Արագածոտնի մարզում ապօրինի թմրամիջոց պահելու եւ իրացնելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (թմրամիջոցների ապօրինի իրացնելը) եւ 396-րդ հոդվածի 3-րդ մասի (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հատկանիշներով. ձերբակալված երկու անձանցից մեկն ազատ է արձակվել։ Անկախին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ թմրանյութի վաճառքով զբաղվող պարեկը ձերբակալվել է։
«Երեկ ոստիկանության կողմից Արագածոտնի մարզում թմրամիջոց ապօրինի պահելու եւ իրացնելու հանցավոր արարք կատարելու մեջ հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է 2 անձ։ Նրանցից մեկի մոտ զննությամբ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված։ Փորձաքննությամբ պարզվել է, որ այդ զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց՝ 1,86 գրամ ընդհանուր քաշով, այսինքն առանձնապես խոշոր չափերով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի եւ 396-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Քննությամբ պարզվում են հանգամանքները, նաեւ ձեռքբերման աղբյուրը։ Անձը, ում մոտ հայտնաբերվել է թմրամիջոցը, շարունակում է մնալ արգելանքի տակ, մյուսն ազատ է արձակվել»,- ասաց Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է պարեկ, որը զբաղված է եղել թմրանյութերի վաճառքով։