոթանան Հայաստանի պատմությանն ու աշխարհագրությանը, ինչպես նաև հայ գրականության գոհարներին։ Ի սկզբանե միայն հայերի  համար նախատեսված կրթական նախաձեռնությունը հայերենի ուսուցման գաղափարի  շուրջ է միավորել  նաև Հայաստանում ու արտերկրում ապրող այն օտարերկրացիներին, որոնք ցանկանում են խոսել հայերեն։

Կրթական նախաձեռնության գաղափարն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո։«Այն ժամանակ շատերն իրենց կյանքում լիքը բան վերաիմաստավորեցին, հասկացան, որ որպես հայ, առավել ևս նման իրավիճակում, պետք է ունենաս ինչ-որ ներդրում քո երկրի զարգացման և  ազգապահպանության մեջ։ Միավորման կարիք կար, իսկ մենք սփռված ենք աշխարհով մեկ։ Միասնականությունը կարող է լինել մեր երկրի զարգացման գրավականներից մեկը։ Այդտեղից ծագեց գաղափարը, ու սկսեցինք աշխատել»,- ասում է M.A.M կրթական նախաձեռնության համահիմնադիր, գործառնական տնօրեն  Մելինե Ղազարյանը։

 «Հիմնադիրները ես ու քույրս ենք։ Մենք ինքներս երկար տարիներ ապրել ենք Ռուսաստանում։ Եվ  շատ լավ  հասկանում ենք, թե ինչքան բարդ է օտար միջավայրում պահել քո լեզուն ու  ինքնությունը, առավել ևս Ռուսաստանի նման երկրում, որտեղ կա  իմպերիալիստական մոտեցում, այսինքն՝ այդ  միջավայրում դու պարտավոր ես առաջին հերթին լավ խոսել ռուսերեն»,- ասում է Մելինեն՝ հավելելով, որ ինքնությունն ու լեզուն պահպանելու խնդրի հետ իրենք անձամբ են առնչվել։

Անվանումն էլ պատահական չի ընտրված։ Կյանքում ամենակարևորն ու արժեքավորն ստանում ենք մայրիկից, մայրենին էլ կապված է մոր գաղափարի հետ։ «Մայրիկի ու մայրենիի կերպարից  է բխում մեր նախաձեռնության անվանումը։ Իսկ կետերը  այն երկու առանցքային արժեքներն  են, որի շրջանակում գործում ենք՝ մարդ և ազգ»։

Պատմում  է՝ երբ մեկնարկեցին գաղափարի իրագործումը, չէին պատկերացնում, թե ինչքան մեծածավալ աշխատանք է իրենց սպասվում։ «Պարզվեց, որ մենք ինքներս պետք է դասավանդման մեթոդաբանություն և նյութեր մշակենք, քանի որ օտար միջավայրում ապրող երեխաներին հայերենն օնլայն դասավանդելու մեթոդաբանություն չկար»,- ասում է Մելինեն։

«Ես ու քույրս կրթությամբ տնտեսագետներ ենք, բայց շատ լավ պատկերացնում ենք, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից կրթությունը, որպեսզի երեխան սիրի և սիրելով սովորի։ Չես կարող պարտադրելով սեր սերմանել մայրենիի հանդեպ։ Եվ մենք ամեն ինչ անում ենք, որ մեր աշակերտները սիրով սովորեն հայերեն»,- ասում նա՝ հավելելով, որ կարողացել են լավագույն մասնագետների թիմ  ձևավորել, և 2021-ին հիմնադրված նախաձեռնությունը 2022 -ի փետրվարից մեկնարկել է իր դասընթացները։

Դասընթացները տեղի են ունենում  հատուկ ստեղծված օնլայն հարթակում։ Ուսուցիչները դասը վարում են կրթական նախաձեռնության գրասենյակից՝ հատուկ կահավորված և տեխնիկապես հագեցած դասասենյակից, որը հնարավորություն է տալիս հնարավորինս դեմառդեմ ուսուցման միջավայր ապահովել։ 

«Սա կարևոր է, քանի որ ՔՈՎԻԴ-ի  պայմաններում դասավանդման օնլայն փորձը ցույց տվեց՝ երբ ուսուցիչը զուտ նստած է էկրանի առաջ և դասավանդում է ստանդարտ ձևաչափով, դա արդյունավետ չէ, երեխաները շատ արագ ձանձրանում են։ Այդ պատճառով մեր դասընթացը ստեղծելիս մի քանի առանցքային բաղադրիչներ ենք հաշվի առել»,- ասում է Մելինեն։

Խոսելով իրենց նախաձեռնության առանձնահատկությունների մասին՝ նա  առանձնացնում է դասավանդման ձևաչափը։ «Այնպես չէ, որ մենք այն հորինել ենք, այդ ձևաչափը դեռ 2015-ից կիրառվում է Հարվարդի համալսարանում։ Փորձել ենք այդ ֆորմատը ստանալ և ստացել ենք,- ասում է նա։- Երկորդն այն է, որ մենք ունենք հստակ գրված ծրագրեր։ Այսինքն՝ երբ ծնողը երեխային բերում է M.A.M  հայերեն սովորեկու համար, հստակ գիտի,  թե որ կետից որ կետ երեխան կհասնի և ինչ  ժամանակահատվածում ինչ գիտելիք ձեռք կբերի»։  

M.A.M -ում   երեխաների համար նախատեսված դասընթացները խմբային տարբերակով են իրականացվում, որն էլի պատահական որոշում չէ։ «Մեր դասընթացների վրա աշխատում է մեծ թիմ՝ մեթոդաբանների, հոգեբանների, ուսուցիչների։ Փորձը ցույց է տալիս, որ խմբային դասերի ընթացքում երեխաները շատ ավելի արագ են սովորում։ Այդպես նաև հետաքրքիր է անցնում  դասը։  Հատկապես շաբաթ-կիրակի օրերին ենք ունենում շատ հետաքրքիր խմբեր, երբ կարողանում ենք միավորել Եվրոպան ու Ամերիկան, մի տեղ գիշեր է, մի տեղ առավոտ, մի տեղ ցերեկ։ Այսպես մեր աշակերտները նաև հասկանում են, որ  որպես հայ միայնակ չեն, իրենց պես բազում բալիկներ կան ամբողջ աշխարհում, ովքեր հայ լինելով տարբեր երկրներում են բնակվում և հայերեն են սովորում»,- ասում է Մելինեն։

 Կրթական նախաձեռնությունն ունի նաև  M.A.M-ադարան, որը շարունակ համալրվում է։ «Մեր մեթոդաբանները և հոգեբաններն ընտրում են հայ գրականության վառ ստեղծագործություններն ըստ տարիքային առանձնահատկությունների և տեղադրում այնտեղ՝  և տեքստային,  և աուդիո տարբերակով։ Նախատեսում ենք ապագայում նաև   հարթակը  մուլտերով ու ֆիլմերով համալրել։ Նպատակն է, որ ծնողը, որը ցանկանում է երեխային հայերենի միջավայրում պահել, չունենա կարիք ինքնուրույն հետազոտություններ անելու, գտնելու։ Մենք այդ գործողությունները կանենք, իրենց մնում է գրանցվել և ըստ տարիքի և նախասիրության բովանդակություն ընտրել»,- ասում է Մելինեն։

Պատմելով անցած ճանապարհի և հաղթահարած դժվարությունների մասին՝ Մելինեն նշում է, որ ժամային տարբերությունները մեծ խնդիրներ են ստեղծում․  «ԱՄՆ-ում դասավանդելու համար մենք աշխատում ենք 24/7 ռեժիմով։ Դժվար էր գտնել մասնագետներ, ովքեր պատրաստ կլինեն գիշերվա 3-4-ին ՄԱՄ-ի գրասենյակից դասավանդել  հայերեն ԱՄՆ-ում բնակվող երեխաների համար»։

Իսկ խոչընդոտները հաղթահարելու ուժ և մոտիվացիա ստանում են իրենց աշակերտներից և արձանագրված արդյունքներից։ «Մենք երեխա ունեինք Ամերիկյան Սամոայից։ Նրա մայրը հայուհի էր։ Երեխան հայերեն չէր խոսում։ Բայց մեզ հետ 72 դաս անցնելուց հետո ուսուցչին հայերենով կոմպլիմենտներ էր անում։ Մեզ հուզում են նման բաները։ Կամ Ավստրալիայից մի ուսանողուհի ունեինք, որի հայրն ասել էր՝ քանի դեռ չգիտես «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը և չես հասկանում դրա իմաստը, հայ չես։ Նա մեզ էր միացել այդ նպատակով։ Իսկ հետո ձայնագրություն էր ուղարկել, թե որքան հուզված է իր հայրը, երբ լսում է դստեր արտասանությունը։ Նման տեսարանները վկայում են, որ մեր օրուգիշեր աշխատանքն արդարացված է։ Սա շատ մեծ ապագա ունեցող ու շատ կարևոր  նախագիծ է»։

Մելինե Ղազարյանը կարևորում է, որ Սփյուռքի դպրոցներն իրենց մեջ մրցակցի չեն տեսնում, այլ իրենց դիտարկում են որպես գործընկեր և պատրաստ են համգործակցել։ Արդեն իսկ համագործակցության մի շարք ծրագրեր ունեն տարբեր համայնքների հետ։ Իսկ առաջիկայում M.A.M -ը ներկայացված կլինի նաև ԱՄՆ-ում։  

Խոսելով ապագայի ծրագրերից՝ Մելինեն ասում է, որ նախատեսում են ամառային դպրոց ունենալ, արդեն ոչ վիրտուալ միջավայրում։ «Մեր աշակերտներից շատերն ամռանը Հայաստան են գալիս։ Այստեղից էլ  ծագել է ամառային դպրոցների մեր ծրագիրը, որը երեխաների համար է նախատեսված։ Երկշաբաթյա ճանաչողական ծրագրեր են՝  հագեցած էքսկուրսիաներով, հայքինգով։ Ընդգրկվելու են նաև տեղացի երեխաներ։ Մեր ամենամեծ նպատակներից մեկը երեխաների միջև ցանցային հարաբերություններ ստեղծելն է, որ իրենք կարողանան միմյանց հետ մտերմանալ, շփվել»։

Լուսանկարները՝ M.A.M կրթական նախաձեռնության կայքից

կրթական նախաձեռնություն հայերենի ուսուցում խմբագրի ընտրանի առցանց կրթություն M.A.M կրթական նախաձեռնություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին