f

Անկախ

Գիտությունն ինքնին ստեղծագործություն է․ Ռուզան Սուքիասյան


«Բյուրեղների աճեցումը ֆիզիկայի ամենառոմանտիկ ուղղությունն է։ Բյուրեղների աճեցումը շատ նմանեցնում եմ երեխայի ծննդին ու խնամքին,- «Անկախի» հետ զրույցում ասում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու Ռուզան Սուքիասյանը։

-  Ամեն մի համակարգից նոր բյուրեղ ստանալիս ուրախանում ենք այնպես, ինչպես երեխայի ծննդյան պարագայում են ուրախանում։ Յուրաքանչյուր բյուրեղ ունի իր յուրահատուկ նիստավորումը։ Կապ չունի, թե բյուրեղը որպես մերան ինչ ձևով է կտրվում՝ թիթեղ, կամ այլ ձև, մայր լուծույթում տեղադրելուց   ամիսներ անց  այն վերաձևավորվում է  իրեն բնորոշ  նիստավորմամբ։ Եվ դա բնության հրաշքներից է։ Ամեն բյուրեղ առանձնահատուկ է և մարդու նման չկրկնվող «ձեռագիր ու մատնահետք» ունի»։ 

Սուքիասյանի բնորոշմամբ՝ գիտությունն ինքնին ստեղծագործություն է, արարման պրոցեոս, իսկ գիտությամբ զբաղվող անձը  և նոր բաներ է բացահայտում, և ստեղծագործում է, և գեղեցիկի հետ է առնչվում։ 

Սուքիասյանը ծնվել ու մեծացել է Սպիտակում։ Աղետալի երկրաշարժի ժամանակ դպրոցական էր։ «Մինչև երկրաշարժը լավ էինք ապրում։ Հանկարծ մի օրում ամեն բան փոխվեց՝ ոչ տուն ունեինք, ոչինչ չունեինք։ 15 տարեկանում ես կարողացա հասկանալ, որ այս կյանքում գումարը կարևոր չէ, որ այլ՝  ավելի կարևոր արժեքներ կան»,- ասում է Սուքիասյանը՝ բացատրելով, թե ինչպես է որպես կյանքի ուղի ընտրել գիտությունն ու մնացել ոլորտում այն տարիներին, երբ գիտությունից համատարած հեռանում էին։

«Դեռ 19 տարեկան էի, որ ընտրեցի գիտության ոլորտը։ Սկզբում 3 հազար դրամ աշխատավարձ էի ստանում։ Հետո դարձավ 15 հազար։ Բայց այդ գումարն ինձ չէր հետաքրքրում։ Գիտության աշխարհն այնքան գրավիչ  էր և նոր բացահայտումներով լի, որ ֆինանսական կողմը դարձել էր երկրորդական»,- ասում է նա՝ հավելելով՝ եթե մասնագետը կարողանում է մնալ գիտության ոլորտում, արդյունքի հասնել, ապա ֆինանսական կողմն ինքնստինքյան ապահովվում է։ 

Սուքիասյանի ղեկավարած գիտական խումբը զբաղվում է ամինաթթուների աղերից ոչ գծային օպտիկական, պիրոէլեկտրական, պիեզոէլեկտրական և այլ կիրառելի հատկություններով օժտված  բյուրեղների աճեցմամբ։ 

«Կարելի է ասել՝ մենք  մոլեկուլային ինժեներիայով ենք զբաղված։ Քիմիական ելանյութերի  հատկությունները հաշվի առնելով՝ սինթեզում ենք մեզ հետաքրքրող հատկություններով,  աշխարհին անհայտ նոր աղեր, որոնք աճեցնում ենք միաբյուրեղների ձևով։  Նոր ստացած բյուրեղներն  ուսումնասիրվում են տարբեր ֆիզ-քիմիական մեթոդներով, օրինակ՝ ռենտգենակառուցվածքային անալիզով որոշում ենք դրանց մոլեկուլային և բյուրեղային կառուցվածքը,- ասում է նա։-  Մեր նպատակն է ամինաթթուների աղերի սինթեզումից ստանալ ցանկալի հատկություններով որոշակի աղեր, բյուրեղներ, որոնք մեծ կիրառություն կունենան առօրյա կյանքում»։

Սուքիասյանն ասում է, որ գիտությամբ զբաղվելու երեք տասնամյակների ընթացքում ստացել է շուրջ 60 նոր բյուրեղ, որոնք ունեն պահանջված հատկությունները։ Դրանցից առանձնացվել է 10 բյուրեղ, որոնց մոտ այդ հատկանիշներն առավել վառ են դրսևորված։ Եվ ներկայում զբաղվում են և՛ ընտրված բյուրեղների աճեցման պայմանների և հատկանիշների կատարելագործմամբ, և՛ նոր բյուրեղների սինթեզմամբ։ 

Սուքիասյանը նաև հավելում է, որ իրենց հաջողվել է բյուրեղներ ստանալ նաև այնպիսի համակարգերից, որոնցից 1983-ից ի վեր համարվել է, որ բյուրեղներ ստանալ և աճեցնել հնարավոր չէ։  «Որոշակի մեթոդներ կիրառելով և բյուրեղների  սինթեզման, աճեցման մեր հմտությունները համադրելով  2022 թ-ին կարողացանք 3 նոր բյուրեղներ ստանալ, որոնց մասին զեկուցել  ենք  Կորեայում տեղի ունեցած գիտաժողովում»,- ասում է նա։

«Այս պահին պիրոէլեկտրիկ հատկությամբ որակյալ միաբյուրեղներ ենք աճեցրել, աճեցման պայմանների ուսումնասիրումը և աճեցումը տևել է մոտ 2 տարի։  Ձգտում ենք  ավելի էժան մեթոդներով և ավելի արագ մաքուր միաբյուրեղներ աճեցնել։ Մեր կողմից ստացված պիրոէլեկտրիկ բյուրեղի պարամետրերը ավելի լավն են, քան այս պահին որպես պիրոէլեկտրիկ օգտագործվող  բյուրեղներինը»,- ասում է նա։

Սուքիասյանը նշում է, որ իրենց գիտական արդյունքները  ներկայավելու են Իտալիայում, ապա նաև Ավստրալիայում առաջիկայում  տեղի ունենալիք միջազգային գիտժողովներում։ Հույս ունեն, որ այդպիսով նոր համագործակցություններ կստեղծվեն՝ հիմք դնելով հետագա համատեղ հետազոտությունների։

«Դեռ 1999-ին Իսրայելում կայացած «Բյուրեղների աճեցում»  միջազգային գիտաժողովում  արժանացա լավագույն երիտասարդ գիտաշխատող  անվանակարգի 3 մրցանակներից մեկին»,- հիշում է նա։ 

Հարցին՝ թե ինչ է անհրաժեշտ իրենց ստացած գիտական արդյունքների կիրառականությունն ապահովելու համար, Սուքիասյանը նշում է․ «Դա  տարիների աշխատանք է՝  լայնածավալ և ֆինանսատար։ Գիտնականը, եթե արդյունքը կիրառականության հասցնելու ուղղությամբ  գնաց, իր միտքը կկենտրոնանա միայն դրա վրա։ Արդյունքում նա կզրկվի հետագա գիտական բացահայտումներից։ Եթե նոր գիտական բացահայտումներից էլ զրկվեց, կզրկվի գրանտներ ստանալու և ֆինանսներ ներգրավելու հնարավորությունից։ Շրջապտույտ է ստացվում։ Եթե ֆինանսավորման խնդիրը չլինի, իհարկե, կուզենանք  գործընթացը հասցնել մինչև կիրառականության փուլ»։

Խոսելով գիտության ոլորտոմ տեղի ունեցող փոփոխությունների և պետական հոգածության մասին՝ Սուքիասյանն ասում է, որ դրական տեղաշարժն ակնհայտ է, բայց դա բավարար չէ գիտության ոլորտում սերնդափոխություն իրականացնելու համար։ 

«Մեր ոլորտի մրցակիցը ՏՏ-ն է, որը շատ գրավիչ է եկամուտների առումով։ Արդյունքում միայն «ռոմանտիկներն»  են գալիս գիտություն։ Բայց ժամանակակից  երիտասարդության մեջ այդ «ռոմանտիկները»  քիչ են։ Երիտասարդներին շահագրգռելու համար բարձր աշխատավարձը կարևոր է,- ասում է նա։ - Եթե բավարար քայլեր չձեռնարկվեն,  5-10 տարի հետո մենք գիտություն չենք ունենա։ Օրինակ՝  մեր լաբորատորիայում  հիմնականում տարիքով  մարդիկ են, ունենք ընդամենը 4 երիտասարդ»։

 

գիտություն ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ խմբագրի ընտրանի ֆիզիկա գիտության զարգացում Հայաստան կին գիտաշխատող Կինը և գիտությունը

Արագացված ատեստացիայի հնարավորությունը ձևական էր, չի կարելի համարել, որ ինչ-որ բան արեցին մեզ համար. գործազուրկ դարձած մանկավարժ
Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ)
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան
Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Ավելին
Ավելին