f

Անկախ

«Հրապարակ». Հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը դեմ Ռուսաստանի խաղաղապահ միսիային,բայց ինչու՞է դեմ Հայաստանը է


Հերթական իրադարձությունը, որը հակառուսական տրամադրությունների նոր ալիք առաջացրեց Հայաստանում եւ Արցախում, Հայաստանից Ստեփանակերտ ուղեւորված եւ այդպես էլ տեղ չհասած ավտոբուսների պատմությունն էր: Ինչպես գիտենք, ապրիլի 4-ի ուշ երեկոյան ռուս խաղաղապահները, ադրբեջանական կողմի հետ ունենալով պայմանավորվածություն, փորձել են 27 հոգու ավտոբուսներով Հայաստանից տեղափոխել Արցախ, սակայն չեն կարողացել անվտանգ տեղ հասցնել: Ադրբեջանցի էկոակտիվիստները՝ զինյալների ուղեկցությամբ, կանգնեցրել են ավտոբուսները, ազերիներից մեկը նույնիսկ ներս է մտել: 4 ժամ Շուշիի մոտակայքում կանգնելուց հետո 23 հոգի՝ հոգեբանորեն ճնշված եւ նյարդային վիճակում, վերադարձվել են Գորիս, իսկ 4 կանայք, որոնց վիճակը վատացել էր, ադրբեջանական շտապօգնության մեքենաներով տարվել են Ստեփանակերտ: Մենք մի քանի հարց ուղղեցինք ռուս վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովին: 


- Հայաստանում մարդիկ քննարկում են ռուս խաղաղապահների պահվածքը։ Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի թե՞լն են թելում, թե՞ չունեն այլեւս իրավիճակի վրա ազդելու հնարավորություն, եւ ազերիներն ուղղակի անտեսում են նրանց: Օրինակ, կար պահանջ՝ հեռանալ լեռնային ճանապարհից, բայց ադրբեջանական կողմը դա չկատարեց: Ո՞րն է խնդիրը:  

- Այս ամենը տարակուսանք է առաջացնում: 100 օր եւ ավելի ընթանում է հակամարտությունը Լաչինի միջանցքի գոտում, ինչի՞ են ուզում հասնել ադրբեջանցիները՝ այսչափ լարելով հարաբերությունները Հայաստանի հետ, դժվար է հասկանալ: Ընդհանուր կոնտեքստում դա տապալում է խաղաղության պայմանագրի նախապատրաստությունը, բանակցային գործընթացը՝ առհասարակ, որն առանց այդ էլ հազիվ է առաջ շարժվում: Ի դեպ, դեռ հարց է, թե ով է առաջ տանում այդ խաղաղ գործընթացը՝ Արեւմո՞ւտքը, թե՞ Մոսկվան: Վերջերս, Արարատ Միրզոյանի այցից հետո, ոնց որ թե տպավորություն կար, թե ձեռք բերվեց պայմանավորվածություն, եւ Հայաստանը վերադարձել է Մոսկվայի կողմը: Բայց տատանումներն Արեւմուտքից Արեւելք եւ հակառակը՝ անկայուն իրավիճակ են ստեղծում, որից օգտվում են էկոակտիվիստները եւ ոչ միայն նրանք: Կան որոշակի ուժեր նաեւ՝ ես կասկածում եմ՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում, որոնք հետաքրքրված են այդ լարման պահպանմամբ ու նոր օջախների ստեղծմամբ: Սա տեղի է ունենում Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կտրուկ եւ աննախադեպ սրման ֆոնին, ինչը պետք է հաշվի առնել: Եթե իրադարձությունները շարունակեն զարգանալ այս հունով, դա կարող է բերել լոկալ զինված կոնֆլիկտի: Ստեղծվում է լարվածության իրական պոտենցիալ օջախ Լաչինում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, այսինքն՝ ապակայունացվում է իրավիճակը: Երկրորդն էլ՝ տապալվում է ռուսական «Հյուսիս-հարավ» նախագիծը, որը Ռուսաստանը փորձում էր իրականացնել, հայտնվելով տրանսպորտային եւ կոմունիկացիոն մեկուսացման մեջ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: Նա սկսեց ակտիվ գործել Հյուսիս-հարավ երթուղու ուղղությամբ, եւ պատահական չէ, որ հենց այս շրջանում է ի հայտ գալիս լարվածությունը: Աշխատում է նաեւ երրորդ ուժի գործոնը, որն ամեն ինչ անում է՝ լարվածությունը պահելու եւ զինված կոնֆլիկտի եզրագծին հասցնելու: Ինչ վերաբերում է կոնկրետ միջադեպերին, թե քանի մարդ որտեղից եկավ ու չկարողացավ գնալ՝ սրանք տեղային նշանակության սյուժեներ են, որոնք վերահսկելը շատ բարդ է: 

- Ի վերջո, մարդիկ ասում են, որ մեղավոր են ռուսները, որոնք պարտավորություն ունեին՝ լուծել այդ տեղային նշանակության կոնֆլիկտները, բայց չեն կարողանում, ինչո՞ւ չեն կարողանում:  

- Իհարկե, Լաչինի միջանցքը պետք է լինի ռուսաստանյան խաղաղապահների պատասխանատվության գոտում, բայց թե ինչու է այսպիսի վարք դիտարկվում, դժվար է ասել: Իմ կարծիքով, այստեղ երկակի ստանդարտների խաղ է գնում: Հայաստանն ու Ադրբեջանը խաղարկում են ռուսական քարտեզները, դա փաստ է: Որովհետեւ եթե հայերը պրոցեսը թեքում-տանում են դեպի Արեւմուտք, ապա ինչո՞ւ է նույն ուղղությամբ գնում Ադրբեջանը, եթե նրան ամեն ինչ ձեռք է տալիս եւ, ինչպես դուք եք ասում՝ ռուսները նրանց են աջակցում: Ալիեւն այնտեղ գնաց, չէ՞, Արեւմուտքի հովանու ներքո ստորագրելու պայմանագիրը: Ռուսաստանն էլ պատասխանեց նրանով, որ բարձրացրեց խաղաղապահների կարգավիճակի հարցը: Լավ, հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը դեմ Ռուսաստանի խաղաղարար առաքելությանը: Որովհետեւ այդ տարածքը՝ Լեռնային Ղարաբաղը, նա համարում է իրենը, բայց ինչո՞ւ է դրան դեմ կանգնում Հայաստանը, որն Արցախը հայտարարում է անկլավ Ադրբեջանի տարածքում եւ միջազգային վերահսկողության գոտի, այսինքն՝ ՄԱԿ-ից է երաշխիքներ պահանջում: Տեսեք, ինչքան են համընկնում դիրքորոշումները: Ռուսներին դեմ են ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները, եւ մենք, ի վերջո, հայտնվում ենք ինչ-որ հեռակա դերում, որովհետեւ մենք պետք է մեր խաղաղապահներին ապահովենք անհրաժեշտ ամեն ինչով, կոմունիկացիոն հնարավորություններով եւ այլն՝ Հայաստանի տարածքով, բայց ոչ Ադրբեջանի: Իրավիճակն արտառոց է: Ի վերջո, այս ամենը կհոգնեցնի մեր նախագահին: Նա նրանց կկանչի մի ինչ-որ տեղ, ասենք՝ Սոչի, եւ բռունցքը սեղանին խփելով՝ կարգի կհրավիրի: Իսկ առայժմ մենք փորձում ենք կրքեր զսպել: Կստացվի, թե ոչ՝ չգիտեմ: 

- Եթե խաղաղապահները մարդկանց են տեղափոխում կոնֆլիկտային տեղանքով, չէ՞ որ պետք է լինեն նաեւ ոստիկաններ, շտապօգնության մեքենաներ, հաշվի առնելով հնարավոր վտանգները: Այս ամենը մտնում է, չէ՞, խաղաղապահների արսենալի մեջ: Ինչո՞ւ այս ամենը չկա:  

-  Ոչ, այս ամենը խաղաղապահների կարգավիճակի հարցեր են, որոնք նրանք բարձրացնում են հայկական եւ ադրբեջանական կողմերի առաջ: Օրինակ, պե՞տք է ռուսաստանյան խաղաղապահներն այնտեղ ունենան շտապօգնության մեքենաների կորպուս, ունենա՞ն արդյոք հսկիչ անցակետեր, քանի՞ մարդ բաց թողնեն միաժամանակ, լինե՞ն արդյոք ժամանակավոր պահման կետեր եւ այլն: Երբ որ ռուսական կողմը լիազորությունների ընդլայնման հարց է դնում, հենց սա նկատի ունի: Այս ամենը պետք է կանոնակարգված լինի, չէ՞: Բայց Ադրբեջանն ու Հայաստանը դրան չեն գնում: Նրանք, ըստ էության, խոսակցություն չեն տանում: Ռուսներն էլ ասում են՝ դե, չեք ուզում, ոնց ուզում եք: Մենք մեր ԲՏՌ-ներով կտանենք Ռուսաստանից Ստեփանակերտ ուղարկած «տուշոնկան», իսկ բնակչությանը եթե այս ամենը դուր է գալիս, այդպես էլ ապրեք: 

- Երկար ժամանակ է՝ ճանապարհը փակ է, իրավիճակն էքստրեմալ է, արդեն ոստիկանների սպանություններ են եղել՝ դուք գիտեք, եւ այս արսենալը վաղուց պետք է գործադրվեր: 

- Եթե Երեւանը գնաց դեպի Արեւմուտք, երբ որ այդ գոտում հայտնվեցին եվրոպացի դիտորդները, ձեզ մոտ սկսվեց այդ սցենարը: Խնդրեք, թող զորք մտցնեն: Մակրոնը ձեզ ինչ-որ բան խոստացե՞լ է, Միշելը ձեզ խոստացե՞լ է՝ ոչ: Դե թող նրանք մտցնեն իրենց զորքերը: Ի՞նչն է խանգարում Հայաստանին՝ անկախ Ռուսաստանից, անկախ Ադրբեջանից, ստորագրել ավտոնոմ պայմանագիր ֆրանսիացիների, անգլիացիների հետ: Սիրիան Ռուսաստանի հետ ստորագրեց, եւ Ռուսաստանն իր զորքն ուղարկեց Սիրիա: Դուք էլ ստորագրեք, եթե, իհարկե, այդ ամենը «բլա-բլա» ու «լյա-լյա» չէ, ու դատարկ խոսակցություններով նրանք չեն լարում իրավիճակը, իսկ դուք ռուսների վրա եք ջարդում այդ լարումը: 

- Բայց Ձեր ասած հակառուսական տրամադրությունները միայն մեր իշխանավորների մոտ են: Ժողովրդի մոտ դրանք քիչ են: Իսկ այսպիսի միջադեպերից հետո արդեն ժողովուրդն էլ է երես թեքում: 

- Դա նման է այն ջրհորի մեջ թքելուն, որից խմում ես: Բայց հայերը խելացի, գրագետ ժողովուրդ են, շատ լավ հասկանում են, թե ինչ կատաստրոֆիկ իրադարձությունների կարող են բերել իշխանական կոնյունկտուրայի գործողությունները:

 

Ստանիսլավ Տարասով հարցազրույց Արցախի շրջափակում Ադրբեջան Հայաստան

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին