Փարիզում կարգելվի էլեկտրական ինքնագնացների վարձույթը։ Կիրակի կայացած քաղաքային հանրաքվեում Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչների մոտ 90 տոկոսը սատարել է այս նախաձեռնությունը։
Քվեարկությունը, որին մասնակցել է մոտ 100 հազար մարդ, խորհրդատվական բնույթ է կրել, ուստի որոշումը պետք է ընդունեն քաղաքային իշխանությունները։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խոսքով՝ էլեկտրական ինքնագնացների վարձույթը կավարտվի սեպտեմբերի 1-ից:
Արգելքի կողմնակիցներն ասում են, որ էլեկտրական ինքնագնացների վարձակալները «թողնում են դրանք՝ որտեղ պատահի» եւ վտանգավոր իրավիճակներ են ստեղծում հետիոտների եւ տրանսպորտային միջոցների համար:
Արգելքը չի տարածվի անձնական էլեկտրական ինքնագնացների վրա։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ 2022 թվականին Փարիզում էլեկտրական ինքնագնացների հետ կապված միջադեպերի հետեւանքով տուժել է 456 մարդ, 3-ը՝ մահացել։