Հայաստանի արդարադատության նախարարությունը ծրագրում է 200 էլեկտրոնային շղթա գնել։ Այդ նպատակով պետբյուջեից կհատկացվի 560 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Ընտանիքում բռնության կանխման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում հաշտության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, մարտի 1-ին ասել է արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Փոխնախարարի խոսքով՝ 2022թ. գրանցվել է ընտանեկան բռնության 1 547 դեպք։
«Դրանցից 619-ը համարվել է անհապաղ, իսկ 6 դեպքերում կիրառվել են պաշտպանական միջոցներ»,- տեղեկացրել է Սարգսյանը։
«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այդ միջոցներն անբավարար է համարել։
«Ավելի ճիշտ չէ՞ր լինի միլիարդավոր դրամներ ծախսել այլ կարեւոր միջոցառումների վրա։ Օրինակ՝ աճող թմրամոլության դեմ պայքարի»,- ասել է խորհրդարանականը։