f

Անկախ

Փաշինյանը պատրաստ է հանձնել Ղարաբաղը և երկրի հարավը Հայաստանի մնացորդների վրա ՆԱՏՕ-ի բազայի փոխարեն. Политнавигатор


Իրադարձությունները Հարավային Կովկասում ծավալվում են սրընթաց, և ելնելով Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններից՝ սպասվում է Լեռնային Ղարաբաղի վերջնական հանձնումը Ադրբեջանին: Դրանից հետո անպայման կդրվի Արցախում խաղաղապահների և Գյումրիում ռուսական ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության հարցը:

Ինչպես երևում է, նոր լայնամասշտաբ պատերազմ սկսվելու սպառնալիքը և դրան նախապատրաստվելը Բաքվում ոչ միայն վախեցրել են պաշտոնական Երևանին, այլև արագացրել են Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիայի իրականացումը, որի պայմանները նախօրոք որոշվել են անցած տարվա հոկտեմբերին Պրահայում հակառուսական շաբաշի ժամանակ:

Դա արվում է Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայումը չթողնելու նպատակով, քանի որ դա կնշանակեր հանրապետությունում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացում և Արցախի խաղաղապահների ու գոյություն ունեցող ռազմաբազայի հետ համակցված՝ կամրապնդեր Մոսկվայի դիրքերն առհասարակ Անդրկովկասում:  

Որպեսզի նման սցենար չիրականանա, որին  Երևանը նախապես՝ մարտի 20-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ համաձայնել էր, տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի վերջնական հանձնումը Բաքվի կողմից 1991 թվականի ՀԽՍՀ սահմանները ճանաչելու փոխարեն:

Դա արվում է իբր բուն Հայաստանը և հատկապես Սյունիքի շրջանը ադրբեջանական բանակով հնարավոր օկուպացնելուց փրկելու նպատակով, որտեղ Բաքուն և Անկարան նախատեսում են «զանգեզուրյան միջանցք» բացել: Դրա համար մեջտեղ եկավ հայկական վարչապետի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը այն հույսով, որ Իլհամ Ալիևը ընդառաջ կգա և կհաստատի նույնը Հայաստանի նկատմամբ:

«Ես հիմա ուզում եմ հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն: Խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր միջազգային հարաբերություններում արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետություն ենք ճանաչում 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը, ավելի կոնկրետ՝ Հայկական ԽՍՀ տարածքը, և մենք որևէ այլ երկրից որևէ տարածքային պահանջ չունենք և չենք ունենալու»,- հայտարարեց Փաշինյանն իր դիրքորոշումը խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Նա վստահ է, որ այլ տարբերակի դեպքում Հայաստանին ոչ ոք չի թողնի զարգանալ, հետևաբար և պետք է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հավակնություններից, ինչը կնշանակի չճանաչված հանրապետության վերացում՝ համապատասխան հետևանքներով տեղի հայ բնակչության համար: Ըստ էության՝ Փաշինյանը պարտադրում է հասարակական կարծիքին այդ կեղծ երկընտրանքը, որպեսզի հասնի իր նպատակին:

Նման գաղափարները, ի դեպ, լրիվ հակառակ են խաղաղ կարգավորման ռուսական պլաններին, որոնցում նախատեսվում է Արցախը, ինչպես և հայ բնակչությունը պահել խաղաղապահների պաշտպանության տակ՝ այդ խնդրի լուծումը թողնելով երկարաժամկետ հեռանկարին:

Ադրբեջանում, իհարկե, նույնպես շահագրգռված են արագ լուծել «հայկական հարցը»  և Արցախի, նույնիսկ որպես ինքնավարության, վերացման խնդիրը: Ուստի Իլհամ Ալիևն արդեն վերջնագիր է ներկայացրել՝ հայտարարելով, որ Ղարաբաղի շրջանում ապրող հայերը պետք է ընտրեն՝ «կա՛մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ բնակության այլ վայր փնտրեն»: Հաշվարկը, իհարկե, կատարվում է այն նկատառումով, որ ողջ բնակչությունը կհեռանա Ղարաբաղի տարածքից:

Ընդ որում, Երևանում համաձայն են նաև դրան, քանի որ կառավարությունում արդեն քննարկվում  են միջազգային կազմակերպություններին և արևմտյան գործընկերներին խնդրանքով դիմելու հնարավորությունները, որպեսզի օգնեն բուն Հայաստանում Ղարաբաղից տեղահանվածների համար նոր բնակավայրեր կառուցելու հարցում: Այդ մասին բաց խոսում են հանրապետության  և՛ շատ պատգամավորներ, և՛ քաղաքական գործիչներ:

Բայց մեծ հարց է, թե կգնա արդյոք նման փոխանակության Ադրբեջանի իշխող վերնախավը՝ սահմանափակվելով միայն Արցախով, չէ՞ որ պաշտոնական քարոզչության մեջ Հայաստանի շատ տարածքներ և Սյունիքի մարզն արդեն անվանում են «Արևմտյան Ադրբեջան»: Կարող է պատահել, որ Իլհամ Ալիևի զավթողականության հետագա պլանները շատ ավելի հեռուն գնան, և չճանաչված հանրապետության լուծարումը սոսկ լրացուցիչ ազդակ դառնա նոր հարձակումների համար:

Հենց այդ պատճառով էլ հայկական վարչապետը խորամանկում է՝ փորձելով նստել մի քանի աթոռների վրա և Բաքվից չստանալով վերջնական պատասխան իր առաջարկություններին՝ շարունակում է չարաշահել իր եզերքներում ՀԱՊԿ առաքելության հնարավոր տեղակայման հարցը: Նրան պետք է այդ գործոնը թե՛ որպես ապահովագրություն, թե՛ որպես Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու գործիք:

«Ոչ միայն Ռուսաստանը, այլև Հայաստանն է պատրաստ, որ ՀԱՊԿ առաքելություն տեղակայվի Հայաստանում։ Մենք մեր մտահոգությունների կամ ցանկությունների շրջանակը գծել ենք: Մեր ցանկությունն այն է, որ առաքելությունը լինի արդյունավետ: Սա կարեւոր է և՛ Հայաստանի, և՛ ՀԱՊԿ-ի, և՛ տարածաշրջանի համար:  Մենք շարունակում ենք քննարկումներն այդ ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով ՌԴ-ի՝ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու պատրաստակամությանը վերաբերող հարցին:

«Տե՛ս, եթե չհամաձայնես առաջարկված տարբերակին, Ադրբեջանի սահմանին կհայտնվեն նոր ռուսական ուժեր»,- կարծես փորձում է ասել իր գործընկերոջը Փաշինյանը:

Իսկ վախենալու պատճառ հայկական վարչապետն ունի: Չնայած Երևանի պարտվողական տրամադրությանն ու Բաքվի օգտին վերջնական կապիտուլյացիայի գնալուն՝ ադրբեջանական կողմը շարունակում է մեծացնել ուժերը: Այսպես, ըստ ադրբեջանական ընդդիմության հաղորդման, որը դեռևս ոչ ոք չի հերքել, Իլհամ Ալիևը հանձնարարել է մոբիլիզիացիայի և զինակոչի պետական ծառայության ղեկավար Մուրսալ Իբրահիմովին ձեռնամուխ լինել պահեստայինների զորահավաքին:

Դա հենց խոսում է այն մասին, որ Բաքուն չի պատրաստվում բավարարվել ձեռք բերածով, և Փաշինյանի այդ ամբողջ խաղը՝ հրահրված Վաշինգտոնից, կարող է հանգեցնել բուն Հայաստանի մի հատվածի գրավմանը և ինքնիշխանության կորստին: Դրան է տանում նաև նրա բանաձևը, թե «երկրի հետագա ճակատագիրը կախված է Անկարայի և Բաքվի հետ հարաբերություններից»: Եվ այդպիսի ազգային աղետի նախերգանքը իշխող լիբերալ վերնախավի՝ հայ-թուրքական սահմանը բացելու ցանկությունն է, թե իբր դա «պատուհան» կբացի դեպի Եվրոպա:

Բավական ճշգրիտ է այդ դեգերումների մասին ասել հայկական «Ծիծակ» տելեգրամյան ալիքը.

«Փաշինյանը անկյուն է քշվել: Նա առևտուր է անում՝ հասկանալով, որ հակառուսական հիստերիան ուժեղացնելը կարող է  դառնալ իր «կարապի երգը»: Դրա հետևանքով է Արցախը որպես փրկագին տալով փրկվելու հուսահատ փորձը: Բայց ինչպես ասվում է մի այլ երգում «нам не нужно твое золото и корона твоя из клена»: ԱՄՆ-ն Կովկաս է եկել ամբողջ Հայաստանի համար, իսկ Փաշինյանի համար նախատեսված է Ֆաուստի դերը, որը սատանային կծախի և՛ իր, և՛ Հայաստանի հոգին»:

Եվ Արևմուտքը հատուկ է տանում այս գործընթացը նման հանգուցալուծման, քանի որ Արցախի վերացումը և Թուրքիայի հետ սահմանների բացումը հնարավորություն է տալիս դուրս մղելու ռուսական ուժերը Հայաստանից և Ղարաբաղից: Չէ՞ որ կոմպրադորական վերնախավը դրանից հետո կպահանջի հեռացնել թե՛ խաղաղապահներին, որոնք արդեն ոչ ոքի և ոչինչ պաշտպանելու խնդիր չեն ունենա, թե՛ ՌԴ զինված ուժերի բազան Գյումրիում:

Իսկ «զանգեզուրյան միջանցքի» բացման վրա, որի շնորհիվ հետո Թուրքիայով դեպի Եվրամիություն կհոսեն ղազախական նավթը և Կենտրոնական Ասիայի ռեսուրսները, Բրյուսելում և Վաշինգտոնում պատրաստ են աչք փակել և անգամ համաձայնել ադրբեջանական բանակով Հայաստանի Սյունիքի մարզի գրավմանը: Դե իսկ «կայունության պահպանման» համար ՀՀ-ից մնացած տարածքում անպայման արդեն ՆԱՏՕ-ի բազաները կտեղակայվեն, և անպայման չէ, որ դրանք հենց թուրքական ուժերը լինեն:

Ցավոք, հայկական ընդդիմության ուժերը բավական չեն տվյալ ծրագրերը խափանելու, ինչպես նաև երկրում ընդվզողների կրիտիկական զանգված համախմբելու համար: Դա ցույց տվեցին 2021-2022 թթ. իրադարձությունները, և դա հիմնականում պայմանավորված է պատերազմի պարտությունից հետո բնակչության զգալի մասի բարոյազրկմամբ և պասիվությամբ, ինչպես նաև տնտեսության անկումով ու անհրաժեշտ ներուժի բացակայությամբ:

Դրան է հանգեցրել նաև այն հանգամանքը, որ  Հայաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշումը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմը ընթացել է երկար տարիներ «բազմավեկտորության ուղու» անվան տակ, և այժմ մենք տեսնում ենք սոսկ այդ գործընթացի ավարտը: Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը  Բեռլինում Շոլցի հետ հանդիպումից հետո համարձակ խստացնում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ դիմելով «գորշ ներմուծման» կանխմանը:

Այսօր Հայաստանի խորհրդարանում սկանդալներ և Փաշինյանի կողմնակիցների ու ընդդիմադիր պատգամավորների ծեծկռտուքներ են տեղի ունենում, մինչդեռ այժմ անհրաժեշտ է գործողությունների և պահանջների միասնական ծրագիր, որը կհամախմբի երկրի խայտառակ կապիտուլյացիայի և Արցախի հանձնման դեմ հանդես եկող բոլոր ուժերին: Եվ եթե հանրապետության ներսում մոտ ապագայում արմատական փոփոխություններ չլինեն, ապա ամբողջ ժողովրդի համար ներկայիս կործանարար քաղաքական ուղու ողբերգական հետևանքները անխուսափելի կլինեն:

Այնուր Կուրմանով

Աղբյուրը՝ Политнавигатор

 

Տարածաշրջան Հայաստան հայ-ադրբեջանական հակամարտություն Արցախյան հիմնախնդիր

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին