f

Անկախ

«Նա պատերազմ գնաց` առանց հրաժեշտ տալու, Նարեկին էլ չգրկեց»: Գևորգն անմահացել էր Հադրութում


Գևորգը պատերազմ գնաց` առանց հրաժեշտ տալու

Երեք տարի էր, ինչ Գևորգ Բաբայանը ծառայում էր Արցախի պաշտպանության բանակի հատուկջոկատայինների խմբում: Ամսվա տասն օրն էր տանը լինում, մյուս օրերին դիրքերում էր:

Պարտադիր ժամկետային զինծառայությունը Գևորգն անց էր կացրել Մատաղիսի N զորամասում, որից հետո պայմանագրային զինծառայության էր անցել Ասկերանի N զորամասում: Գևորգը բարձրագույն կրթություն չէր ստացել, ընտրել էր զինվորականի ճանապարհը` հավերժ մնալով հայրենիքի զինվոր:

«Անկախի» հետ զրույցում կինը` Մարիաննան, պատմում է, որ Գևորգի հետ երկու տարի հանդիպելուց հետո 2018 թվականին ամուսնացել են: 2019-ին ծնվել էր նրանց որդին` Նարեկը:

Մարիաննան պատմում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Գևորգը երեք րոպեում հավաքվել և արագ դուրս էր եկել տնից` առանց հրաժեշտ տալու: Շտապում էր։

«Նա գնաց պատերազմի դաշտ` առանց հրաժեշտ տալու, անգամ Նարեկին չգրկեց: Դա մեր վերջին հանդիպումն էր»,- ասում է Մարիաննան:

Բոլորը կարծում էին, որ Քառօրյա պատերազմի նման մի քանի օր կտևի նաև այդ պատերազմը: Մարտադաշտ գնալուց առաջ Գևորգը կնոջն ասել է, որ ծնողների տուն գնա և մենակ չմնա այդ ծանր օրերին:

Մարիաննան պատմում է, որ Գևորգի հետ անընդհատ կապի մեջ էր, հաճախ էր զանգում: Միայն Եղնիկներ տեղանքում գտնվելու ժամանակ անհասանելի էր: Հոկտեմբերի 6-ին Եղնիկներից վերադառնալուց հետո էր նոր միայն զանգել:

«Պատերազմի մասին ընդհանրապես չէր խոսում: Երբ ասում էի, որ բոլորը դուրս են գալիս, մենք էլ դուրս գանք, հանգստացնում էր ինձ և համոզում, որ դուրս գալու իմաստ չկա»,- ասում է նա:

Բայց հետո զանգել էր Մարիաննայի եղբորն և խնդրել կնոջն ու որդուն Արցախից դուրս անվտանգ վայր տեղափոխել:

Գևորգը զոհվել էր արդեն հանձնված Հադրութում

Գևորգ Բաբայանը կռվել էր ամենաթեժ տեղերում` Հադրութում, Եղնիկներում, Թալիշում, Ֆիզուլիում: Նաև վիրավորներին էր հանել մարտադաշտից: Հոկտեմբերի 8-ին կարճ ժամանակով տուն էր եկել, բայց կինն ու որդին այդ օրերին Երևանում էին, որի պատճառով նրանք չեն հանդիպել:

Հոկտեմբերի 10-ին հատուկջոկատայինների խմբի տղաները Հադրութ գնալու և վիրավորներին հանելու առաջադրանք են ստացել, երբ արդեն հոկտեմբերի 9-ի երեկոյան Հադրութը գրավված էր թշնամու կողմից: Գևորգի վերջին զանգը եղել էր հոկտեմբերի 9-ին՝ առաջին հրադադարի օրը:

Այդ օրն էլ լրացել էր Նարեկի տասն ամսականը: Մարիաննան հարցրել էր ամուսնուն` եթե հրադադար է, ինչու՞ տուն չի վերադառնում: Բայց Գևորգը լռել էր, որովհետև հենց այդ օրն ամենաթեժ մարտն էր մղում :

«Հոկտեմբերի 10-ին  Նարեկն առաջին անգամ ինքնուրույն կանգնել էր, ես էլ տեսանկարահանել էի, որ ուղարկեի Գևորգին»,- ասում է կինը:

Մարիաննան զանգել էր ամուսնուն, ուրախ լուրով կիսվելու նրա հետ, բայց նրա բոլոր զանգերն անպատասխան են մնացել: Գևորգը զոհվել էր հոկտեմբերի 10-ին` ժամը 14:00-16:00-ի արանքում: Մարիաննայի սիրտը մի անբացատրելի անհանգստությամբ էր լցվել, սկսել էր զանգել ամուսնուն, զգացել էր, որ ինչ-որ բան այն չէր: Գևորգն այդ ժամանակ արդեն վիրավորվել էր: Ծառայակից ընկերները փորձել են նրա կյանքը փրկել,  մոտակա գյուղն էին տարել, որտեղ բուժքույրը մորֆի էր ներարկել նրան, բայց ոչինչ չի օգնել: Ընկերների խոսքով` Գևորգը լուռ ցավի մեջ 5 րոպեում մահացել էր` առանց որևէ բառ ասելու:

Այդ ժամանակ Մարիաննայի հեռախոսազանգերին ոչ ոք չի պատասխանել: Չգիտեին` ինչպես հայտնեին Գևորգի զոհվելու մասին: Հաջորդ օրն առավոտյան զանգել  են Մարիաննայի եղբորն ու հայտնել հերոսի զոհվելու լուրը:

«Սկզբում ինձ խաբել են, որ նա վիրավոր էր: Ես էլ մտածել եմ, որ կբերենք այստեղ, կբուժենք, և ոչ մի տեղ էլ բաց չեմ թողնի նրան»,- ասում է կինը:

Գևորգի մարմինը չորս ամիս հետո են հարազատներին հանձնել: Թշնամին հերոսի համազգեստից կարծել էր, թե բարձրաստիճան զինվորական է,  նրա մարմինը երկար պահել են իրենց մոտ: Երբ նոյեմբերի 25-ին Գևորգին հանելու նպատակով Կարմիր խաչի օգնությամբ գնացել են այդ վայրը, նրան չեն գտել այնտեղ: Մարիաննան ամուսնուն գտնելու խնդրով դիմել է երկրի նախագահին, բարձրաստիճան զինվորականներին:

«Մարդ գերեզման չունենա, որ երեխան գնա մոտը». ասել է նա:

Հունվարի 28-ին հայկական կողմին երեսունմեկ մարմին են հանձնել, որից մեկը Գևորգինն էր: Նրա մարմինը լրիվությամբ քայքայված էր, մարմնի վեց դաջվածքներից ոչ մեկից ոչ մի հետք չէր մնացել: Բայց մայրը ճանաչել էր որդուն:

«Ես չորս ամիս  այն հույսով եմ ապրել, որ նա ողջ է: Մտածում էի` ընկերներն ինձնից ինչ-որ բան են թաքցրել, ամեն ինչ չեն պատմել:  Ես չէի հավատում, որ իմ ամուսինն էր»,- հուզված պատմում է կինը:

Փետրվարի 18-ին ԴՆԹ–ի արդյունքներով հաստատվել էր Գևորգի ինքնությունը: Նրան հուղարկավորել են փետրվարի 21-ին` Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում:

Գևորգ Բաբայանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

«Մենք մի քանի ամիս ամենաերջանիկ մարդիկն էինք: Նարեկին` «պապուն արջ» էր ասում Գևորգը: Այնքան երջանիկ պահեր ենք ունեցել»,- հիշողությունները թերթելով պատմում է Մարիաննան:

Գևորգը երազում էր երեք որդի ունենալ: Պլանավորել էր` քառասուն տարեկան հասակում պետք է ծնվեր  նրա երրորդ որդին, որ հետագայում հոգ տաներ իր մասին: Բոլոր երիտասարդների պես նա էլ էր երազում տունը վերանորոգել և բարեկեցիկ կյանքով ապահովել ընտանիքին: Գևորգի երազանքները կիսատ մնացին՝ իր գարուն կյանքի և սիրո պես։

«Այն, ինչի պակաս զգացել էր նա փոքր տարիքում, երազում էր իր որդուն տալ, որ որդին ոչ մի բանի կարիք չզգար երբեք»,- ասում է կինը:

Հոգատար հայր, լավ ամուսին, հայրենիքի անպարտ զինվոր: Այդպիսինն էր Գևորգը:

«Նա իր զինվորական համազգեստը շատ էր սիրում: Նրա մոտ չէի արտահայտվում, որ այդ համազգետը նրան շատ էր սազում: Հագնում էր համազգեստն ու ինքն իրենով երկար հիանում»,- անկեղծանում է Մարիաննան:

Գևորգն իսկական նվիրյալ էր` ընտանիքի, հայրենիքի, գործի: Հանուն այդ կարևոր՝ իր համար արդեն սրբություն դարձած երեք արժեքների համար նա գնաց գիտակցված մահվան, հավատով, որ իր որդին իրենից հետո ապրելու է ազատ հայրենիքում՝ երազելով միայն խաղալիքի մասին։

Մարիաննան հիմա միայնակ է մեծացնում Նարեկին: Արցախի շրջափակման օրերին որդու հետ փորձել էր Շուշի բարձրանալ՝ իր ազատության, խաղաղ ապրելու իրավունքի համար, որովհետև նա բոլորից լավ գիտեր, որ դրանք վաստակել է՝ ամենաթանկը զոհաբերելով։

Հիմա ավելի ծանր ու դաժան օրեր է ապրում՝ խենթանալով ավելի շատ մարդկային անտարբերությունից։ Շրջափակման պայմաններում ամուսնու շիրմին խոնարհելու ծաղիկ էլ չի կարողանում գտնել քաղաքում:

«Մի վարդ էլ չկա, որ գոնե տանեմ նրան»,- ասում է նա:

Հասմիկ Հակոբյան

 

 

Հասմիկ Հակոբյան 44-օրյա պատերազմ զոհեր Գևորգ Բաբայան խմբագրի ընտրանի

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին