f

Անկախ

Երևի Քարվաճառի տեսարաններն են նկատի ունեցել, երբ միմյանց սկսել են մաղթել կապույտ երկինք ու կանաչ ճանապարհ․ Հայկանուշ Գրիգորյան


«Երբ մարդը մարդուն լավ բան է ցանկանում, մաղթում է կապույտ երկինք ու կանաչ ճանապարհ։ Քարվաճառի ողջ ուղին՝ սկզբից մինչև վերջ, կանաչ ճանապարհ էր՝ շրջապատված անտառներով, վեհ ու խրոխտ ժայռերով, գահավիժող ջրվեժներով։ Երբ Քարվաճառում հաստատվեցի, սկսեցի մտածել, որ մարդիկ երևի այդ տեսարաններն են նկատի ունեցել, երբ միմյանց սկսել են մաղթել կապույտ երկինք ու կանաչ ճանապարհ»,- ասում է Արցախի Շահումյանի շրջանի (Քարվաճառ) Եղեգնուտ գյուղի դպրոցի փոխտնօրեն Հայկանուշ Գրիգորյանը։

15 տարի Քարվաճառում ապրած, այնտեղ ընտանիք կազմած և տնտեսություն ստեղծած Գրիգորյանն ասում է՝ երևբևէ մտքներով չէր կարող անցնել, որ մի օր պետք է թողնեին իրենց դրախտային բնակավայրը։ Եվ հայրենազրկումից 2,5 տարի անց նա ոչ միայն չի համակերպվում կորստի հետ, այլ նաև համոզված է՝ կգա օրը, երբ Քարվաճառը նորից հայկական կլինի։

«Երբ մի առիթ է լինում, որ պետք է երազանք պահեմ, իմ շրջապատում բոլորն արդեն գիտեն՝ իմ երազանքն է հաջորդ տարի լինել Քարվաճառում,- ասում է նա։ -Հավատում եմ, որ Քարվաճառը կազատագրվի։ Եթե 90-ականներին կարողացանք ազատագրել ու 30 տարի պահել Քարվաճառը, ուրեմն մեզ ուղղակի ժամանակ է պետք այն  կրկին հետ բերելու համար։ Ես ինձ հայի հզոր գենի հետևորդ եմ համարում և վստահում եմ իմ գեներին։ Ես վստահ եմ, որ այս պահանջկոտ սերնդի շնորհիվ ոչ միայն Արցախն ենք վերականգնելու, այլ նաև Արարատի վես գագաթին  է ծածանվելու հայոց եռագույնը։ Չի կարող Տիգրան Մեծ, Հայկ, Արամ ունեցող ազգը հասնել 21-րդ դար ու ուղղակի դառնալ զոհասեղան։ Ես դրան չեմ ուզում հավատալ»։ 

Հայկանուշ Գրիգորյանը ծնունդով Արցախի մարտակերտի շրջանի Չափար գյուղից է։ Մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության մանկավարժ է։ Ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը։ Հիշում է՝ ավարտական կուրսում խնդրել է պրակտիկայի համար իրեն Արցախ գործուղել։ Այն ժամանակ ակտիվորեն վերաբնակեցվում էր Քարվաճառը, և ուսուցիչների կարիք կար։ Ուստի Գրիգորյանին գործուղել են Քարվաճառի Եղեգնուտ գյուղ, որն իր հայրենի Չափարից հեռու էր ընդամենը 34 կմ։ Գործուղումը Գրիգորյանի համար դարձավ ճակատագրական․ նա Եղեգնուտում գտավ իր կյանքի առաքելությունը․ կրթել ազգային արժեքները ճանաչող և գնահատող սերունդ, թիկունք լինել զինվորին ու պիտանի լինել հայրենիքն։ Ասում է՝ տարբեր կրթական կառույցների հետ համագործակցությունների շնորհիվ պարբերաբար Երևանում աշխատելու առաջարկներ է ստացել, բայց միշտ մերժել է, քանի որ իր տեղը հենց Քարվաճառում էր։

«Այնտեղ ամուսնացա, 3 երեխա ունեցա՝ երկու տղա և մեկ աղջիկ։ 2016-ից նաև եղել եմ դպրոցի փոխտնօրենը»,- ասում է նա։ 

Խոսելով Եղեգնուտում կյանքի մասին՝ Գրիգորյանը պատմում է, որ սկզբնական տարիներին դժվարություններ շատ են եղել։ Գյուղի վերաբնակեցումը սկսվել էր 1999-ին։ Ինքը Եղեգնուտում է հաստատվել 2005-ից։ «Սկզբնական շրջանում էլեկտրականություն չունեինք։ Հեռախոսակապ ունեցել ենք 2007-ից, իսկ համացանցը հասանելի դարձավ 2011-ից։ Սկզբում դպրոց էլ չունեինք, 3 տնակ ծառայում էր որպես դպրոց։ 2009-ից նոր միայն դպրոցի շենք ունեցանք։ Մինչև 2016-ը գյուղում կյանքը բավականին դժվար էր՝ կապված հիմնականում ճանապարհների հետ, հողից ճանապարհներ էին, անձրևների հետևանքով ջրափոսեր էին գոյանում, ասֆալտապատ որևէ տարածք չունեինք։ Բայց կյանքն այնքան հետաքրքիր ու ուրախ էր, որ հիմա հիշում եմ, ասում եմ՝ երանի այն ժամանակները։ Մինչև ծնկները ցեխոտվելով հասնում էինք դպրոց, փոխվում  ու նոր դասարան մտնում։ Բայց դա էլ իր հետաքրքրությունն ուներ»,- ասում է նա։ Պատմում է, որ 2016-ի ապրիլյանից հետո, երբ կառուցվեց դեպի Մարտակերտ ճանապարհը, Քարվաճառն սկսեց օրեցօր զարգանալ․ «Ասֆալտապատումը գրավեց մարդկանց, մեկը մյուսի հետևից սկսեցին ռեստորաններ ու հյուրանոցային համալիրներ բացել։ Կանաչապատումն ու գունավոր լույսերը բնակավայրը փոքր Փարիզի էին վերածել։ Քարվաճառն օր օրի ծաղկում էր, ու դա մեզ ավելի էր հույս տալիս, մենք մտածում էինք՝ երբեք մեր դրախտավայրից դուրս չենք գա, մարդ երբեք չի մտածի, որ կարող է այդքան արարի, կերտի ու մի օր ստիպված լինի թողնել այդ ամենն ու դուրս գալ»։

Խոսելով Եղեգնուտում կրթության որակի ու խնդիրների մասին՝ Գրիգորյանն ասում է, որ այնտեղ աշակերտները քիչ էին, հետևաբար կրթությունն էլ անհատական էր։ Դրա շնորհիվ ունեին շատ բանիմաց աշակերտներ, որոնք բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադառնում էին հայրենի գյուղ․ «Իմ աշակերտներին միշտ ուղղորդում էի, որ Երևանում կրթություն ստանան, և այնպիսի մասնագիտություններով սովորեն, որոնց կարիքը Քարվաճառում կար, որպեսզի հետո կարողանային հայրենի բնակավայր գալ ու շենացնել այն»։

«Մեր հավատը, լեզուն և հայոց պատմությունը․  ինձ համար կարևորագույնն այս երեք արժեքներն են, որն էլ փոխանցել եմ աշակերտներիս։ 11 կմ հեռավորության վրա էին դիրքերը մեր գյուղից։ Քաջ գիտակցում էի, որ զինվորը, որ 11 կմ հեռավորության վրա սահմանին ծառայում է, ծառայում է, քանի որ գիտի, որ իր հետևում ապրում է մի ամբողջ Քարվաճառ իր 16 գյուղերով, ում համար ինքը դիրք է պահում, ում համար ինքը ծառայում է՝ պահելով իր քրոջ, մոր, ուսուցչի, հարազատների անդորրը։ Իմ աշակերտները բանակից վերադառնում էին պատվոգրերով ու շնորհակալագրերով»,- ասում է նա։

Հիշելով պատերազմի մեկնարկը՝ Գրիգորյանը պատմում է, որ 2020-ի սեպտեմբերի 26-ին վերջնական դասացուցակը գրել էր պաստառի վրա, որ երկուշաբթի դպրոց տաներ ու փակցներ պատին։ «Բակումս խաղաղի վազ ունեի, այդ տարի առաջին անգամ շատ առատ բերք էր տվել։ Տեգորս կնոջ հետ միասին որոշեցինք  առավոտյան 8-ին վեր կենալ, որ հասցնենք խաղողի կեսը քաղել, մնացածն էլ կեսօրից հետո կքաղեինք, որ գինի քաշեինք։ Բայց առավոտյան 7-ն անց  աշակերտներիցս մեկը, որ զորամասում էր ծառայում, զանգեց  ու ասաց, որ պատերազմ է սկսվել, երեխաներին արթնացնեմ ու իր հարազատներին էլ տեղյակ պահեմ»,- հիշում է նա՝ հավելելով, որ մինչ այդ կիսաքուն վիճակում աղմուկ էր լսում և կարծում, որ հարևանը փայտ է գնել, մեքենայից դատարկում է։ 

«Քարացել էի։ Երկու ժամ կրակոցներ էին։ Հետո ինքս ինձ ասացի, որ ապրիլյանի պես պատերազմ կլինի։ Ամուսինս զինվորական էր։ Զանգեց և ասաց՝ մինչև գյուղը չհրետակոծեն, հանկարծ դուրս չգանք։ Ժամը 3-ի կողմերը մեր գյուղի ուղղությամբ ռումբ ընկավ, սկսեցին հրետակոծել գյուղը, գյուղացիներից մեկը վիրավորվել էր, դա պատճառ դարձավ, որ գյուղից դուրս գանք»,- պատմում է նա՝ հավելելով, որ գյուղից հեռացել է ինքն իր երեք երեխաներով։ «Պատերազմի ողջ ընթացքում  սկեսուրս եղել է հայոց բանակի ու զինվորի կողքին և դուրս է եկել միայն նոյեմբերի 25-ին ռուս զինվորների ուղեկցությամբ։ Տալիս 20-ամյա աղջիկն էլ, որ բժշկականի ուսանող էր, կամավորագրվել էր՝ վիրավորներին առաջին բուժօգնություն ցույց տալու համար»,- հիշում է նա։

Ասում է՝ պարտությունն իր համար անսպասելի էր․ «Մերը զինծառայողների ընտանիք էր, զորամասի հետ էլ սերտ համագործակցում էր դպրոցը, ուստի  մենք  միշտ իմացել ենք, որ Քարվաճառն ամուր է ու անառիկ, ու մի մետր հող չի զիջելու մեր զինվորը։ Այդպես էլ եղավ։

Ես 44 օր պարկերից հագուստ չեմ հանել՝ համոզված լինելով, որ հետ ենք գնալու, որովհետև մենք մեկ մետր տարածք չենք զիջել ու անհնար է վերցնել ու արյունով պահված  հողը նվիրել թշնամուն։ Սեպտեմբերի 27-ից ծանր ինձ համար եղել է նոյեմբերի 9-ը։ Այդ օրը երևի մենք բարոյական մահ տարանք»։ Գրիգորյանը  ոչ իր տանը, ոչ հայրենի Եղեգնուտին մնաս բարով չի ասել։ «Եթե Եղեգնուտին մնաս բարով ասեմ, ես պիտի իմ ամբողջ ապրած կյանքի վրա  ուղղակի խաչ քաշեմ, համարեմ, որ չեմ ապրել»,- ասում է նա և պատմում, որ վերջին անգամ ամուսնու և 3 երեխաների հետ Եղեգնուտում եղել է նոյեմբերի 24-ին։ Ոչ իրենց տունն են այրել, ոչ էլ անգամ բակի խաղողի վազը կտրել՝ համոզված լինելով, որ մի օր վերադառնալու են։  «Սկզբում ծանր տարա թալանի իրողությունը, բայց հետո թեթևացած զգացի, որ հայն է տարել, թշնամուն չմնաց»,- ասում է նա։

Խոսելով 2020-ի և 2016-ի պատերազմների տարբերությունների մասին՝ Գրիգորյանը պատմում է, որ 2016-ին հայ զինվորն արեց անհնարինը և թշնամուն 4 օրում ոչնչացրեց ավելի շատ, քան անգամ 2020-ին։ «Մենք հատուկ միջոցառմամբ ենք դիմավորել դիքերից իջնող  հաղթանակած  զորքին, սկեսուրս անգամ երինջ էր մորթել ու տվել զորամասին,- հիշում է նա։ Որ ասում են՝  զենք չենք ունեցել, դա էլ է անիրական։ Մենք կարողացանք այդ «ժանգոտած» զենքերով ապրիլյանին անել անհնարինը, իսկ վերջին պատերազմից առաջ այդքան զենք  էինք ձեռք բերել ու դրանով չկարողացանք 44 օրվա մեջ թեկուզ թուրքի մի ենթակառուցվածք  վնասել։ Ինձ համար դա տարօրինակ ու անհասկանալի է։ Ես  ավելի շատ մտածում եմ, որ դա եղել է անկազմակերպ պատերազմ, որ չեն պատկերացրել իրականությունը, չեն պատկերացրել թշնամու թիրախը որ կողմում է։ Օրինակ՝ փեսաս Շուշիի մարտերին է մասնակցել ու ծանր վիրավորվել։ Նա պատմում է, որ չգիտեին, թե ով է հրամանատարը, որ կողմում է թշնամին և որ կողմում մերոնք»։

Գրիգորյանն իր ընտանիքով հայրենազրկումից հետո ապաստանել է ՀՀ տարածքում։ Բայց նրա  հարազատները ներկայում Արցախում են՝ շրջափակման մեջ։ Ասում է՝ նրանք էլ հաստատակամ են, որ Արցախը հայկական է մնալու։ «Ասում են՝ եթե պետք է մորթվենք, ապա թող այստեղ լինի դա։ Իրենք որևէ նպատակ չունեն Արցախը լքելու ու այդպես շատ-շատերը»։

Խոսելով ապագայի մասին՝ Գրիգորյանն ասում է, որ ամեն բան անորոշ է։ «Չեմ պատկերացնում, թե ինչ է լինելու ու չեմ էլ ուզում մտածել, սարսափում եմ խոսակցություններից, որ հնարավոր է Սյունիքը տան, չեմ ուզում հավատալ, որ կարող է նաև դրան հասնենք։ Բայց նաև ինքս ինձ ասում եմ՝ դու չէիր հավատում, որ մի օր Քարվաճառը կհանձնեն։ Չգիտեմ։ Մի տեսակ անտարբերություն, հարմարվողականություն եմ տեսնում հայերիս մոտ։ Կարծես մեզ համար սովորական է դարձել մարդկային կորուստը, որ մեզ համար սովորական է, որ մի օր այս գյուղը կտան, մյուս օրն այն մյուս գյուղը կտան,- ասում է նա։- Ամեն դեպքում, եթե կարողացել ենք անհիշելի ժամանակներից մեր ուժի ու միասնականության շնորհիվ հասնել 21-րդ դար, չեմ ուզում հավատալ, որ մի օր այդ ճանապարհը կկտրվի, որ դարերի պայքարի արդյունքում ձեռք բերված պետականությունը կորցնելու փաստի առաջ կկանգնենք մի օր»։

 

Քարվաճառ կորսված հայրենիք Արցախ 44-օրյա պատերազմ Ապրիլյան պատերազմ խմբագրի ընտրանի հայրենիք կրթություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին