Կիևի մի քանի շրջաններում հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը հայտնվել են գովազդային մեծ ցուցանակներ «Ռուսաստան՝ մեր գլխավոր ռազմավարական գործընկերը» կարգախոսով, տեղեկացնում է REGNUM գործակալությունը:
Պաստառների վրա եղել է նաև Օլեգ Կատյուշչենկոյի լուսանկարը (Ուկրաինայում այդ անունով քաղաքական գործիչ կամ փորձագետ հայտնի չէ-խմբ.):
Պարզվել է, որ մայրաքաղաքում, առանց իշխանություների հետ համաձայնության, կախել են նման 9 ցուցանակ: Կոմունալ աշխատողներն արագորեն հանել են գովազգային պաստառները: Յուրաքանչյուր ցուցանակի ապամոնտաժումը կատարվել է իրավապահների, լրագրողների, քաղաքային անվտանգության աշխատողների ուղեկցությամբ:
«Արտաքին գովազդի օպերատորները նման սյուժեների տեղադրման համաձայնություն չեն տվել, այսինքն՝ սադրիչ բիլբորդները տեղադրել են ավազակային եղանակով: Իրավպահ մարմիններն արդեն բացահայտում են, թե ովքեր և ինչ նպատակով են պատրաստել և փակցրել ռուսամետ գովազդը»,- հայտարարել է լրագրողներին Կիևի փոխքաղաքապետ Վալենտին Մոնդրիևսկին: