f

Անկախ

«Պատերազմ տեսած շարֆ է, անպայման տուն պիտի բերեմ»․ հետախույզ Ազատը զոհվել է Քաշաթաղում


Հոգատար և արկածախնդիր Ազատը

Ազատ Հեքիմյանը ծննդով Մոսկվայից էր։ Ոսկեգույն մազերով և կապտականաչ աչքերով Ազատը տան միակ արու զավակն էր: Աննկարագրելի հոգատար որդի և եղբայր է համարում Ազատին քույրը` Աստղիկը, որը մեզ հետ զրույցում պատմել է նաև, որ  Ազատը բոլորի ուրախությունն էր, բոլորին հասնում և օգնում էր:

Ազատը սովորել էր Խարկովի շրջանի Նովոպլատոնովկա գյուղի միջնակարգ դպրոցում` քրոջ հետ նույն դասարանում. Աստղիկը մեկ տարի ուշ էր դպրոց գնացել, որ եղբոր հետ նույն դասարանում սովորեր։ Դպրոցում ուսանելու տարիներին ակտիվ մասնակցել էր մարզական բազմաթիվ մրցաշարերին, որից մեկի ժամանակ գրավել առաջնակարգ տեղ:

Քույրը պատմում է, որ մի օր ճաշարանում իր բաժին կեչու հյութը չէր խմել, տարել էր մայրիկին հյուրասիրել, որովհետև կարծում էր, որ մայրը  դրանից չէր փորձել։ Արկածախնդիր ու հետաքրքրասեր Ազատը սիրում էր երբեմն տնից հեռանալ և նոր վայրեր ուսումնասիրել։ Նրա հետ հաճախ էին զվարճալի դեպքեր պատահում. մի անգամ քրոջ հետ մոլորվել էր եգիպտացորենի դաշտում:

2010 թվականին Ազատի ընտանիքը վերադարձել էր Հայաստան, և Ազատը կրթությունը շարունակել էր Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում։ Այստեղ էլ էր նա աչքի ընկել իր ակտիվությամբ։

Հեշտ էր ընկալում դասերը, սակայն սովորելու հարցում երբեմն ծուլանում էր։ Սիրելի առարկաները ՆԶՊ-ն և ֆիզկուլտուրան էին։ Ֆիզկուլտուրայի դասաժամին մարզադահլիճի դուռն առաջինը բացելը նրան էին վստահում։ Փայտամշակման դասաժամերին գեղեցիկ նախշերով խաչեր էր պատրաստում և նվիրում սիրելի մարդկանց։ Իր մարդկային բարձր արժեքների շնորհիվ Ազատը սիրված էր բոլորի կողմից։ Քրոջ խոսքով` 9-րդ դասարանում նրանց մոտ փորձաքննություն անցնող ուսանողուհիներն Ազատին նամակ էին գրել, որ շատ տպավորված էին նրանից։

«Ոչ բոլորին էր հաջողվում Ազատի ներաշխարհը հասկանալ, սակայն բոլորն էին կարողանում տեսնել նրա հոգու պարզությունն ու մաքրությունը»,- ասում է նա։

Ազատը սպորտդպրոցում զբաղվում էր հունա-հռոմեական ըմբշամարտով։ Որոշ ժամանակ հետո հասկացել էր, որ այդ մարզաձևում ինքն իրեն ազատ չէր զգում։ Նա թողել էր ըմբշամարտն ու սկսել զբաղվել մարտ առանց կանոնների մարզաձևով։ Ազատն ընդունվել էր Գյումրու պետական տեխնիկական քոլեջի «Երկաթուղու էլեկտրաքարշի տեխնիկական շահագործում» բաժինը։

«Իր մարդասիրությամբ և ընկերասիրությամբ նա ձեռք էր բերել շատ ընկերներ, բայց ինչպես իր տեսակին էր վայել, փորձում էր ընտրել հոգով ամենամոտ  և մաքուր մարդկանց, որոնցից մեկն էլ ես էի»,- հիշում է Ազատի ընկերը՝ Արշակը։

Ազատը փորձել էր համատեղել ուսումն ու աշխատանքը։ Շատ էր ուզում ինչ-որ կերպ օգնել իր ընտանիքին։

Կյանքի կարգախոսը` միշտ առաջինը լինել

2019 թվականին Ազատը զորակոչվել էր բանակ: Պարտադիր զինվորական ծառայության վեց ամիսն անց է կացրել Տավուշի մարզի Բերդի N զորամասում։ Ֆիզիկական բարձր պատրաստության շնորհիվ Ազատը ծառայել էր որպես հետախույզ։ Նա շատ էր ուրախացել, որ հենց հետախույզների խմբում էր, քանի որ միշտ երազել էր հետաքրքիր ծառայության և դրա ժամանակ առաջացած բարդությունները հաղթահարելու մասին։ Իր մարտունակության շնորհիվ ծառայության վեց ամիսը լրանալուց հետո ծառայությունը շարունակել էր ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորքերում։

«Չափից շատ գաղտնապահ էր, հավատարիմ` զինվորական երդմանը։ Բանակային կյանքի ընթացքում Ազատը հանգստի ժամերին սկսում էր մտածել իր ապագայի, նպատակներն իրականացնելու մասին։ Նա որոշել էր իր սեփական գործը սկսել, սակայն չէր կողմնորոշվում` որ ոլորտում։ Երազում էր  ճանապարհորդել  և լեզուներ սովորել: Կյանքով լի եղբորս հետ խոսելիս անկախ քեզնից դու էլ էիր կյանքով լցվում»,- ասում է Աստղիկը։

Աստղիկը պատմում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրը հեռավար դաս էր պարապում, երբ մայրը զանգեց և լացակումած ձայնով ասաց, որ պատերազմ էր սկսվել։

«Ներսումս միանգամից ամեն ինչ դատարկվեց: Առաջին միտքը, որ եկավ` Ազատս էր»,- ասում է Աստղիկը։

Առաջին անգամ հեռախոսազրույցի ժամանակ Ազատը մորն ասել էր, որ ապահով տեղում են, նրանց մարտադաշտ չեն տարել: Մայրը նորից հարցրել էր որդուն, բայց Ազատը համոզել էր նրան, որ պատերազմի դաշտում չի: Հարազատները հետո են իմացել, որ պատերազմի առաջին օրն էլ Երևանից նրանց Արցախ են տարել: Զանգում էր և թաքցնում իր` պատերազմի դաշտում գտնվելու մասին, ամեն անգամ ասում, որ կզանգի նորից 4-5 օր հետո։

«Երբ  Ազատի հետ խոսելիս ձայներ էինք լսում, նա ասում էր, որ մեքենաների տեղաշարժի ձայներն էին»,- ասում է Աստղիկը:

Մարտական առաջադրանք կատարելուց հետո հետախույզների խումբը Գորիս էր վերադառնում, և հենց այդ ժամանակ` չորս օր հետո, Ազատը զանգում էր հարազատներին: Միայն հոկտեմբերի 15-ին են հարազատներն իմացել, որ նա մասնակցում էր պատերազմին:

Պատերազմի օրերին Ազատը ոգի էր տալիս բոլորին, ասում, որ հանգիստ լինեն:
Մորն ասել էր. «Մամ ջան, քեզ լավ նայի, ես կամ ու կգամ»։ Մայրական սիրտն անհանգստացել էր, տագնապել էր որդու համար: Ազատն էլ ասել էր. «Մամ ջան, ես իրավունք չունե՞մ ասեմ`քեզ լավ նայիր»:

Ազատը մասնակցել էր Քարվաճառի, Ջրականի, Հադրութի մարտական գործողություններին: Վերջին անգամ նրա հետ հարազատները խոսել են հոկտեմբերի 19-ին: Այդ օրը մայրիկին ու ամենամոտ ընկերոջն էր զանգել: Ասել էր, որ նոր էր զարթնել քնից և հարցրել` Ասիկն (Աստղիկին այդպես էր կոչում) ինչպե՞ս է:

«Մայրս նրա ձայնից զգացել էր, որ հիվանդ էր: Ուղղակի մենք շատ կարճ էինք խոսում Ազատիս հետ, վախենում էինք մի բառ ավել ասել, հարցնել թե որտեղ է: Ազատն էլ շատ գաղտնապահ էր, ոչ մեկին ոչ մի բան չէր ասում»,-ասում է Աստղիկը:

Ազատը զոհվել էր հոկտեմբերի 20-ին`Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղում, բայց 2021 թվականի փետրվարի 2-ին են ԴՆԹ-ի արդյունքերով պարզել նրա ինքնությունը:Հուղարկավորվել է Եռաբլուրում:

ՀՀ նախագահի հրամանագրով Ազատ Անդրանիկի Հեքիմյանը հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ազատի եղբայրը` Աղաբեկ Հովհաննիսյանը, հերոս Ազատի հիշատակին «Իմ եղբայր» երգն է գրել։ Եղբոր խոսքով` երգը սկսել է գրել դեռ այն ժամանակ, երբ Ազատը համարվում էր անհայտ կորած։ Երգը պետք է ուրիշ ավարտ ունենար, քանի որ բոլորը վստահ էին, որ գտնելու են Ազատին:  Եղբոր հետ երկխոսության արդյունքում էլ ծնվել էր երգը։

Պարտություն չհանդուրժող Ազատն ամեն ինչում ձգտում էր առաջինը լինել։ Միայն պատերազմից վերջինը վերադարձավ, այն էլ` անմահացած:

Պատերազմի ժամանակ Ազատն իր շարֆն էր կորցրել: Ասում էր. «Պատերազմ տեսած շարֆ է, անպայման տուն պիտի բերեմ»:

«Զանգեց ու ասաց, որ գտել է այն ու հետն անպայման տուն է բերելու»,- ասում է Աստղիկը:

Ազատն այդպես էլ չվերադարձավ պատերազմի դաշտից, պատերազմ տեսած շարֆն էլ չհասավ մորը: Խոստացել էր գալ, երբ  ծառայության ավարտին մնացել էր ընդամենը չորս ամիս:

Հասմիկ Հակոբյան

Ազատ Հեքիմյան Հասմիկ Հակոբյան 44-օրյա պատերազմ զոհեր և վիրավորներ խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին