f

Անկախ

Իշխանության վախերը չափելու ժամանակը


Նախքան հրապարակման բուն նյութին անցնելը, ճշտենք իշխանական թիմի անդամների կողմից ժամանակ առ ժամանակ շահարկվող մի կարծր մոլորություն, թե իբր՝ «ժողովուրդն իր քվեն տվել է մեզ, եւ դա եւս մեկ անգամ վերահաստատել 2021-ի հունիսին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններում»: Հետեւաբար, ըստ նրանց, ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու իրենց օրինակարգությունը եւ կպցնելու տարբեր վիրավորական պիտակներ՝ դավաճան, հողատու, կապիտուլյանտ եւ այլն:

Իրականում հունիսյան ընտրություններում ՔՊ-ին քվե տվել էր ոչ թե ժողովուրդը, այլ նրա ընդամենը 25 տոկոսը կամ 680 հազար ընտրող: Ընդ որում՝ նրանց ոչ ոք Արցախը ծախելու, պատերազմը պարտության տանելու, երկիրը ծվատելու եւ մաս-մաս թուրքին հանձնելու մանդատ չի տվել: Սա պետք է մեկընդմիշտ ականջներին օղ անեն եւ գիտակցեն, որ հայ ժողովուրդը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մակարդակով, իրենց քվե չի տվել, ինչպես նաեւ չի տվել ժողովրդի անունից խոսելու եւ, առավել եւս, նրա թիկունքում կարեւոր որոշումներ կայացնելու իրավունք: Իշխանության ներկայացուցիչները կարող են խոսել լոկ իրենց ընտրողների անունից՝ նրանց տված խոստումների շրջանակում:

Այժմ գանք մեր թեմային եւ փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում իշխանական թեւում եւ նրա վարքագծում: Ակնհայտ է, որ արշալույսներն այնտեղ խաղաղ չեն, ինչը գնալով բյուրեղացավ հատկապես նախորդ շաբաթվա ընթացքում, երբ Սյունիքի Տեղ-Կոռնիձոր սահմանագծի ուղղությամբ թշնամու ներթափանցման հենքին կամ դրան զուգահեռ տարօրինակ իրադարձություններ էին տեղի ունենում ՔՊ-ական ճամբարում՝ սադրանքներ ԱԺ երկու հանձնաժողովի նիստերում, խորհրդարանի խոսնակի կողմից խուլիգանական արարք փողոցում, ապաեւ՝ վարչապետի որդուն ծեծելու մասին սուտ տեղեկատվության տարածում, որը ստիպված էր հերքել «ծեծվածն» ինքը: Բոլոր նշյալ անցքերի հետ կապված՝ այս կամ այն չափով հոլովվում էր Ալեն Սիմոնյանի անունը:

Մի դրվագում նա միջադեպի գլխավոր հերոսն է, որը Կասկադի մերձակայքում՝ հանրային վայրում, հայհոյում ու թքում է իր հետեւից «դավաճան» ձայնած քաղաքացու դեմքին՝ ըստ էության, գործելով փողոցային խուլիգանին հարիր արարք, մյուս դրվագում հանդես է գալիս ԱԺ մեծամասնության կողմից հրահրված սադրանքների «կուրատորի» դերում, երրորդ դրվագում նա ապատեղեկատվություն տարածող բանսարկու է եւ այլն: «Հայացքի» նախորդ թողարկման մեջ մանրամասն մեկնաբանություններ կարելի է գտնել բոլոր այդ դրվագների վերաբերյալ, ուստի նպատակահարմար ենք գտնում հետագա շարադրանքը տանել ներիշխանական առերեւույթ եւ աներեւույթ զարգացումների թեմայի հունով:

Եվ այսպես՝ ի՞նչ գործընթացներ են ծավալվում իշխանական բուրգի վերնահարկերում եւ նրա շուրջ, ինչո՞վ բացատրել ակնհայտ ջղաձգությունները, վախերը, տագնապը: Ինչո՞ւ անհանգիստ է նաեւ հանրային միջավայրում, որտեղ տիրապետող է իշխանության հանդեպ ատելությունը: Փողոցում ԱԺ նախագահի հետեւից «դավաճան» են կանչում, վարչապետի վրա հովանոց են նետում, առաջին տիկին կոչեցյալին սոցցանցերում նշավակում են՝ վերջինիս ափեղ-ցփեղ գրառումների տակ եւ դրանց պատճառով: Ոչինչ չի օգնում գլխավոր օրակարգից հասարակությանը շեղելու, նրա «կոտրված» սիրտը շահելու համար՝ ո՛չ բացօդյա զբոսանքի պատրանքը, ո՛չ «պեռաշկի» եւ «կուկուռուզ» ուտելու անհամոզիչ ծեսը, ո՛չ բազմապիսի սադրանքներն ու ստերը:

Հասարակությունն ընդվզում է, իշխանությունը նրան վերահսկողության տակ պահելու ապարդյուն ջիգեր է գործադրում: «Մեզ համար մեր պետությունը սրբություն է ու երբ մեզ անվանում են դավաճան, մենք դա շատ ցավոտ ենք տանում»,- յոթգլխանի այս կեղծիքի հեղինակը ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն է, որն, ի դեպ, «սրբությունը» պատառ-պատառ թշնամուն հանձնողների առաջին շարքերում է: «Եթե անհրաժեշտ լինի, ես եւս մեկ անգամ կառաջնորդեմ իմ ժողովրդին»,- սա էլ քաղվածք է ժողովրդին երբեք չառաջնորդած, երբեք «իրենը» չհամարած, սակայն բազմիցս նրան նվաստացրած Ալեն Սիմոնյանի խոսքից: Ախր, կեղծիքն էլ, լպիրշությունն էլ պիտի, չէ՞, չափ ու սահման ունենան:

Իհարկե՝ Սիմոնյանի սիրտը շատ է ուզում առաջնորդ դառնալ: Ըստ մամուլում պտտվող լուրերի, իշխանության ներսում որոշակի ստվերային խմորումներ են հասունանում նոր առաջնորդի թեկնածուի շուրջ, քանի որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն աննախադեպ ընկել է, ինչպես վկայում են ներքին կարգով անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Հավանական վարչապետացուների ցանկում հիշատակվում են, մասնավորապես, Ալեն Սիմոնյանի, Սուրեն Պապիկյանի, Տիգրան Ավինյանի անունները, որոնցից ամենաքիչ շանսերն ունի Սիմոնյանը, որովհետեւ ՔՊ-ական վերնախավում նրան «տանել չեն կարողանում»:

Անշուշտ՝ Նիկոլ Փաշինյանի «աչքերն» ուշադիր հետեւում են ներկուլիսային անցուդարձին եւ ամեն ինչի մասին տեղյակ պահում շեֆին, թեպետ հակառակ կողմը նույնպես ձեռքերը ծալած նստած չէ: Բայցեւայնպես՝ վտանգի դեպքում իշխանության բարձրագույն կրողի թիմի կողմից համապատասխան քայլերը չեն ուշանում: Հենց այդ նկատառումներով էին որոշել Ավինյանին հրապուրել Երեւանի քաղաքապետի աթոռով, մյուս «վտանգավոր» հավակնորդին՝ Պապիկյանին էլ ուղարկել Պաշտպանության նախարարություն, ինչն ասել է՝ քանդված բանակ, որտեղ սայթաքումների ներունակությունը մեծ է, գերատեսչության ղեկավարի վարկաբեկվելու հնարավորությունը՝ նույնպես:

Միայն Սիմոնյանի պարագայում, որը վարչապետի աթոռի հավակնորդների մեջ ամենից անպարկեշտն է, Փաշինյանը, կարծես թե, կաշկանդված է: Դա երկու պատճառ կարող է ունենալ. ա/ Սիմոնյանը, որպես վարչապետի թեկնածու, շատ թույլ է՝ նրանից զգուշանալու համար, եւ բ/ կա երկուսին կապող ինչ-որ գաղտնիք, մութ գործարք կամ վարկաբեկիչ նյութ, որի բացահայտումը խիստ անցանկալի է վարչապետի բարձր պաշտոն զբաղեցնող անձի համար: Առաջին պատճառն ինքնաբերաբար արանքից դուրս է գալիս, քանի որ գործող վարչապետի վարկանիշը նույնպես բավական խոցելի է: Մնում է երկրորդը՝ վարկաբեկիչ տեղեկանյութի կամ, այլ կերպ ասած, կոմպրոմատի առկայությունը:

Ուշագրավ է, որ ԱԺ նախագահի եւ Կարեն Մկրտչյան անունով հայրենադարձ քաղաքացու միջեւ ապրիլի 2-ին Կասկադի մոտակայքում տեղի ունեցած խայտառակ միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի դատապարտել հանրային վայրում Ալեն Սիմոնյանի գռեհիկ պահվածքը: Վերջինս էլ, հավանաբար, իր անվան հետ կապված աղմկոտ դիպվածից հանրային ուշադրությունը շեղելու համար, հայտարարել էր, թե հարձակման է ենթարկվել վարչապետի որդին՝ Աշոտը, ինչը, սակայն, հերքել էին ինչպես իրավապահ մարմինները, այնպես էլ հայր ու որդի Փաշինյանները:

Արդյո՞ք Փաշինյանների ընտանիքն ուզում է ձերբազատվել Ալեն Սիմոնյանից. կասկադյան դեպքից երկու օր անց ԱԺ բակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան՝ Սիմոնյանն ասել է. «Բացառված է: Իմ ու վարչապետի միջեւ որեւէ հակասություն չկա եւ երբեւիցե չի կարող լինել։ Գուցե, բարձր է հնչում, բայց ես հասկանալով եմ սա ասում։ Ինքն ու ես մի թիմ ենք։ Ես թիմի ներկայացուցիչ եմ, ինքը իմ ղեկավարն է, իմ ընկերն է, իմ գործընկերն է։ Եվ եկեք փակենք այդ թեման»։ Ակներեւ ու բավական խոսուն ինքնավստահություն կա ԱԺ նախագահի խոսքում՝ «բացառված է», «հակասություն երբեւիցե չի կարող լինել», «ինքը իմ ղեկավարն ու իմ ընկերն է» եւ այլն:

Փաշինյանին լավ ճանաչողները պնդում են, որ նա «փուռը չի տա» այն թիմակցին, ում հետ կապված է փոխշահավետ համագործակցության թելերով: Hayeli.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը, որը նախկինում աշխատում էր Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում, հայտարարել է. «Ալենը հենց որ հրապարակի Նիկոլ Փաշինյանի հանձնարարականները, որոնք զետեղված են «Վոթսաբ» համակարգի իրենց նեղ խմբի էջում, ուժգին պայթյուն է լինելու»: Նախկին պատգամավորը փակագծեր չի բացել, բայց երեւում է, որ Փաշինյանի մտավախությունը համընկնում է վերը բերված մեր «բ/» կետին: Ալեն Սիմոնյանը կոմպրոմատ ունի եւ նրա ինքնավստահությունը դրա ցայտուն վկայությունն է:

Բայց պետք է նկատել, որ ՀՀ վարչապետ աշխատող անձնավորության մտահոգությունը, եթե չասենք վախերը, գալիս է ոչ միայն եւ ոչ այնքան սեփական թիմի ներսից, որքան՝ խաբված, հուսալքության բարձրակետին հասած հասարակությունից: Իշխանությունները հասկանում են, որ իրենք ձախողել են ամեն ինչ՝ երկրի կառավարման համակարգը, ներքին ու արտաքին քաղաքականությունը, պետական ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սահմանադրական հանձնառությունը, փչացրել են մարդկային հարաբերությունները, խաթարել ներհասարակական անդորրը, բերել մահեր, կորուստներ ու ավերածություններ: Եվ այսօր Հայրենիքը կանգնած է լինել-չլինելու սպառնալիքի առջեւ:

Այդուհանդերձ՝ իշխանությունը չի հեռանում: Սա չլսված բան է, թեեւ հասկանալ կարելի է՝ վախենում է հանրության դատաստանից: Եվ գործադիրի ղեկավարը հրաժարականի փոխարեն ամրապնդում է «հենարանները», ուժեղացնում իր անվտանգության միջոցները՝ օգտագործելով 20 հազարանոց արդիականացված ոստիկանության, նորելուկ պարեկային ծառայության, դատաիրավական մարմինների ներուժը, որոնց նախապես «իրենով էր արել»: Բայց այդքանից հետո էլ նա իրեն, կարծես թե, անվտանգ չի զգում եւ ուշադրության ծիրում է պահում նաեւ սեփական թիմի անցուդարձը՝ զգուշանալով, որ հանրային ըմբոստության ալիքն ուժեղանալու դեպքում հնարավոր է խժդժություններ սկսվեն թիմի ներսում, անգամ՝ բանակում:

«Հրապարակի» աղբյուրի կարծիքով՝ չնայած իշխանության թվացյալ հանգստությանը, «Փաշինյանի վախերը լույսի արագությամբ աճում են»: Նա, ըստ թերթի աղբյուրի, զգում է, որ բանակում դժգոհություն է հասունանում՝ ՀՀ ինքնիշխան տարածքը մաս-մաս Ադրբեջանին հանձնելու հետ կապված։ «Փաշինյանը հասկանում է, որ զինվորականներն իրենք են հեղափոխական ալիք բարձրացնելու, ուստի որոշել է նախապես կանխել վտանգավոր զարգացումները»,- գրում է թերթը՝ հայտնելով, որ դրանով պայմանավորված՝ գործադիրն օրենսդրական փոփոխություն է ներկայացրել ԱԺ, որով արգելվում է զինվորականներին քաղաքական կոչեր կամ հայտարարություններ հնչեցնել, զինվորական կամ ծառայողական համազգեստով մասնակցել հավաքների եւ այլն:

Փաստորեն իշխանությունը գնում է մի քայլի, որի անհրաժեշտությունը, կարծես թե, չկա՝ Սահմանադրությամբ արդեն իսկ ամրագրված է, որ ՀՀ ԶՈՒ-ն պարտավոր է քաղաքական չեզոքություն պահպանել: Բայց, ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում, Օնիկ Գասպարյանի՝ նախանցյալ տարվա փետրվարին տված դասը, թերեւս, ավելի համոզիչ է, քան սահմանադրական դրույթը: Համ էլ՝ վախը վատ բան է:

Գեւորգ Բրուտենց

ACNIS reView. Հայացք Երեւանից

Նիկոլ Փաշինյան իշխանություններ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին