Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քայլեր ձեռնարկեցին՝ բավարարելով բոլոր այն պահանջները, որոնք Անկարան ներկայացրել է Երեւանին վերջին 30 տարիների ընթացքում։ Այս մասին փետրվարի 20-ին Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նա հիշեցրեց, որ Թուրքիան միշտ պահանջել է Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին եւ հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից։ «Ներկա պայմաններում ԱՄՆ-ն կաջակցի տարածաշրջանում խնդիրների լուծմանը, որպեսզի Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից եւ հաստատի իր ներկայությունը ռազմավարական դաշնակցի՝ Թուրքիայի միջոցով»,- նշեց փորձագետը։