f

Անկախ

«Արցախից դուրս եմ եկել` չմտածելով՝ուր եմ գնում»․Մանուշը պատերազմում կորցրել է եղբորն ու ամուսնուն


Մանուշը ծննդով Հադրութի Մեծ Թաղեր գյուղից է: Արցախյան 44-օրյա պատերազմում կորցրել է հարազատ եղբորն ու ամուսնուն:

«Անկախի» հետ զրույցում սիրելի ամուսնու մասին ժպիտով է պատմում:

«Սիրով ընտանիք էինք։ Մեկ-մեկ ասում էր` ինչու՞ չես խռովում` գնաս հայրական տուն»,-  ամուսնու կատակներն է հիշում նա:

Մանուշն ասում է`միշտ երազել է, որ սիրելի ամուսնուն երեկոյան՝ ժամը 18:00-ին, տանը դիմավորեր: Իդեալական և երջանիկ ընտանիքի մասին Մանուշի բոլոր երազանքները պատերազմի վերջին օրը հավիտյան մարեցին: Սիրելի եղբոր՝ Կարենի կորստյան ցավից չսպիացած վերքերին մի նոր վերք ավելացավ` սիրելի ամուսնու կորուստը:

Մանուշի հիշողություններով մտովի տեղափոխվեցինք Արցախ: Սեպտեմբերի 27-ի առավոտյան առաջին հրետակոծության սարսափը վերապրեցինք: Մանուշը երեխաների հետ ավտոտնակում էր պատսպարվել: Հետո գիտակցեցին, որ դա Ապրիլյան պատերազմի պես չէր, սահմանի ողջ երկայնքով էր պատերազմը, և դրա զոհը կարող էր լինել յուրաքանչյուրը:

Մանուշի ամուսինը` Գրիգորի Ծատրյանը, Ֆիզուլիում իր փոքրիկ բիզնեսն ուներ: Առավոտյան որդին` Գրիգորին,  ջուր է խնդրել: Հրետակոծությունից շենքը դղրդում էր: Մանուշը պատուհանից տեսել է, թե ինչպես է մոտակա շենքից ծուխ ելնում։ Հետո ամուսնու մայրը զանգել է նրանց և արտասվելով հայտնել պատերազմի մասին: Խնդրել է որդուն` երեխաներին նկուղ իջեցնել: Մանուշի զինծառայող եղբայրներն էլ հաստատել են` Արցախի սահմանի ողջ երկայնքով պատերազմ էր:

«Մտածում էինք` Ապրիլյանի նման մի քանի օր կտևի և կհանդարտվի »,-ասում է Մանուշը:

Ավտոտնակում պատսպարվելը վտանգավոր էր, բազմոց ու մահճակալ են տեղափոխել նկուղ և մնացել այնտեղ: Նկուղում նրանց հետ երկու տարեց կին էլ են եղել:

Մանուշի մյուս եղբայրը` Աշոտը, ևս զինծառայող է: Փոխգնդապետ Աշոտ Փաթյանը պատերազմի ամենաթեժ կետերում է կռվել մինչև վերջ, անգամ զորքի հետ շրջափակման մեջ է հայտնվել:

Հոկտեմբերի 1-ին թշնամին հարվածող անօդաչու սարքեր է կիրառել։ Մանուշը սկսել է անհանգստանալ: Հայրը զանգել է  նրա ամուսնուն և ասել, որ երեխաներին Արցախից դուրս ապահով վայր տեղափոխի: Գրիգորին ասել է. «Թող ինձ մոտ մնան, երբ տեսնեմ վտանգավոր է, կմտածեմ նրանց անվտանգության մասին»:

Հոկտեմբերի 2-ին հրետանակոծել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալը: Հարվածի ալիքը զգացել է Մանուշը, քանի որ իրենց շենքը դրա մոտակայքում էր գտնվում: Մանուշը սկսել է շատ անհանգստանալ երեխաների համար, ամուսնուց նեղացել է, որ իրենց չի տեղափոխում ապահով վայր: Գրիգորին ասել է. «Թող տղաներս պատմությանը ներսից ծանոթանան»: Կինն էլ հուզված ասել է. «Կռիվը վերջանա՝ քեզ հետ չեմ խոսելու»:

Մանուշն ասում է, որ մեկ շիշ ջուր, մեկ հաց, 2000 դրամ ձեռքին դուրս է եկել տնից: Քրոջ ամուսինը` Անդրանիկը, նրանց տարել է Վերածննդի հրապարակ, որտեղից պետք է ավտոբուսներով Երևան ուղևորվեին: Բոլորը զարմացել էին, որ այդ օրերին քաղաքում փոքր երեխաներ էին մնացել:

«Արցախից դուրս եմ եկել` չմտածելով` ուր եմ գնում»,- արցունքներին ազատություն տալով պատմում է Մանուշը:

Գորիսում Երևանից չորս ընտանիք միաժամանակ նրանց մոտեցել և առաջարկել է իրենց օգնությունը: Մանուշը հետո տեղափոխվել է Հոկտեմբերյան` ամուսնու բարեկամի տուն:

Մյուս եղբայրը՝ Կարեն Փաթյանը, Ֆիզուլիի դեղատան պետն է եղել: Կարենը կռվել է Մարտունիում, Ֆիզուլիում, Հադրութում, Ջաբրայիլում:

«Բազում զինվորների կյանք է փրկել»,-ասում է քույրը:

Պատերազմի ժամանակ Կարենը վիրավորներին և զոհվածներին տարհանել է մարտադաշտից: Դեռ կենդանության օրոք գործած սխրանքների համար նրան պարգևատրել են «Արիություն» մեդալով։ Կարենը զոհվել է հոկտեմբերի 13-ին՝ Ֆիզուլիում։

«Այդ օրը վերջինը ես եմ խոսել նրա հետ: Մեր զրույցը րոպեուկես է տևել։ Ասաց՝ գիդասչըմ (չգիտեմ) կիլականմ (կգամ), թե՝ չէ, երեխաներիս լավ կնայես»,- ասում է քույրը:

Մանուշը լավ հիշում է այդ օրը՝ արևոտ եղանակ էր: Բայց հոգին մի ակնթարթում  դատարկվեց։ Կարծես՝ մարմնից դուրս էր եկել։ Ժամը 15:00-ին եղբոր հետ կապը կտրվել է․ արդեն անհասանելի էր։ Հենց այդ ժամանակ Ֆիզուլիի զորամասը հրետանակոծվել է։ Մանուշը հասկացել է, որ եթե եղբայրն իր զավակին բարի գիշեր չէր ասել, ուրեմն նրա հետ դժբախտություն էր պատահել։ Եղբոր կորուստը շատ ծանր է տարել։ Հարազատ գյուղում եղբորը միայն տղամարդիկ են հուղարկավորել։ Ինչպես Մանուշն է ասում՝ գյուղում ոչ մի կին չի եղել, որ բարձր ձայնով լացեր: Պատերազմից հետո գյուղը թշնամու վերահսկողության տակ է անցել։ Եղբոր մարմինը վերահուղարկավորել են Եռաբլուրում։ Հետմահու պարգևատրել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

«Մի օր Եռաբլուրում մի երիտասարդ մոտեցավ և համբուրեց եղբորս շիրմաքարը: Հարցրի՝ ո՞վ է, ասաց, որ Կարենն իր կյանքն է փրկել: Ես էլ լացելով ասացի՝ բա ձեր մայրերից մեկն ինչու՞ չասաց՝ Աստված էլ թող քեզ պահի, ոչ մեկի մոր օրհնանքին չարժանացա՞վ եղբայրս»,- նորից հուզվում է Մանուշը:

Մանուշի Երևան տեղափոխվելուց հետո Գրիգորին միանում է Բերձորի և Լիսագորի կամավորների ջոկատին: Նոյեմբերի 9-ին զինվորական հոսպիտալից պետք է վիրավորներին տեղափոխեր դիրքեր: Տղաներին ասել է, որ քսան օր էլ մնան, լավ կազդուրվեն, նոր կգա նրանց հետևից:

«Դեպքից մի կես ժամ առաջ խոսել եմ նրա հետ: Ասել է` հետ չի վերադառնալու, և կինը պետք է հպարտանա, որ իր ամուսինը դասալիք չէ: Հետո հավելել է` աննկարագրելի դաժան մարտեր են ընթանում»,- ասում է Մանուշը:

Մանուշը խնդրել է ամուսնուն հետ վերադառնալ, բայց Գրիգորին չի լսել կնոջը: Այդ օրը ճակատագրական է եղել նրա համար: Նա միայնակ մերձավոր մարտի է բռնվել թշնամու դեմ` անմահանալով Լիսագորի ճանապարհին` այդպես էլ չհասնելով դիրքեր: Գրիգորի Ծատրյանին հուղարկավորել են հարազատ գյուղի՝ Խնածախի ընտանեկան գերեզմանատանը։ Հետմահու պարգևատրել են «Արիություն» մեդալով։

Պատերազմից հետո Մանուշը երեխաների հետ տեղափոխվել է Երևան։ Ապրում  են վարձով բնակարանում՝ դժվարությունները հաղթահարելով արցախցուն հատուկ քաջությամբ և համառ պայքարով՝ շարունակելով ապրել սիրելի ամուսնու և եղբոր փոխարեն։ Գրիգորիի՝ նոր տուն կառուցելու երազանքն էլ կիսատ է մնացել։ Հիմա Մանուշը մտածում է երեխաների հետ կապված երազանքներն իրագործելու մասին։ Հայրը երազում էր, որ տղաները լավագույն բժիշկները դառնային։ Մանուշն ամեն ինչ անում է, որ որդիները իրենց հերոս հայրիկի և քեռու պես արժանապատիվ կյանքով ապրեն և միշտ հպարտությամբ քայլեն։

 

Հասմիկ Հակոբյան

Գրիգորի Ծատրյան Աշոտ Փաթյան Կարեն Փաթյան Մանուշ Փաթյան 44-օրյա պատերազմ զոհեր Հասմիկ Հակոբյան խմբագրի ընտրանի Արցախ Հայաստան

«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Ավելին
Ավելին